Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներին մաքսակետերում էլ կֆիքսեն

Սեպտեմբեր 18,2017 15:00

Վահան Մարտիրոսյանը` կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում կատարվող փոփոխությունների մասին

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ տարի առաջ ստանձնելով պաշտոնը՝ խոսեց միջպետական եւ միջմարզային ուղեւորափոխադրումների վատ որակից, ասաց, որ դաշտը պետք է կանոնակարգվի, նաեւ պետք է լուծվի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների հարցը:

Շաբաթներ առաջ կրկին ականատես եղանք մի խոշոր ավտովթարի, ինչի արդյունքում Հայաստանի 5-6 քաղաքացի ծանր վիճակում, կոտրվածքներով տեղափոխվեցին Վրաստանի Քութայիսի հիվանդանոցներ: Այս դեպքից առաջ կրկին մի ավտոբուս էր վթարի ենթարկվել` կրկին վտանգի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը: Քութայիսի վթարից օրեր անց էլ կրկին Վրաստանի տարածքում վթարի էր ենթարկվել Երեւանում գրանցված, Ռուսաստանի Դաշնություն ուղեւորներ փոխադրող մի ավտոբուս: Այս միջադեպի արդյունքում էլ մարդիկ էին զոհվել, ավտոբուսի ուղեւորներն էլ տեղափոխվել էին հիվանդանոց: Քութայիսում տուժած քաղաքացիների խոսքերով՝ այդ քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մեկ օր պառկելու վճարը եղել է 200 հազար դրամ: Իսկ մեր քաղաքացիները օրերով պառկել են այդ բաժնում:

Նման դեպքերում ինչպե՞ս եւ ո՞վ պետք է փոխհատուցի տուժած ուղեւորների ծախսերը, պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում, եթե վթարի ենթարկված փոխադրամիջոցն անգամ ԱՊՊԱ արած չի եղել եւ իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում՝ «Առավոտի» այս հարցերին Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ պետությունը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եւ որ մասնավոր ընկերության վրա է ընկնում պատասխանատվության հարցը:

Նախարարի խոսքով՝ վթարը կարող է պատահել երկու դեպքում էլ` ե՛ւ կանոնավոր ուղեւորափոխադրողի, ե՛ւ ոչ կանոնավորի. «Իհարկե, ոչ կանոնավորի դեպքում հավանականությունն ավելի մեծ է, իրենք ուղեւորվում են մեկ վարորդով, տեխզննում ու բժշկական քննություն չեն անցնում: Իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումներից պահանջվում է, որ ունենան մի քանի վարորդ տեխնիկական զննություն ու բժշկական քննություն անցնեն: Բայց մենք հիմա փոփոխություններ ենք կատարում, համաձայն որոնց՝ ուղեւորափոխադրումները պետք է անպայման ապահովագրված լինեն, եւ ընկերությունները ցանկացած իրենց ուղեւորափոխադրումը պետք է ապահովագրեն, որպեսզի ապահովագրական ընկերությունները ծածկեն այդ ծախսերը»:

Պարոն Մարտիրոսյանը բոլոր ուղեւորներին հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղեւորափոխադրումներից: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս պետք է ուղեւորը տարանջատի կանոնավորը ոչ կանոնավորից, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ` կանոնավոր ուղեւորափոխադրողները բոլորը շարժվում են ավտոկայաններից, ինչը պարտադիր պայման է»:

Մեր այն հարցին էլ, թե նախարարությունը, որը ոլորտը վերահսկող մարմին է, տեղյակ չի՞ լինում, որ գոյություն ունեն այդպիսի փոխադրողներ, որոնք շահույթներ են ստանում մարդկանց կյանքի հաշվին, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Վերահսկող մարմինն իմանում է, եւ բոլորի վրա անխտիր տույժ ու տուգանք է կիրառվում»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե տույժ ու տուգանքը վճարում է եւ կրկին ուղեւորափոխադրումը կատարում` վտանգելով մարդկանց կյանքը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Արգելել չենք կարող, միայն տույժ ու տուգանքի միջոցով կարող ենք կարգի հրավիրել»:

Նախարարի տվյալով՝ առաջին անգամ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում կատարողը տուգանվում է 450 հազար դրամով, խախտումը կրկնելու դեպքում` 900 հազարով: Նախարարի համոզմամբ՝ տուգանքը բավականին բարձր է, որպեսզի «տնտեսվարողը» կրկին գնա այդ քայլին:

Նախարարն ասաց, որ այս ոլորտին առնչվող փոփոխությունները մշակման փուլում են: Ասում է` ամեն տեղ չէ, որ կարող են ուղեւորափոխադրումների վաճառել՝ կլինի տոմսերի էլեկտրոնային վաճառք, բացի այդ, Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին սահմանային վերահսկողություն են իրականացնելու:

Մեր այն դիտարկմանը, թե այդ գործիքները ներդնելով՝ նաեւ նպատակ է հետապնդվում ոլորտը ստվերից հանելու, որքա՞ն է գնահատվում ստվերն այս ոլորտում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նման թվեր չունեն, եւ որ ուսումնասիրում են:

Ինչ վերաբերում է կանոնավոր ուղեւորափոխադրումներին, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ արդեն դրանցից մի մասում

թվային տախոգրաֆներ են տեղադրվել, որոնք ցույց կտան, թե վարորդը քանի ժամ է ավտոմեքենան վարել: Նախարարի խոսքով՝ ամեն վարորդ իրավունք ունի օրվա ընթացքում վարելու ութ ժամից ոչ ավելի, այն էլ` հանգստանալով. «Տախոգրաֆները վերահսկում են, թե որ վարորդը որքան է վարում, այսօր միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներում դրանք տեղադրված են: Այդ ամենը ոչ միայն մեր կողմից է վերահսկվում այլեւ, եթե ավտոբուսն ուղեւորվում է Ռուսաստանի Դաշնություն, դա երեւում է նաեւ Վրաստանում եւ Ռուսաստանում: Այսինքն` վարորդը էլեկտրոնային համակարգով վերահսկվում է` ինչքան վարեց»:

Դա խախտելու դեպքում էլ նախարարն ասաց, որ բարձր տույժ ու տուգանքներ են նախատեսվում: Նախարարը բացառեց համակարգին խաբելու կամ կեղծելու տարբերակները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930