Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ. «Հայաստանում օրենքով գողերը մեր իրավիճակին, անվտանգությանը չեն սպառնում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Հաղորդման թեման է՝ Հայաստանում վերջին շրջանում քրեական տարրերն  ակտիվացել են, եւ արդյոք համարժե՞ք են իրավապահ մարմինների գործողությունները:

Նելլի Բաբայան.- Նախօրեին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ, հրազենից սպանություն տեղի ունեցավ, կա նաեւ մեկ վիրավոր: Սրանից առաջ էլ Էջմիածնում դարձյալ հրազենից սպանություն է եղել, վերջերս էլ Շամիրամ գյուղում սգո սրահում եւս կրակահերթից սպանություն եղավ: Մամուլը գրում է, որ այս դեպքերը քրեական տարրերի միջեւ տեղի ունեցող երեւույթներ են: Իրավապաշտպանները բազմիցս հայտարարում են, որ չկա վստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, եւ քրեական տարրերը սերտաճել են իշխանությունների հետ, հետեւաբար ոստիկանության ձեռքերն ազատ չեն: Մեղադրանքներ են հնչում, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն պայքարել քրեական հեղինակությունների դեմ:

Հովհաննես Քոչարյան.- Ես չգիտեմ՝ ովքեր են ասողները:  Այնպես չէ, որ ոստիկանությունը քննադատության թիրախ է միանշանակ: Այո, անժխտելի է, որ Հայաստանում կա քրեական ակտիվություն: Իսկ դա արդյո՞ք հետեւանք է ոստիկանության անգործության, թե՞ ոչ,  այստեղ արդեն պետք է վերլուծական եւ փորձագիտական փաստարկներով խոսել: Կարելի է խոսել իրավապահ մարմինների անգործության մասին, եթե նման հանցագործության դեպքերը որեւէ կերպ փոխում են Հայաստանի Հանրապետության հանցավորության քանակական եւ որակական վիճակը: Այն, ինչ կատարվում է ԶԼՄ-ների մատուցման շնորհիվ, մեր փոքր հասարակությունում շատ վատ արձագանք է ստանում: Որ ժողովուրդը անհանգստանում եւ տագնապում է՝ շատ օրինաչափ է: Բայց ասել, թե իրավիճակը դուրս է եկել ոստիկանության վերահսկողությունից, սա չափազանցված մեղադրանք է:

Ն. Բ.– Թուֆենկյանի մոտ միջադեպի մասնակիցները 2015 թվականին էլ նման միջադեպերի մասնակից են եղել, կրկին զոհ է եղել: Ի՞նչ գործողություններ է արել ոստիկանությունը՝ զսպելու նրանց, որպեսզի դեպքը չկրկնվեր:

Հ. Ք.- Ոչ միայն 2015 թվականին, այլեւ 2009-ից այս հանցավոր խմբի առանձին անդամներ մեկը մյուսի նկատմամբ սպանության փորձեր են կատարել, եւ շատ հաճախ դրանք պսակվել են հաջողությամբ՝ իրենց չափանիշներով: 2009-ից սկսած՝ ոստիկանության աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարած բոլոր անձինք  ձերբակալվել են եւ ենթարկվել քրեական պատասխանատվության: 2015-ին Վահագն Աբգարյանի հետ կապված, այո, նա հարձակման էր ենթարկվել, կատարողը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Բայց ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ նա հայտնաբերվեց եւ կանգնեց դատարանի առջեւ:

Փաստական հանգամանքներ բերեմ՝ Հայաստանում այս տարվա ընթացքում այսօրվա դրությամբ գրանցվել է 12 հազար 726 հանցագործություն: Առանձնապես ծանր հանցագործության՝ 125 դեպք, 2016-ին՝ 149 դեպք էր: Բացահայտվել են 103-ը: Գրանցված ընդհանուր հանցագործությունների կազմում առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը մեկ տոկոս է: Եվ այս ցուցանիշը վերջին մի քանի տարիներին չի փոխվում: Կտրուկ փոփոխություններ ծանր հանցագործությունների մասով չկա: Եթե գանք այն տրամաբանությունից, որ նման դեպքերը ոստիկանության վատ աշխատանքի արդյունքն են, ուրեմն այս դեպքերի նվազման եւ բացահայտման ցուցանիշների բարձր լինելով՝ պիտի ասվի, որ սա ոստիկանության հաջող աշխատանքն է: Հայաստանն ԱՊՀ երկրների տարածքում ամենացածր ցուցանիշներն  ունի սպանությունների վիճակագրությամբ: Մի փոքր զիջում ենք Տաջիկստանին: Սա ՄԱԿ-ի միջազգային փորձագետների տվյալներն են: 100 հազար բնակչի կտրվածքով ՀՀ-ին բաժին  է ընկնում 1.8 հանցագործություն՝ սպանություններ, սա 5 անգամ ավելի ցած է միջազգային ցուցանիշներից:

Դանիել Իոաննիսյան.- Նախորդ տարվա ժամանակահատվածի մեջ մտնում է նաեւ ՊՊԾ գնդում եւ դրա շուրջ տեղի ունեցած դեպքերը՝ անկախ նրանից, թե հիմա մենք ոնց կվերաբերվենք այդ դեպքերին:

Ն. Բ.- Խնդիրը գողականների դեմ պայքարն է, սա են նշում իրավապաշտպանները: 

Դ. Ի.– Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ օպերացիա արեց ոստիկանությունը սուպերմարկետից պեչենի գողացողի դեպքում: Բայց միաժամանակ խնդրահարույց է ոստիկանության նման դեպքերի արձագանքումը: Տեղի է ունեցել հրազենով սպանություն, մարդը փողոցում սկսել է հրազենից կրակել: Ինչպիսի՞ն է ոստիկանության առաջին արձագանքը, ինչպիսի՞ն է այդտեղ մոտիկ գտնվող ոստիկանների արձագանքը: Ինչքա՞ն ժամանակում են գալիս ոստիկանության ուժերը դեպքի վայր:

Հ. Ք.- Պարոն Իոաննիսյան, ի՞նչ արձագանքի մասին եք խոսում, չեմ հասկանում: Պեչենու դեպքը չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես տպավորվել ձեզ մոտ: Դրանից առաջ ծանր հանցագործության դեպքեր բացահայտեց ոստիկանությունը, այդ թվում նաեւ եզդի համայնքում կատարվածը, չգիտեմ ինչու՝ դրանց մասին չեք ուզում խոսել: 2009 թվականի դեպքերի մասին, որ ասում էի, բոլորն էլ իրենց չափանիշներով հեղինակավոր մարդիկ են: Բոլորը կանգնել են դատարանի առջեւ: Պնդել, որ ոստիկանությունը գողականներին ձեռք չի տալիս, որովհետեւ նրանք իշխանության հովանավորյալն են, ներողություն, ես չեմ կարծում իրեն հարգող իրավապաշտպանը նման միտք ասի: Կենցաղային, հուզական գնահատական է եւ ուղղված է լայն սպառման համար: Էդ՝ «գողականով ոստիկանությունը կաշկանդված է»,  դա հակաոստիկանական հերթական քարոզչությունն է:

Դ. Ի.- Ես կհիմնավորեմ հակառակը: Բայց ինչ վերաբերում է ոստիկանության արձագանքին, ես չեմ հիշում մի դեպք, երբ փողոցում ոստիկանությունը հրազեն կիրառողին տեղում չեզոքացրել է:

Հ. Ք.- Իսկ դուք գիտե՞ք որքան ժամանակում պետք է գա:

Դ. Ի– Բրյուսելում ոստիկանը տեղում վնասազերծել է ահաբեկչին: Հայաստանում ոստիկանները տեղում հանցագործություններին արձագանքելու լուրջ խնդիր ունեն: Ես ականատես եմ եղել, որ կնոջը ծեծում էին, զանգահարեցինք ոստիկանություն, որը  30 րոպեից էլ ուշ եկավ, երբ ոստիկանությունը մոտ էր: Օրենքով գողերի պետական քաղաքականության մասին՝ Վրաստանում օրենքով գող լինելը քրեորեն հետապնդելի արարք է: Հայաստանում նման նորմ չկա: Վերջերս էլ սկանդալ եղավ ոմն Ռուբեն Թաթուլյանի հետ, որը օրենքով գողերի շրջապատից է, եւ պարզվեց, որ Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի: Երբ Չեխիայում իրավապահները փորձում էին ձերբակալել օրենքով գողերին սխոդկայի ժամանակ, ինքը պաշտպանվեց ՀՀ դիվանագիտական անձնագրով:

Հ. Ք.– Ի՞նչ եք ուզում դրանով ասել՝ օրենքով գողերը ոստիկանության հովանավորության տա՞կ են:

Դ. Ի.– Ես ընդգծեցի, թե ինչպիսին է պետական քաղաքականությունը օրենքով գողերի հանդեպ:

Հ. Ք.- Ի՞նչ եք հասկանում օրենքով գողերի նկատմամբ պետական քաղաքականություն ասելով, էդ կատեգորիաները որտեղի՞ց եք գտնում, սա ի՞նչ տերմին է:

Դ. Ի.– Կա պետական քաղաքականություն Վրաստանում օրենքով գողերի նկատմամբ, ես չասացի, որ դա իրավական քաղաքականություն է:

Հ. Ք.– Վրաստանի օրինակը մի բերեք, դա շատ ծիծաղելի օրինակ է: Վրաստանում հանցավոր գողերի առկայությունը՝ թվաքանակով եւ ոստիկանության, անհամեմատելի են: Երբեք Հայաստանը Վրաստանի կրիմինալ սիտուացիան չի ունեցել: Մեզ մոտ օրենքով գողերը երբեք իրավախախտումների մեջ չեն ունեցել այն դերակատարումը, ինչ որ ունեցել են Վրաստանում: Պատահական չէր, որ պետությունը օրենքը խստացրեց, որ այդ արատավոր երեւույթից ազատվի, որովհետև իրավիճակն այդպիսին էր, եւ ադեկվատ որոշում էր կայացվել: Հայաստանում հասարակությունը նման մարտահրավերների առջեւ կանգնած չէ: Օրենքով գողերը մեր իրավիճակին, անվտանգությանը չեն սպառնում: Մենք չունենք այդ խնդիրը:

Դ. Ի.- Ո՞նց չունենք այդ խնդիրը, քրեական հեղինակությունները երեկ են կենտրոնում  ավտոմատով իրար վրա կրակել:

Հ. Ք.– Ուրեմն քրեական հեղինակությունը ինքը եւս կատեգորիա է եւ իր հասկացողություններն ունի: Դուք ձեր թաղում ինչ-որ մարդիկ եք տեսել ու քրեական հեղինակությունների հետ եք խառնում, այդպես չէ:

Ն. Բ.- Մամուլը պարբերաբար գրում է, որ քրեական հեղինակությունները Հայաստան են գալիս գողական «սխոդկաների», ազատ գնում-գալիս են, բայց ոստիկանությունը ոչինչ չի անում:

Հ. Ք.- Խոսը գնում է բռնի հանցագործների մասին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են բռնի հանցագործություններն ակտիվանում: Ցավոք սրտի, բռնությունը հարցերի լուծման միջոց է՝ տնտեսական հարաբերություններում, քաղաքական հարաբերություններում, միջանձնային հարաբերություններում, ընտանեկան հարաբերություններում, եւ սա հարցի լուծման ամենաէֆեկտիվ միջոցն է նման աշխարհայացք ունեցող մարդկանց համար: Այսինքն՝ դրա պահանջարկը միայն հարց լուծելու էֆեկտն է: Այս մարդիկ, որ իրար փողոցում գնդակահարում են, նպատակը միմյանց հետ հարցերի պարզաբանումն է:

Ն. Բ.Դուք թողնում եք իրենք իրենց մաքրե՞ն:

Հ. Ք.- Եթե մենք թողնեինք իրենք իրենց մաքրեն, միգուցե հանցավորությունը կրճատվեր: Բայց, ցավոք սրտի, օրենքով այդպիսի իրավասություն մենք չունենք:

Զրուցեց ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930