Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում ռուսական կողմի ագրեսիան մեր հանդեպ»․ քաղաքագետը՝ ռուսերենի դասավանդման հայեցակարգի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 19:30

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կրթության և գիտության նախարարության կողմից ռուսաց լեզվի դասավանդման առանձին հայեցակարգի մշակումը կատարվում է պաշտոնական Մոսկվայի թելադրանքով։

«Նախ ինձ շատ զարմացնում է ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, երբ պաշտոնական Մոսկվան մեզ ուղղակիորեն պարտադրում է ռուսերենն ընդունել որպես Հայաստանի համար կարևորագույն շփման միջոց կամ լեզու։ Հիշում եք ԵՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարարը մի անգամ հայտարարեց, թե ռուսաց լեզուն բոլոր տեղերում պետք է ընդունվի որպես պետական լեզու։ Հիմա մեզ այլ կերպ են պարտադրում, չեն կոնկրետացնում, թե օրենքով ընդունեք, բայց միևնույն ժամանակ եթե ռուսերեն լեզվով համապատասխան առարկաներ են դասավանդվում դպրոցներում, դա նշանակում է, որ ռուսաց լեզվի դերակատարությունը կրկնակի, եռակի մեծ նշանակություն է ստանում։

Հիմա ինձ հետաքրքրում է մի բան, ինչո՞ւ հենց Հայաստանում, որովհետև թե՛ Բելառուսում, թե Ղազախստանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ։ Դա պատմականորեն է գալիս, որովհետև ռուսաց լեզուն այդ երկրներում շատ վաղուց է օգտագործվում, և ռուսական համայնքներն այդ երկրներում եղել են բավական մեծաթիվ։ Նախ` Ղազախստանի բնակչության 24 տոկոսը ռուսներ են, այսինքն 18 միլիոնից մոտավորապես 3 միլիոն 700 հազարը ռուսներ են։

Նախկինում Ղրղըզստանը, Տաջիկստանը ևս զարգացել են ռուսների շնորհիվ, այդ հետամնաց միջինասիական հանրապետությունները խորհրդայնացվելուց հետո գրեթե զարգացում չեն ունեցել, և Ռուսաստանից եկած մասնագետներն են մեծ ներդրում ունեցել։ Ճիշտ է՝ հիմա Ղրղըզստանում մոտ 70-80 հազար ռուս է ապրում, բայց ժամանակին 600-700 հազար են ապրել։ Եվ այս երկրները, լինելով բազմազգ հանրապետություններ, ռուսերենն այս երկրներում օգտագործվել է որպես ազգերի միջև հաղորդակցման լեզու։

Ասեմ ավելին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վերջին որոշմամբ 2022 թվականից Ղազախստանը հրաժարվում է կիրիլիցայից և անցնում լատինատառ այբուբենի։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ռուսաստանում հիստերիա չեն բարձրացնում այս առումով։ Ի դեպ, Ադրբեջանում ռուսաց լեզվին մեծ ուշադրություն դարձնելու մասին հայտարարող ռուս պաշտոնյաները մոռանում են, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հենց Ադրբեջանն է առաջինը հրաժարվել կիրիլիցայից, իսկ ռուսների թիվը, 1989 թվականի մարդահամարի տվյալներով, եթե նախկինում 500 հազարից ավել էր, ապա այժմ «ռուսասեր» Ադրբեջանում բնակվում է լավագույն դեպքում 100 հազար ռուս»։

Մեր զրուցակցի ասելով, Հայաստանում ռուսերեն լեզվի կարգավիճակի բարձրացման անհրաժեշտություն ամենևին չկա, քանի որ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանն այն եզակի հանրապետություններից է եղել, որտեղ, ի տարբերություն մեր հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, ռուսերենը շատ չի կիրառվել։

«Հիմա Հայաստանում ընդամենը 11 հազարից ոչ ավել ռուս է ապրում, նրանք 4-րդ տեղում են իրենց քանակով հայերից, եզդիներից, ասորիներից հետո։ Ի՞նչ կարիք կա ռուսաց լեզվին այսքան շատ մեծ դերակատարություն տալ։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ գլոբալացման և տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում լեզվաիմացությունը շատ կարևոր է, Գյումրիում ասում են չէ՞ Բավրայից ու Սադախլուից այն կողմ հայերեն չեն խոսում։ Եթե մենք այդքան շատ կարևորություն ենք տալիս ռուսաց լեզվին, մենք պետք է հասկանանք, որ այլ տեղերում ևս Սփյուռք ունենք։ Մենք Սփյուռք ունենք Ռուսաստանում, որտեղ ապրում են 2,5 միլիոն հայ, եթե աշխարհում կա 11 միլիոն հայ, 3 միլիոնը Հայաստանում, 2,5 միլիոնը Ռուսաստանում, մոտավորապես 5 ու կես, 6 միլիոն հայ դրսում է ապրում։

Եթե մենք ուզում ենք շփվել բոլորի հետ, եկեք ռուսաց լեզվի հետ մեկտեղ նաև անգլերենին, ֆրանսերենին մեծ կարևորություն տանք։ Լեզուների կիրառման աղյուսակում ռուսերեն լեզուն աշխարհում 6-րդ տեղում է, առաջին տեղում անգլերենն է, երկրորդը՝ ֆրանսերենն է։ Հասկանում եմ մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեծ Սփյուռք ունենք Ռուսաստանում, բայց միայն մեկ միլիոն հայ ունենք միայն ամերիկյան մեկ քաղաքում՝ Լոս-Անջելեսում, մոտ 1 միլիոնանոց համայնք ունենք Ֆրանսիայում։ Բերեք նաև արաբերենին շատ մեծ նշանակություն տանք, մենք ահռելի մեծ համայնք ունենք արաբական երկրներում՝ Լիբանան, Հորդանան, Եգիպտոս, Սիրիա․․․ Չի կարելի էսպես, սա անտրամաբանական քայլ է։ Ես չեմ հասկանում ռուսական կողմի ագրեսիան մեր նկատմամբ։ Երևում է ռուսները մեր հաշվին ուզում են ինքնահաստատվել», -ասում է Գագիկ Համբարյանը։

Մեր զրուցակցի ասելով, պաշտոնական Մոսկվան տնտեսական էքսպանսիայից՝ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները սեփականաշնորհելուց հետո, հիմա էլ անցել է քաղաքական էքսպանսիայի։ Ըստ Գագիկ Համբարյանի, այսպես շարունակվելու դեպքում վտանգ կա, որ ռուսները շուտով կանցնեն մշակութային և հոգևոր էքսպանսիայի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Խորհրդային տարիներին Երևանը ամենառուսականացված մայրաքաղաքն էր՝ամենուրեք ռուսերեն էին խոսում և իրենց բարձր կարգի ,,դաս,,կարծում:Յոթանասունականներին Կիևում երկու ամիս մնացել եմ և ոչմի ռուսերեն ցուցանակներ խոշոր տառեով չկային,տրանսպորտում հաղորդումները միայն Ուկրաիներեն էր,իսկ Երևանում ընդհակառակը…:Մյուս կողմից,բրիտանացիներն էլ մեզ քիչ վնասներ չեն տվել,ինչու նրանց լեզուն պետք է սովորենք և այլն:Ավելի նպատակահարմար է պարսկերեն,թուրքերեն,վրացերեն սովորել՝մեր հարևաների լեզուն իմանալ,նրանց հետ շփումները զարգացնել…..,իհարկե հայերենը Երևանի ժարգոնից պետք է մաքրել…

  2. Լավատես says:

    Հայտնի միտք կա, ասում է՝ խելոք մարդիկ քննարկում են գաղափարներ, միջակները քննարկում են իրադարձություններ, իսկ մանր մարդիկ քննարկում են մարդկանց, կարելի է նույնն ասել պետությունների մասին՝ խելքը գլխին պետությունները քննարկում են համատեղ օրենքներ, որոնց ընդունումից ամեն մեկն իր երկրում աշխատում է այն գործող օրենք դարձնել, միջակ երկրները իրադարձություններից ելնելով պատեհապաշտական փոխզիջողական բանակցություններ են անցկացնում, դե ախմախներն էլ անում են էն, ինչ իրենց ՝վերեւից՝ հրամցնում են՝ գլուխ ցավացնելով, թե սա մեզ բարեկամ է, իսկ էս մյուսը՝ մեր թշնամին: Մեր բարեկամը նա է, ում գործող օրենքները համընկնում են մեր գործող օրենքների հետ, իսկ թշնամին նա է, ում հետ մեր գործող օրենքները չեն բռնում: Մեր քաղաքական գործիչները եթե որեւէ այլ պետության հետ ուզում են հարաբերություններ ունենալ, պետք է սկզբից այդ պետությանը բանակցությունների ժամանակ առաջարկվող համատեղ օրենքը ՝փորձարկեն՝ մեր պետության ներսում, պարզեն թե որքան արդյունավետ է այն գործում սեփական քաղաքացիների մոտ, հետո նոր առաջարկել այն այլ պետությանը: Կարճ ասած՝ եթե մենք հայ պետություն ենք, ուրեմն բոլոր պետությունների հետ՝ լավ թե վատ, բարեկամ թե թշնամի, խոսել միմիայն Գործող Օրենքի լեզվով:

  3. Կարեն Գրիգորյան says:

    Կարծում եմ այս հարցում հարկավոր է դիմել պատասխան քայլի։ Ռուսաստանում բնակվում է մոտ 2,5-3 մլն. հայ։ Այդ երկրի բնակչության գրեթե 2%։ Արժե պահանջել, որպեսզի հենց Ռուսաստանում Հայոց Լեզվին պաշտոնապես հատուկ կարգավիճակ շնորհեն։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930