Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է հայկական թեմայով մյուզիքլ ստեղծվի սառույցի վրա

Սեպտեմբեր 20,2017 14:00

Նաեւ որոշ մանրամասներ Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի սկանդալից

Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի ու տոմսերի վերադարձի հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել: Այն հասել էր  մինչեւ ՀՀ Ազգային ժողով ու դրանով զբաղվել են ՀՀ իրավապահ մարմինները: Օրերս Հայաստան էր եկել մոսկովյան Forpostart production-ի եւ երեւանյան «Շոուսթար» ՍՊԸ-ի տնօրեն Զառա Մխեյանը, որի անվան հետ էլ առնչվում է պատմությունը:

«Առավոտը» նրանից հետաքրքրվեց` ի վերջո վերադարձվելո՞ւ են տոմսերի գումարները, եթե այո, ապա ե՞րբ: Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ գործը դեռեւս դատական փուլում է: «Մոսկվայի արբիտրաժային դատարանի 07.08.2017թ.-ի որոշմամբ՝ Глобальные коммуникации ընկերությունը ընդդեմ Radiorama s.r.l. հայցով դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ լսումը տեղի կունենա 2018թ. փետրվարի 5-ին: Հետեւաբար Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգային ծրագրի տոմսեր գնած քաղաքացիներին դրամական փոխհատուցման հերթական փուլը կիրականացվի հետաձգված դատական նիստից հետո` 2018թ. մարտին։ Մեր կազմակերպությունը ևս հանդիսանում է տուժող կողմ, և Глобальные коммуникации ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում կրել է մեծ վնասներ։ Էրոս Ռամազոտիի համերգային ծրագրի դեպքում մեր ընկերությունը չի հանդիսանում համերգի կազմակերպիչ, այլ միայն Глобальные коммуникации ընկերության հետ կնքված գործակալական պայմանագրի հիման վրա կազմակերպչական աշխատանքներ իրականացնող է, երբեւէ չի տնօրինել և/կամ տիրապետել համերգի տոմսերի իրացումից ստացված հասույթին», -ասաց Զառա Մխեյանը։ Նաեւ հավաստիացրեց, որ եթե անգամ դատարանի որոշումն իրենց օգտին չլինի, քայլեր կձեռնարկեն ինչ-որ ձեւով վերադարձնելու հայաստանցիների գումարները:

Հարցրինք` իրենց ընկերությունն այլեւս համերգային գործունեություն չի՞ ծավալելու Հայաստանում, ինչպես ժամանակին հայտարարել էր: Զառա Մխեյանն ասաց, որ ժամանակավոր են դադարեցրել ու այժմ Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանի հետ այլ նախագծի վրա են աշխատում: «Արի Զաքարյանն ուզում է  ձեւավոր չմշկասահքի աշխարհում առաջին թանգարանը բացել Երեւանում: Բացի դրանից, Արի Զաքարյանի եւ ջութակահար Էդգար Հակոբյանի հետ մտադիր ենք ստեղծել հայկական թեմայով մյուզիքլ` սառույցի վրա: Այժմ բանակցությունների մեջ ենք հայ կոմպոզիտորների հետ:  Դա լինելու է հայկական նախագիծ, ԱՊՀ-ով մեկ մեծ համերգային շրջագայություն, որի մեկնարկը տրվելու է Հայաստանից:  Ընդ որում, ոչ միայն  մյուզիքլի թեման լինելու է հայոց պատմությունից վերցված  կամ ինչ-որ լեգենդի հիման վրա, այլեւ հագուստները հայկական զարդանախշերով են լինելու»,- հայտնեց Զառա Մխեյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930