Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես կարող է փափուկ միսը դառնալ ոսկրոտ

Սեպտեմբեր 20,2017 14:30

ՀՀ կառավարության աշխատակազմում գործում էր «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչությունը: Վարչության նախկին պետ Հասմիկ Ենգոյանը տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի լուծարումից հետո հիմնադրվել է նույնանուն՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊ ընկերությունը, որի հիմնադիրն է ներկայումս: Ընկերությունը մատուցում է մասնագիտացված իրավաբանական ծառայություններ գնումների ոլորտում։ Ոլորտ, որում առկա հիմնախնդիրները գրեթե չի լուսաբանվում մամուլում: Ստորեւ ներկայացնում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանի հետ հարցազրույցը:

– Որո՞նք են պետական գնումների՝ տենդերի դաշտում առկա հիմնախնդիրները:

– Նախ, դեռևս գնում հայտարարելու փուլում գնման հրավերով պահանջվում է այնպիսի ապրանք կամ ծառայություն, որը գրվում, հարմարեցվում է կոնկրետ ընկերության համար։ Տվյալ գնման ընթացակարգի հրավերի պայմանների պատճառով տենդերին կարողանում է մասնակցել պատվիրատուի հովանավորյալ կոնկրետ ընկերությունը, որի արդյունքում վերանում է մրցակցությունը և ապրանքի գինը ստացվում է շատ թանկ։ Օրինակ, պաշտպանության նախարարությունը պահանջում է մեքենայի յուղի այնպիսի պարամետրեր, որը ներմուծում է Հայաստան միայն մեկ ընկերություն։ Կամ՝ բժշկական հաստատությունները տենդերով պահանջում են ախտահանման այնպիսի քիմիական նյութ, որը ներմուծում է կոնկրետ ընկերություն արտերկրի կոնկրետ արտադրողից։ Կամ, օրինակ, գնման հրավերով պահանջվում է պետության կարիքներին չհապատասխանող ապրանք, ապրանքի շատ բարձր պարամետրեր (անիմաստ, չհիմնավորված բարձր, ոչ արդյունավետ և օգտավետ), կամ հակառակը՝ հնացած պարամետրեր։ Այդ տեղի է ունենում նորից որոշակի ընկերությանը նախապատվություն տալու համար կամ հրավերի տեխնիկական բնութագիր կազմող պատվիրատուի համապատասխան ստորաբաժանման անգրագիտության հետևանքով։

Լինում են դեպքեր, երբ գնման հրավերով մասնակիցների կարգավիճակի նկատմամբ դրվում են չհիմնավորված ցածր պահանջներ, մասնավորապես, անիմաստ տեխնիկայի կամ մասնագետների առկայություն, չհիմնավորված մասնագիտական փորձ, որի արդյունքում դաշտից հատուկ հանվում են կոնկրետ մասնակիցներ և նվազում է մրցակցությունը։

– Արդյոք, պետական գնումներին հայտ ներկայացնելու ընթացքում նշված հիմնախնդիրները հնարավոր չէ՞ կանխել: Ինչպե՞ս է ներկայացվում հայտը:
Հայտատուները հաճախ դժգոհում են, թե հայտերը ներկայացնելու վերջին օրերին ծավալուն տենդերներով էլեկտրոնային կայքը՝ armeps համակարգը կախվում է և մասնակիցը չի կարողանում ներբեռնել իր հայտը, չի կարողանում մասնակցել գնմանը, ինչն անձնավորված խնդիր չէ, այլ էլեկտրոնային համակարգի անկատարության հետևանք:

– Հաճախ մասնակիցը ներբեռնում է իր մասնակցության հայտը armeps համակարգ, համակարգը մասնակցին ցույց է տալիս, որ հայտը հաջողությամբ ուղարկել է պատվիրատուին, սակայն հայտերի բացման փուլում պարզվում է, որ հայտը ներբեռնելու ժամանակ տեղի է ունեցել սխալ, որի մասին էլեկտրոնային համակարգը չի տեղեկացրել մասնակցին այն պարզ պատճառով, որը համակարգը նման հնարավորություն չունի։ Արդյունքում համակարգչային ծրագրի անկատարության պատճառով մասնակցի հայտը չի բացվում և վերջինս զրկվում է մասնակցության իրավունքից։ Ի դեպ, հայտերը թղթային եղանակով (ոչ էլեկտրոնային) ներկայացնելու ժամանակ մասնակիցը տանում է իր հայտը պատվիրատուին, որ հանձնի առձեռն, սակայն հայտը հատուկ չի վերցվում, որպեսզի տվյալ մասնակիցը չկարողանա մասնակցել գնմանը կամ դուռը հատուկ փակում են ու բացում հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո։ Այսինքն, մասնակցին հատուկ զրկում են մասնակցելու իրավունքից։

– Իսկ նման դեպքերում ո՞ր մարմինն է ստանձնում հայտատուի իրավունքների պաշտպանությունը:

– Կոնկրետ օգնություն էր ցույց տալիս մեր հիմնարկը՝ «Գնումների աջակցման կետրոն» ՊՈԱԿ-ը, որին հենց հայտը չվերցնելու փուլում ահազանգելու դեպքում կենտրոնը, արագ կապվելով պատվիրատուի հետ, վերացնում էր ընթացող իրավախախտումը։

– Տիկին Ենգոյան, մասնակիցների հայտերը գնահատելիս՝ վերջիններիս հայտերը կարող են անօրինական մերժվել։ Իսկ եթե պատվիրատուն չի կարողանում հիմք գտնել մերժելու հայտատուի հայտը։

– Ուսումնասիրած պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ պատվիրատուի համար անընդունելի հաղթող լինելու և դրա հայտը մերժելու անհնարինության դեպքում հնարավոր է, որ ամբողջ գնման ընթացակարգը հայտարարվի չկայացած, այսինքն՝ չեղարկվի։

– Այնուամենայնիվ, պատվիրատուի համար անընդունելի մասնակցի հետ, ի վերջո, կնքվում է պայմանագիր։ Ի՞նչ կարող է այս դեպքում սպասել ընկերությանը։

– Պատվիրատուի կողմից անընդունելի հաղթող մասնակցի հետ կնքված պայմանագիրը օրենքի խախտումով լուծվում է, որի արդյունքում ընկերությունը ոչ միայն կրում է նյութական վնաս, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով կարող է ներառվել, այսպես կոչված, «սև ցուցակ», այսինքն՝ զրկվել 2 տարով գնմանը մասնակցելու իրավունքից։

– Ինչպե՞ս է իրականացվում հսկողություն գնման արդյունքում կնքված պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ։

– Գնման արդյունքում կնքված պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունը կրում է հենց պատվիրատուն։ Սակայն լինում են դեպքեր, երբ մասնակցի մատակարարած ապրանքի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, որի արդյունքում, մանավանդ սննդի մասով, մատակարարվում է ոչ պատշաճ ապրանք։ Օրինակ, ընկերությունը հաղթել է փափուկ միս մատակարարելու տենդեր միայն այն պատճառով, որ շատ էժան գին է տվել։ Սակայն մատակարարման փուլում բերում է ոսկրոտ միս, որի գինը շատ ավելի էժան է։ Պատվիրատուն վերացնում է այդ ապրանքը միտումնավոր կամ թերացումով, վատ հսկողութան պատճառով։ Արդյունքում տուժում է և պետությունը, և այն ընկերությունները, որոնք հաղթող մասնակցից ավելի թանկ գին են տվել, չեն հաղթել, բայց տված գնով բերելու էին հենց պատվիրատուի պահանջած փափուկ միսը։ Նման դեպքեր են արձանագրվում նաև կարագ մատակարարելու ժամանակ: Պահանջվում է կարագ (առնվազն 85% յուղայնությամբ), ընկերությունը համեմատաբար էժան գնով հաղթում է, բայց բերում է սպրեդ (75% յուղայնությամբ)։ Կամ, օրինակ, յուրաքանչյուր օր մանկապարտեզ մատակարարվող յուրաքանչյուր հացը պետք է ունենա 200 գրամ քաշ, բայց ընկերությունը մատակարարում է 160 գրամ քաշ ունեցող հաց և այլն։ Բերվածս դեպքերը վերաբերում են ավելի շատ պատվիրատուի կողմից թերի հսկողությանը։ Երբեմն էլ վատ ապրանքի մատակարարումը լինում է նախօրոք համաձայնեցված պատվիրատուի հետ։

– Արդյոք գնման ոլորտում չե՞ն գրանցվում անբարեխիղճ մրցակցության դեպքեր, անբարեխիղճ ընկերությունների գործունեություն:

– Երբեմն արձանագրվում են դեպքեր, երբ միևնույն անձի կամ անձանց խմբի կողմից հիմնվում են տաբեր ընկերություններ, ընկերությունները հաղթում են տենդերը, օրինակ՝ զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, հետո առաջին երկու տեղերը հրաժարվում են պայմանագիր կնքելուց և պետությունը ստիպված պայմանագիր է կնքում երրորդ տեղ զբաղեցրած և թանկ գին տված ընկերության հետ, ինչի հետեւանքով պետությունը մեծ գումարներ է կորցնում։

– Անցյալ տարի դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որոնք էին, ըստ Ձեզ, բացթողումները, ինչպիսի վիճակագրություն կա:

– 2016թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծարվեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը և աշխատանքից ազատվեց 46 աշխատակից։ ՊՈԱԿ-ի բյուջեի մեծ մասը կազմում էին կենտրոնի կողմից իրականացված վճարովի ծառայությունների դիմաց գանձվող գումարները։ Նոր օրենքով, ըստ էության, լիազորությունների կատարման իրավահաջորդ ճանաչվեց ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Սակայն կենտրոնի կարևորագույն լիազորությունները ներկայումս չեն կատարվում կամ թերի են կատարվում, մասնավորապես, պատվիրատուի գնումների մասնագետների պարտադիր տարեկան անվճար վերապատրաստում (Կենտրոնի համապատասխան մասնագետներ ողջ տարի իրականացնում էին պատվիրատուի համապատասխան մասնագետների անվճար վերապատրաստում Հայաստանի ողջ տարածքի համար)։

Կենտրոնը փորձաքննում էր պատվիրատուների կազմած հրավերները, որպեսզի դրանք չլինեին խտրական, անօրինական, անհիմն, չսահմանափակեին մրցակցությունը և չլինեին չհիմնավորված և անարդյունավետ։ Այն հրավերները, որոնք ստանում էին բացասական փորձաքննության եզրակացություն, հանվում էին և պատվիրատուները ստիպված պետք է օրենքին համապատասխանեցնեին իրենց հրավերները։ Կենտրոնն ուներ հագեցված տեխնիկական համակարգով աշխատող «Թեժ գիծ»։ Գնումների դաշտում խախտում կատարման փուլում կենտրոնը անմիջականորեն մասնակցելով խախտման վերացմանը, օպերատիվ կանխում էր խախտման հետևանքը։ Կենտրոնի համապատասխան բաժնի աշխտակիցները հեռախոսով և գրավոր օպերատիվ պատասխանում էին գնումների վերաբերող պետական մարմինների տրված բոլոր հարցերին։ Ըստ պատվիրատուների՝ ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հեռախոսը մեծ մասամբ անհասանելի է, նման ծառայություններ, ըստ էության, չի իրականացնում:

Կենտրոնը շուկայականից շատ ցածր գներով մասնավոր սեկտորում վճարովի ծառայություններ էր մատուցում ընկերություններին՝ տալիս գրավոր և բանավոր խորհրդատվություն, իրականացնում վճարովի վերապատրաստման դասընթացներ։ Իսկ ներկայումս նման ծառայություններ մատուցում են միայն մասնավոր ընկերություններ, օրինակ՝ իմ կողմից հիմնադրված «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն։

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ. -Զրուցակիցս աշխատում է դոկտորական ատենախոսության վրա, որի շրջանակներում կուսումնասիրվեն 2016թ. դեկտեմբերի 16-ին «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ձևավորված իրավական կարգավորումները, վեր կհանվեն այս դաշում առկա հիմնախնդիրները և կառաջարկվեն դրանց լուծման ուղիները:

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արթուր Պարանյան says:

    Շատ հաճախ տենդեռը շահում են անհավանական ցածր գնով և չկա որևէ հսկող մարմին, որպեսզի պարզի թե արդյոք հնարավոր է նման գնով այդպիսի ապրանք ձեռքբերել թե ոչ: Հետո էլ մատակարարումից հետո պարզվում է, որ բերված ապրանքը պիտանի չէ օգտագործման: Արդյունքում պետությունը մեծ վնասներ է կրում: Կարծում եմ, պետությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նման դեպքերը կանխելու համար:

  2. Թևան Գասպարյան says:

    Եթե գոյություն ուներ պետական հիմնարկ, որը այդքան լայն լիզորություններ էր իրականացնում գնումների ոլորտում, ադ թվում նաև վճարովի ծառայություններ մատուցում մասնավոր ընկերություններին, և գումարը գնում էր պետական բյուջե, ապա ինչու է ՊՈԱկ-ը լուծարվել? Որպեսզի մասնավոր իրավաբանական ծառայությունները գումար աշխատեն?

  3. Alina says:

    Բերված օրինակներից հստակ երևում է, թե ինչ անմխիթար վիճակ է տիրում պետական գնումների դաշտում: Սարսափելին այն է, որ փաստորեն չկա իրական արդյունավետ հսկողություն այդ դաշտի նկատմամբ: Կարծում եմ անհրաժեշտ է մշտական անմիջական հսկողություն սահմանել ողջ գնումների ոլորտի նկատմամբ՝ նման սարսափելի դեպքերը բացահայտելու և վերացնելու համար: Եվ շատ կարևոր է նաև հասարակական հնչեղություն տալ նման դեպքերին, հատկապես ԶԼՄՆ-երի միջոցով՝ հասարակական վերահսկողություն սահմանելու համար: Ափսոս, նման լուսաբանումները ԶԼՄՆ-երում գրեթե բացակայում են…..

  4. Yeghish says:

    Կառաջարկեի Առավոտ -ին այսուհետ բացահայտել գնումների դաշտում թույլ տված կոնկրետ խախտումներ և դարձնել քննարկման առարկա: Գուցե դրանից հետո պետությունը ստիպված ուշադրություն դարձնի դրանց վրա ու բյուջեն չտա՞ Թե չէ անհասկանալիա ուր են գնում մեր վճարած հարկերը…

  5. Արամայիս Եպիսկոպոսյան says:

    Գործունեությանս ընթացքում շատ անգամ եմ առընչվել Գնումների աջակցման կենտրոնի հետ և միշտ գոհ եմ մնացել՝ աշխատել են արդյունավետ և ամենակարևորը, օպերատիվ: Շատ ապսոս, որ այլևս չկա: Կարծում եմ, որ եթե մասնավոր ընկերությունում աշխատելու է Գնումների աջակցման կենտրոնի թիմը, նրանց հաջողություն է սպասում:

  6. Ալբերտ says:

    Եվ ինչու չի լուսաբանվում մամուլում?

  7. Roland says:

    ինչքան ուզում եք գրեք, ասեք, մեկա ինչ ուզում, անում են

  8. Արթուր says:

    Մի բան չհասկացա, երբ մենք մի բան սխալ ենք անում կամ թերացումով, պետությունը անմիջականորեն արձագանքում է: Իսկ հարցազրույցից պարզվում է որ տենդեռներով ինչ ուզում անում են: Բա վատ միս կամ կարագ բերողը ոչ մի պատասխանատվություն չի կրելու: Ի վերջո, պետական բյուջեի միջոցներ են վատնվում չէ:

  9. Petros says:

    Վերջը չհասկացա, բա հիմա որ մարմինն է հսկում գնումների դաշտը? Ֆինանսների նախարարությունը չի անում, վերահսկիչ պալատը գալիս է տարին մեկ անգամ, այն էլ ոչ բոլոր հիմնարկներ, բա հետո?

  10. Larisa says:

    Ցավալի է ընդունել այն փաստը, որ անկատար, թերի և բացթողումներով լի օրենքներ են ընդունվում, տվյալ դեպքում՝ ՙգնումների մասին՚ ՀՀ օրենքը: Անտեսվել են մի շարք կարևոր գործառաույթներ, որոնք իրականացնում էր ՙԳնումների աջակցման կենտրոն՚ ՊՈԱԿ-ը: Ցավալի է նաև այն փաստը, որ պետական գնման գործընթացները գտնվում են նման անմխիթար, անվերահսկվելի վիճակում:

  11. Դավիդ says:

    Հոդվածը կարդալիս հիշեցի անեկդոտը մաքսային ծառայող-ֆոկուսնիկի մասին, ով գրչի մի հարվածով սև խավիարը դարձրեց կանաչ ոլոռ: Փաստորեն մեր երկրում այդպիսի ֆոկուսնիկներ շատ կան: Ինչ սարսափելի է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930