Լրահոս
Օրվա լրահոսը

«Լացակումած պոպուլիզմից» դեպի պրագմատիզմ

Սեպտեմբեր 20,2017 10:07

Այսօր «Հայաստան-Սփյուռք» հարաբերություններում հիմնական ուղերձները պետք է գան Հայաստանից: Նախկինում Խորհրդային Հայաստանը կարող էր լինել սփյուռքահայերի համար միայն սիրո, կարոտի, հուզմունքի առարկա, եւ, իհարկե, միանգամայն հասկանալի էին  սփյուռքահայերի զգացմունքները, որոնք գալիս էին այստեղ, տեսնում էին Մասիս սարը, Գառնի-Գեղարդը, Խոր Վիրապը եւ այլն՝ հուզական բառեր էին ասում հայրենիքի մասին եւ առանձնապես չէին խորանում, թե ինչպիսի քաղաքական կամ տնտեսական վիճակ է խորհրդային այդ հանրապետությունում: Ազատությունը, անկախությունը ծանր բեռ է եւ պատասխանատվություն է հայաստանցիներիս համար՝ բոլոր առումներով, նաեւ նրանով, որ մեզ վրա պարտականություն է դնում մշակելու աշխարհով սփռված հայրենակիցների հետ շփման ճիշտ եւ արդյունավետ ձեւերը:

Եթե մենք այստեղ տառապում ենք ինֆանտիլիզմով եւ մեր գերագույն նպատակն ենք համարում, որ Մասիս սարի վրա ծածանվի մեր պետական դրոշը, ապա դա ուղերձ է Սփյուռքին, որը, բնականաբար, մեծ հաճույքով կտոգորվի նման մանկամտությամբ: Բայց եթե մենք, օրինակ, ասում ենք, որ մշակում ենք նորագույն տեխնոլոգիաներ, եւ այդ մշակումները պետք է օգտագործենք մեր անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ արտահանենք դրանք, ապա դա գուցե այնքան էլ բարձրագոչ եւ դյութիչ չի հնչում: Բայց դա կոնկրետ, գործնական ուղերձ է, որն ուղղված է ամբողջ աշխարհին եւ, առաջին հերթին, Սփյուռքին:

Սկսած նախորդ համաժողովից՝ այդպիսի միտում, համենայնդեպս, նշմարվում է. ձեւավորել գործնական ուղերձներ: Կարծում եմ՝ որոշ քայլեր արդեն արվում են՝ շեղվելու «լացակումած պոպուլիզմից» դեպի պրագմատիկ նպատակներ հետապնդող համատեղ աշխատանք:

Արամ Ա կաթողիկոսն, անշուշտ, խարիզմատիկ դեմք է, օժտված է բարձր ինտելեկտով, արտիստիկ է, տիրապետում է հռետորական արվեստին: Բայց նրա ելույթը, որն արժանացել է ոմանց հիացական գնահատականին, «հին», հուզական ոլորտից էր: Որ երկիրը դատարկվում է, եւ Սփյուռքը մաշվում է, մենք բոլորս գիտենք, եւ եթե Արամ Ա-ն ֆեյսբուքյան օգտատեր լիներ, նա, անշուշտ, կարժանանար հարյուրավոր «like»-երի: Բայց այդ տրամաչափի գործիչները պետք է, իմ կարծիքով, ավելի մասշտաբային նպատակներ դնեն, քան պարզապես like-եր հավաքելն է:

Հայաստանի պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի ելույթներն, իհարկե, այդչափ գրավիչ եւ գեղարվեստական չէին: Բայց, փոխարենը, գործնական առումով ուղերձներ են պարունակում: Կհասնե՞ն դրանք տեղ, թե՞ ոչ՝ այլ հարց է:

Եվ ընդհանրապես, շատ ճիշտ է, որ համաժողովում ներառվել է այս՝ «անվտանգային» ուղղությունը: Իրականում դա բոլոր հայերի համար ամենակարեւոր ուղղությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. joradzadza says:

    “…ասում ենք, որ մշակում ենք նորագույն տեխնոլոգիաներ, եւ այդ մշակումները պետք է օգտագործենք մեր անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաեւ արտահանենք դրանք, ապա դա գուցե այնքան էլ բարձրագոչ եւ դյութիչ չի հնչում…”: Սա հնչում է որպես հիմարության և ստախոսության խառնուրդ: Ստախոսություն՝ որովհետև նոր տեխնոլոգիաներ մշակող չկա և հերիք է զառանցեք: Հիմարություն՝որովհետև մեզ ոչ ոք չի թողնի զենքի շուկա: Սա հասկանում են դրսից եկածներից շատերը: Հանգիստ թողեք վերջին հայ իմաստուն մարդուն՝ Արամ Ա կաթողիկոսին: Զբաղվեք Հրանուշով, Նալբանդյանով և այլն:

  2. Ruben says:

    1. Մասիս սարի վրա Հայկական պետության դրոշի ծածանվելը մանկամտություն չէ, դա՝ նպատակ է:
    2. Դեռ 50 տարի առաջ էին Պիոներների պալատում (Մոսկովյան փողոց) մշակում այսօրվա «նորագույն տեխնոլոգիաները»:
    3. Քավոր Պետրոսի կնքահորը լսեցինք, բայց ու՞ր էին այլակրոն հայերը:
    4. Չտեսանք ցուպիկ I-ին, երնջակ II-ին:
    Հերթական նյութ Խնկո Ապոր համար:

  3. Լավատես says:

    Մարդն ինչքան շատ է իր ուժը ծախսում, մի քիչ հանգստանալուց հետո ավելի է ուժեղանում, իսկ շատ հանգստանալուց հետո ավելի է թուլանում, նույնն էլ խելքը՝ ինչքան շատ ես խելքդ ծախսում խնդիր լուծելու համար, մի քիչ հանգստանալուց հետո ավելի ես խելոքանում՝ չլուծված բարդ խնդիրներիդ լուծման գաղափարը միանգամից գալիս է, իսկ շատ հանգստանալուց հետո ավելի անգրագիտանում ես, ոգին ու փողն էլ նույն ձեւով: Հետեւություն, մարդուն թույլ մի տուր ծանրություն բարձրացնի՝ դա թող հատուկ պատրաստված մարդիկ անեն, թույլ մի տուր խնդիրներ լուծի՝ իր փոխարեն հատուկ մարդիկներ դա կանեն, ձրի էլ փող տուր ու կունենանք հետադիմող անգյալ մարդ, իսկ եթե չթողնես լիարժեք հանգստանա ու ծանր կյանք վարի՝ դա էլ էլի հետադիմական ու ստրուկ վիճակն է, մարդ պետք է չափի մեջ ծախսի իր ներուժը ու չափի մեջ հանգստանա՝ վերականգնի այդ ներուժը, որը մի քիչ ավել է, քան նախկինում ծախսածը, ինչպես բնության մեջ է: Սա գիտություն է՝ մարդու կարողությունները բնական ճանապարհով մեծացնելու գիտություն: Բարդ բան չկա, ընդամենը պետք է որ դրանով զբաղվեն հայերը հայերի համար:

  4. henri says:

    Նման հաւաքոյթներ օգտակար են գաղափարներ փոխանակելու – իրարու հանդիպելու-քաջալերուելու-յուսախաբուելու- հանգստանալու-հայրենիքի իրական պատկերը աչքով
    տեսնելու համար,բայց խորքին մէջ ոչինչ կը փոխեն-երկու տարբեր աշխարհներու հանդիպում
    մըն է ,նոյնիսկ երբ երկու կողմերն ալ հայ են -եկողը իր խօսելու ազատութիւնը կը գործածէ և կը կարծէ հերոսանալ, տեղացին իշխանութեան թմբուկը կը նուագէ յուսալով ուշադրութիւն գրաւել,
    եւ այսպէս կրնայ շարունակուիլ յաջորդ տարիներուն ալ: Միամտութիւն է աւելի յոյսեր կապել :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930