Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվստահություն բառը սփյուռքահային նյարդայնացրեց. «Շատ սխալ տերմին է, եթե մենք այստեղ ենք, ուրեմն վստահություն կա»

Սեպտեմբեր 20,2017 15:41

«Այսօր 6-րդ խորհրդաժողովն է, բայց մենք դեռ խոսում ենք փոխվստահության մասին: Շատ սխալ արտահայտություն է եւ շատ սխալ տերմին է: Եթե մենք այսօր ներկա ենք, ուրեմն վստահությունը կա: Կարծում եմ՝ փոխվստահություն բառը պետք է ընդհանրապես չհնչվի, որովհետեւ մեր ներկայությունը արդեն ապացուցում է դա: Ժամանակն է խոսենք, թե ինչ մեխանիզմներով պետք է ներդրում կատարել»,-այսպես պատասխանեց գործարար սփյուռքահայերից մեկը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին, որը նախագահում էր տնտեսական թեմաներով նիստերից մեկը: Սփյուռքահայ գործարարն, ի թիվս այլ գործարարների, մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

Նրա կարծիքով, այսօր այդ մեխանիզմները բացակայում են:

«Պարոն Ղազարյան, ներդրումային առաջադրանքի ձեւը պետք է փոխվի, այսինքն` ավելի գործնական լինի, մեխանիզմն ավելի պետք է հստակեցվի տարբեր կայքերով` թե’ կառավարական, թե’ առեւտրի պալատի, ավելի ռեալացվի, որպեսզի ներդրողը ոչ մի մտահոգություն չունենա: Բայց այսօր մենք դեռ խոսում ենք փոխվստահության մասին»:

Ի պատասխան` Արսեն Ղազարյանն ասաց, որ պոտենցիալ ներդրողը պետք է ակտիվ աշխատի Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ. «Իրենց պորտֆելը բավական հստակեցված է, հենց ներդրումային փաթեթներ են պատրաստվում, հիմնադրամն` ավելի մեծ ներդրումների, նախարարությունն էլ ունի այդ փաթեթները, իրենց հետ ակտիվ աշխատեք, իրենք պարտավոր են եւ բարյացակամ են: Եթե ոչ, արդեն օգտագործեք առեւտրաարդյունաբերական պալատի, մեր միության աշխատակազմի հնարավորությունները` այդ պատուհանները, դռները բացելու եւ հասկանալու համար: Դուք պետք է ակտիվ լինեք, մենք ձեր կողքին ենք»:

Նիստին ներկա Կրասնոդարի երկրամասի բիզնես ասոցիացիայի նախագահ Արման Ջիլոյանը հարց բարձրացրեց՝ Ռուսաստանի հայաշատ վայրերում մեր բիզնեսի ներկայացուցիչներ ունենալու:

«Կրասնոդարում մեկ միլիոնի չափ հայ կա, մեր բիզնեսը, որը արտահանում է իրականացնում տարբեր ռեգիոններ, ոչ մի բիզնես-կառուցվածք, ներկայացուցչություն չունի: Մեր բիզնեսը լոբբինգի կարիք ունի այն ռեգիոններում, որտեղ ապրանք է արտահանում ու վաճառում»:

Արման Ջիլոյանի խոսքով, ներկայումս այդ երկրամասում շատ կան հայեր, որոնք իրենցից «բան են ներկայացնում» եւ շատ բաներ կարող են անել.

«Մարդիկ մեծ ընկերությունների տերեր են, ներդրում ասելով՝ միայն փողը չպետք է նկատի ունենալ, ինչու այն ռեգիոններում, որտեղ հայաշատ է, հայկական բիզնես ընկերությունները ներկայացուցչություններ չունեն»:

Արսեն Ղազարյանը գործարարի հարցին այսպես պատասխանեց. «Հարցին հանդիպակաց առաջարկ եմ անում` նստած է առեւտրաարդյունաբերողների միության գործադիր տնօրենը, առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը: Ակտիվացեք, վերցրեք նախաձեռնությունը, ձեզ ճանաչենք մեր ներկայացուցիչ, հավաքենք, մենք էլ ձեր կողքին լինենք, կազմակերպվեք: Մենք ձեր հետ ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930