Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնետները» դիտելուց հետո գյումրեցի հանդիսատեսը բեմ է բարձրացել ու սպառնացել ռեժիսորին․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 22:15

Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի անձնակազմը՝ տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ազդարարելու սեպտեմբերի 23-ին 152-րդ թատերաշրջանի բացումը։ Նախատեսվում են մի քանի նոր ներկայացումներ, Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանական երեկոն, որը, ըստ թատրոնի անձնակազմի, ոչ թե նշվելու է «աթոռ դնելով, նրան մեծարելով, հետո էլ ուտել-խմելու գնալով ու կենաց ասելով», այլ նրա ներկայացումները խաղալով։

Կցուցադրվի նաև Նիկոլայ Ծատուրյանի մասին պատմող փաստագրական ֆիլմ, որի սցենարը գրում է հենց պարոն Ծատուրյանը՝ որպես ինքնակենսագրական։ Տիգրան Վիրաբյանի ասելով, Նիկոլայ Ծատուրյանը, ինչպես միշտ, հումորով է մոտենում նաև այս հարցին։

«Խոսեմ թվերի լեզվով, թե ինչ է արել Գյումրու դրամատիկական թատրոնը 2017թ․-ի առաջին կիսամյակում, ինչը նկատելի և տեսանելի է, բայց մենք մի սկզբունք ենք որդեգրել, որ պետք է հաշվետու լինենք ոչ միայն մեր կոլեկտիվի առաջ, այլև նաև քաղաքի առաջ։ 2016թ․-ի առաջին վեց ամսում խաղացել ենք թվով 35 ներկայացում և 2017 թվի առաջին վեց ամսում 69 ներկայացում։ Մոտ 100 տոկոս ավել ներկայացում ենք խաղացել համեմատության կարգով։ 2016-ի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք 10 հազար 377 հանդիսատես, վաճառված տոմս, 2017-ի առաջին վեց ամսում՝ 22 հազար 983 վաճառված տոմս ու հանդիսատես»,-ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։

Ըստ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի էլ, տարին առանձնահատուկ էր նրանով, որ թատրոնը սկզբունքորեն որոշել էր բեմադրել հայ հեղինակների։ Տարին սկսել են Զորայր Խալափյանով, որին հաջորդել է Հակոբ Պարոնյանը։ Նիկոլայ Ծատուրյանի հեղինակությամբ էլ նոր պիես է ներկայացվելու թատրոնում՝ «Երեք գեղեցկուհիները» սկզբնական վերնագրով։

«Շատ կարևոր է պարոն Ծատուրյանի հոբելյանական ներկայացումները, երբ որ մենք խոսեցինք, ասացինք՝ Ձեր հոբելյանն է, ի վերջո պիտի նշվի, ու թատրոնում նշենք, ասաց՝ ես չեմ սիրում, երբ թատրոնն է նշում, ես նստում եմ, խոսում են իմ մասին, ավելի ճիշտ կլինի ձևաչափը փոխենք։ Ու որոշեցինք երեք օր մայրաքաղաքում խաղալ պարոն Ծատուրյանի ներկայացումները։ Դա կլինի նոյեմբերի առաջին շաբաթը։ Խոսքը «Հրեշը լուսնի վրա», «Եվ երկնքեն երեք աթոռ ընկավ» և նոր ներկայացում՝ Գեղեցկուհիները»։ Թատրոնը պատրաստվում է ամենօրյա շքեղ մի տոնածառային ներկայացման՝ «Երեք խոզուկները», ու նախատեսում ենք ապրիլի 1-ին քառօրյա պատերազմին նվիրված բեմադրությունը»,-ասաց գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։

Ռեժիսորը նաև ասաց, որ նորից ներկայացվելու են «Առնետները»։ Այն չորս տարի շարունակ ներկայացվում է և արժանացել է «Արտավազդ» մրցանակի։ Թատրոնի անձնակազմը մտածել է այլևս չխաղալ, սակայն մյուս կողմից էլ թեման շատ արդիական էր ու անհրաժեշտ։

«Այս ներկայացումն ունի իր հանդիսատեսը, գուցե մասնագետների կարծիքով լավ ներկայացում է, հետաքրքիր է, մոտեցումները շատ արդիական են, բայց գյումրեցի հանդիսատեսներից շատերը ներկայացման ձևը ու մատուցումը չընդունեցին։ Ես շատ բնական ու նորմալ եմ ընդունում։ 1 ժամ 5 րոպե է տևում ներկայացումը, բայց իր ասելիքով, մտքով բավականին ծանր է և փոքր-ինչ համարձակ ու ազատ է։ Խոսքը և ասելիքի և խոսքի մատուցման մասին է՝ սլենգի։ Այն մարդիկ, որոնք այլ պատկերացում ունեն, որ թատրոնում պիտի հնչի միայն գրագետ ու ավելի կիրթ խոսք, ոչ խոսակցական լեզու, խորհուրդ չէի տա գալ այս ներկայացումը»,- ասաց ռեժիսորը։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է տեղ հասնում հանդիսատեսի բողոքը, որին ի պատասխան՝ պատմեցին, թե ինչպես «Առնետները» դիտելուց հետո գյումրեցի մի հանդիսատես բեմ է բարձրացել ու պատիվ պահանջել ռեժիսորից՝ ասելով՝ մի՞թե կարելի է 150-200 տարեկան թատրոնի բեմից հայհոյանք անել։ «Ի սեր Աստծո, ես բացատրել եմ, որ պահանջում է բեմադրաոճը», -ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Նիկոլայ Ծատուրյանն էլ ծիծաղելով նշեց, որ բեմ բարձրացած մարդը ռեժիսորին սպառնացել է։ Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, իրենք լսում են բոլորի կարծիքները, սակայն չեն կարող մի կարծիքը չափորոշիչ դարձնել, դրա համար էլ տարբեր ոճի ներկայացումներ են անում։ Ռեժիսորի ասելով, երբ մայրաքաղաքի թատրոններից են գալիս Գյումրի հյուրախաղերի ու նույն սլենգով, հայհոյանքով են բեմում խոսում, գյումրեցի հանդիսատեսը նրանց ներում է, իսկ Գյումրիի թատրոնի ռեժիսորներին ու դերասաններին ՝ոչ։

Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով էլ բազմաժանր ներկայացումներ պետք է լինեն, որ ժողովրդի աչքն ու ականջը սովորեն։ « Չեն կարող «Առնետները» ներկայացման մեջ իմ հերոսները, իմ առնետները գրական լեզվով ասեն՝ բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Մենք նույն պատմությունը ունեցել ենք «Խելահեղ պատմությունների» ժամանակ, որտեղ իմ հերոսներն անառակներն են, նայած ինչ ես դու ասում, ինչ ես դու անում, եթե դու ոչ թե քարոզում ես անառակություն, այլ անառակների միջոցով փորձում ես դաստիարակել մարդկանց ու ճիշտ ուղին բացատրել, դա բնական է։ Այսինքն` մենք չենք կարող անել միայն այն, ինչ դուր է գալիս գյումրեցի հասարակության մի որոշ շերտի», -ասում է Լյուդվիգ Հարությունյանը։ Գյումրու թատրոնում եղել են նաև դեպքեր, երբ հանդիսատեսը սպառնացել է դատի տալ բեմադրիչին, հայհոյել են։

Տիգրան Վիրաբյանի ասելով էլ, խիզախություն պիտի ունենաս Գյումրու թատրոնի բեմում հոգևորականին անհարգալից վերաբերմունք ցույց տալու կամ բռնաբարության տեսարան ցուցադրելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար, քանի որ գյումրեցի հանդիսատեսը շատ անմիջական ու զգացմունքային է, նման տեսարանները չի ներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930