Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանն ավելի լավ խորհրդականներ ունի»

Սեպտեմբեր 21,2017 16:00

Հովհաննես Իգիթյանին դուր չի եկել Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթը

«…Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է  Հայաստան-Սփյուռք համաժողովը: Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»,- երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական Երեւանը փաստորեն հստակ ձեւակերպեց իր դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:

ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը  համամիտ չէ, որ Հայաստանը հստակեցնում է իր դիրքորոշումը. «Ես չեմ նկատել Հայաստանի կողմից ներկայացված ռազմավարություն` ԼՂ հարցի լուծման հետ կապված: Ու երեւի թե ՄԱԿ-ի ամբիոնն այն տեղը չէ, որտեղ որ պետք է հնչեր դա: Լավ է, որ խոսվեց ժողովրդի անվտանգության գործոնի մասին: Կարծում եմ՝ կարելի էր շեշտն ավելի շատ դնել Ադրբեջանի կողմից Արցախի հարցի ռազմական լուծման նկրտումների վրա»: Բացասականը մեր զրուցակիցը համարում է այն, որ Հայաստանը շատ խոսելով եւ լուծումներ ներկայացնելով Արցախի հարցի հանգուցալուծման առումով՝ հաճախ օգնում է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն անընդհատ Արցախի հարցը ներկայացնում է իբրեւ հողային կոնֆլիկտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի դեպ, տակավին վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին բարձրաձայնեց այդ հայտնի թեզը: Այն երեկ հնչեց նաեւ Իլհամ Ալիեւի ելույթում: Այս ամենի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունը` նվազ նշանակության հողերի Ադրբեջանին վերադարձի մասին, մեր զրուցակցի կարծիքով՝ եւս գալիս է ապացուցելու Ադրբեջանի կողմից առաջ մղվող թեզը՝ իբր Հայաստանն օկուպացրել է իր տարածքների մի մասը: Մինչդեռ իրականում, ըստ Հովհաննես Իգիթյանի, հայկական կողմը, ՀՀ նախագահն իր ելույթում պետք է շեշտեր, որ այդ հողերը գտնվում են Արցախի ՊԲ-ի վերահսկողության տակ, եւ Արցախը պետք է որոշի, թե իր անվտանգության եւ հետագա կարգավիճակի համար ի՞նչ քայլեր են պետք ձեռնարկել: Ստացվում է պարադոքս` եթե Հայաստանը չներկայացնի հարցերը, Արցախը հնարավորություն չունի միջազգային ամբիոններում իր հարցերը ներկայացնելու, բայց եթե Հայաստանն է ներկայացնում, ստացվում է, որ կոնֆլիկտի կողմը մենք ենք: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ կարելի է հարցերի ներկայացման տարբերակներ գտնել, մինչդեռ Հայաստանը հաճախ խոսում է մենաշնորհային դիրքերից:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների մասին դիտարկումներին, մեր զրուցակիցը նկատում է. «Չեմ կարծում, թե ամբողջ աշխարհը նստած հիշում է, թե Հայաստանն ինչ-որ արձանագրություններ է ստորագրել, ով ինչու է վավերացնում կամ չի վավերացնում: Այստեղ կարելի էր մի քիչ պարզ ասել` Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքը, ԱՀԿ-ի պահանջները, ՄԱԿ-ի սկզբունքները, փակել է հայ-թուրքական սահմանը եւ պայմաններ է թելադրում Արցախի հարցի, Ցեղասպանության հարցի հետ կապված, ինչն անընդունելի է: Սա բացատրելուց հետո արդեն անիմաստ կլիներ խոսել այդ արձանագրությունների մասին, որոնք արդեն քաղաքական աղբարկղում են: Այդ վերջնաժամկետը չեմ կարծում, թե ընդունելի է միջազգային հանրության կողմից: Դա երեւի թե ավելի շատ ներքին սպառման եւ կոալիցիոն ՀՅԴ-ի համար էր: Հայաստանին երեւի ձեւ էր պետք արձանագրությունները չեղարկելու: Բայց չեմ կարծում, թե դա լավագույն ձեւն է` ներկայացնել, որ եթե Թուրքիան չի վավերացնում, ուստի մենք առ ոչինչ ենք հայտարարում այդ փաստաթուղթը: Պետք էր չակերտները բացել` մանավանդ նկատի ունենալով Թուրքիայի այսօրվա բացասական դերը տարածաշրջանում եւ նվազող իմիջը Եվրոպայում: Եթե այս տեսանկյունից ներկայացնեինք, թե ինչո՞ւ չենք գնում Թուրքիայի հետ այդ արձանագրությունների վավերացմանը, դա համահունչ կլիներ նաեւ աշխարհում Թուրքիայի դեմ հնչող բողոքներին»: Հիշեցնենք. Սերժ Սարգսյանն ասել էր, որ 2018-ի գարնանը հայ-թուրքական սին արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ:

Հովհաննես Իգիթյանը չի փոխել իր կարծիքն այդ չարաբաստիկ արձանագրությունների մասին: Կարծում է, որ այն ժամանակ Հայաստանն այնքան թույլ էր, որ ՀՀ իշխանությունների համար կարեւոր էր ստորագրել ցանկացած փաստաթուղթ` ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունը լեգիտիմ է: Ինքը կարծում է, որ այս արձանագրություններում կային մեկ-երկու կետ, որոնք վտանգավոր էին, եւ չվավերացնելով էլ՝ Թուրքիան իրականացնում է դրանք: Խոսքը Թուրքիայի` տարածաշրջանային անվտանգության հարցեր լուծող երկիր լինելու նկրտումների  եւ Արցախի հարցի լուծման մասնակից լինելու մասին է: Հետաքրքրվեցինք` նկատի ունենալով Թուրքիայի ներքին խնդիրները, Էրդողանի սուլթանական նկրտումները, քրդական հարցի զարգացումները՝ Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունները ո՞ր հորիզոնականում են: «Թուրքիայի համար Հայաստանը եւ Հայաստանի հետ հարաբերությունները դեր կունենան այն ժամանակ, երբ Թուրքիան զգա, որ Հայաստանից ինչ-որ բան է կախված, որ Թուրքիային հուզող հարցերի մեջ Հայաստանը կարող է ինչ-որ դրական կամ բացասական, դերակատարում ունենալ»: Այս համատեքստում մեր զրուցակիցը նկատում է, որ Թուրքիայի նախագահի ելույթի շեշտադրումները ճիշտ էին ընտրված` ահաբեկչություն, միջուկային զենք, միգրացիա: Հարցեր, որոնք հուզում են աշխարհին, ու այդ ամենում «խցկեց» իր շահերը եւ Թուրքիային հետաքրքրող հարցերը. «Կարեւոր է այս կերպ հարցերը ներկայացնելը: Համոզված եմ, որ Էրդողանը լավ խորհրդականներ ունի»: Հայաստանի նախագահի ելույթում Հովհաննես Իգիթյանը չի տեսել թիվ մեկ լուրը, որը կարող էր միջազգային լրահոսում ընդգրկվել: Ասում է` այդպիսիք կային եւ Թուրքիայի նախագահի, եւ Իսրայելի վարչապետի, եւ Էստոնիայի նախագահի ելույթներում: «Հայաստանը չխոսեց ահաբեկչության, միջուկային խնդիրների, միգրացիայի մասին: Մինչդեռ ահաբեկչության համատեքստում կարելի էր նշել, օրինակ, Ադրբեջանի միլիտարիզացիան, ռազմական բյուջեի անընդհատ մեծացումը, մանավանդ, որ Ադրբեջանը առաջնային դիրքերում է գտնվում այն երկրների շարքում, որոնք առավել շատ են ծախսում այդ նպատակով: Պետք էր հստակ հայտարարել, որ այդ զենքը ոչ թե օգտագործվում է Ադրբեջանի պաշտպանության համար, այլ Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ է օգտագործվում, ինչը շատ համահունչ է այսօրվա ահաբեկչության տեխնոլոգիային: Մեր խնդիրները պետք է ներկայացվեին միջազգային խնդիրների հետ առնչությունների հարթությունում: Եթե դու ներկայացնում ես միայն քո խնդիրը, դա լսում են միայն քո ժողովուրդը եւ այդ դահլիճում նստած մի քանի հայաստանցի պաշտոնյաները, որոնք ծափահարում էին»: Մեր զրուցակիցը չգիտի` ի՞նչ խնդիրներ էր ուզում լուծել Սերժ Սարգսյանն իր այդ ելույթով: Ենթադրում է, որ դրված խնդիրների համատեքստում ելույթը բավարար էր, կամ՝ «կարող է Սերժ Սարգսյանն ավելի վատ խորհրդականներ ունի, քան Էրդողանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930