Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկատուն այցելած ԱՄՆ կոնգրեսականը հազիվ էր զսպում արցունքները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2017 15:48

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները, որոնք 3 օր է՝ գտնվում են Հայաստանում, եղել են նաև Արցախում, այսօր այցելեցին «Գյումրու երեխաների տուն»։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստան համահայկական հիմնադրամի Ամերիկայի մասնաճյուղի ատենապետ Մարիա Միհրանյանն, այցի նպատակն այն է, որ կոնգրեսականները գան ու իրենց աչքով տեսնեն՝ ինչ է կատարվում Հայաստանում և, բնականաբար, մտածեն ինչ աջակցություն կարող են ցուցաբերել։

«Մենք պիտի կարողանանք փնտրել ֆոնդեր, աղբյուրներ՝ օգնելու համար»,- ասաց հիմնադրամի ատենապետը։ Ըստ նրա, կոնգրեսական Ֆրենք Փալոնը, որը տարիներ շարունակ այցելել է Հայաստան, այս անգամ շրջելով Ստեփանակերտում ու Երևանում, ասել է, որ չի հավատում՝ ինչ է տեսնում։ «Նա ասում էր, շատ կարևոր է իր կողմից, որպեսզի բացատրի Ամերիկայում իր տեսածը, թե՛ կոնգրեսականների շրջանակում, թե՛ հանրության, որ ինչեր է պատահել Հայաստանում։ Շատ-շատ դրական էին իր տպավորությունները»,-փոխանցեց Մարիա Միհրանյանը։

Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրը ու Աննա Էշուն Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ շրջեցին մանկատանը, խաղացին երեխաների հետ։ Երբ Աննա Էշուն մանկատան տնօրենից տեղեկացավ, որ այնտեղ ծնողների կողմից լքված երեխաներ են բնակվում, քիչ էր մնում արտասվեր։ «Աստված հեռու պահի նման պատմություններից»,-հուզված, դողդոջուն ձայնով ասաց կոնգրեսականը։

Շիրակի մարզպետը մանկատան տնօրենից հետաքրքրվեց, թե կա՞ն դեպքեր, որ ծնողը կամ ծնողները հետ վերցնեն երեխաներին։ Տնօրենն ասաց, որ ընդամենը նման մի դեպք է եղել։ Հիշեցնենք, որ այս մանկատանը գտնվում են մինչեւ 8 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ։

Աննա Էշուն լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս այցն իր համար անմոռանալի է, միշտ կմնա իր հետ։ «Այս հաստատություն մեր կատարած այցելությունը գիտակցված ընտրություն էր, հատուկ ցանկություն հայտնեցինք, որ այստեղ գանք, չենք ափսոսում դրա համար։ Ցանկացած երկրի զարգացածության աստիճանը չափվում է նրանով, թե ինչքանով է տվյալ երկիրը հոգատար իր կրտսեր սերնդի նկատմամբ։ Մենք այստեղ ականատես եղանք նրան, որ երեխաները շրջապատված են խնամքով, սիրով, գտնվում են լավ պայմաններում։ Եվ կան մարդիկ, որոնք աջակցություն են ցուցաբերում, որ այս ամենը հնարավոր դառնա, շատ երախտապարտ ենք այս հաստատությունում աշխատող ողջ անձնակազմին և բոլոր նրանց, որոնք օգնություն են ցուցաբերում», -ասաց կոնգրեսականը։

Նա նաև նշեց, որ Հայաստան այցելում է երկրորդ անգամ, Հայաստանն իր տունն է, քանի որ իր մայրը Երևանից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930