Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր էին մասնակցում «Ժառանգության» 15-ամյակին. Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը հրավեր են ստացել՝ չեն եկել (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 22,2017 16:45

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 15-ամյակի եւ ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը տոնական հանդիսություն էր կազմակերպել:

Կուսակցության առաջնորդը նախ պատմական ակնարկ ներկայացրեց, թե ինչպես է ստեղծվել «Ժառանգությունը» եւ ինչ տեղ ունի քաղաքական դաշտում: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգությունը իր համեստ, բայց տեւական քայլերով, վայրիվերումների միջով անցնելով՝ քաղաքական եւ քաղաքացիական նոր մշակույթ է բերել հայաստանյան իրականություն՝ միշտ գտնվելով պայքարի առաջնագծում, աշխուժորեն արձագանքելով երկրում առկա հասարակական, սոցիալական ու քաղաքացիական, իրավական խնդիրներին»:

Նա պատմեց, որ «Ժառանգությունը» այնպիսի ճնշումների է ենթարկվել, որը բնորոշ է հետխորհրդային Հայաստանի անիրավակարգ իշխանությանը, բայց նույնիսկ այդ պայմաններում «Ժառանգությունը» հանրօգուտ ձեռքբերումներ է ունեցել՝ վայելելով ժողովրդի սատարումն ու վստահությունը. «2007-ին «Ժառանգությունն» առաջին անգամ մասնակցեց ԱԺ ընտրություններին եւ ամենաանհավասար, ամենաանարդար պայմաններում անգամ ստացավ 7 մանդատ: 2008-ին ընդդիմացավ գործող նախագահի ձեռնարկած ֆուտբոլային դիվանագիտությանը, 2011-ի մարտի 15-ին ես հայտարարեցի ծոմ Ազատության կոչվող անժամկետ հացադուլ՝ մեր բողոքը պայմանավորելով նրանով, որ իշխանությունը բռնազավթված է եւ գտնվում է համակարգային շահերի բախման, այսինքն՝ խաղից դուրս վիճակում: Իսկ 2012-ի մայիսին կայացած ԱԺ ընտրություններին «Ժառանգությունը» ստացավ 5 մանդատ: 2013-ին լինելով ժողովրդի այլընտրանքը, ստացա 37 տոկոս, դրանից հետո «Բարեւ Երեւանը» մտավ ավագանի»,- «Ժառանգությունն» այսպես ներկայացրեց հյուրերին Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» տարեդարձը շնորհավորելու էին եկել «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ ՕՐՕ դաշինքի ձեր գործընկերները ինչո՞ւ այսօր այստեղ ներկա չեն, նրանք հրավիրված չե՞ն եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր հարգելի գործընկերները հրավիրված էին, դուք պիտի իրենց հարցնեք, միգուցե իրենք զբաղված էին: Քաղաքացիական, քաղաքական տարբեր ուժեր հրավիրված եղել են: Մենք պիտի շարունակենք առանց նախապայմանների կապը իրենց հետ, որպեսզի տեսնենք՝ մենք հնարավորություն ունե՞նք աշնանը կամ տարեգլխին առաջարկել ՀՀ հանրության մի նոր ձեւաչափ, նոր բովանդակություն, որը կնպաստի մենիշխանությունը կամ կուսակցական իշխանությունը այսպես չշարունակվի մեր երկրում»:

Մեր հարցին՝ «Ժառանգության» կայացման գործում իրենց ներդրումն ունեցած Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը նույնպես չկան տարեդարձին, հրավեր ուղարկվե՞լ է, ինչո՞ւ չեն եկել նրանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ երախտագիտությունը հայտնեցի ներկա եւ նախկին անդամներին, որոնք իրենց ներդրումը կատարել են շատ կարեւոր՝ «Ժառանգության» կայացման եւ  զարգացման մեջ, եւ դա անուրանալի է: Այսօր մենք տոնում ենք «Ժառանգության» տարեդարձը՝ ներկա անդամներով»:

Հարցին՝ ՀՀԿ-ին հրավիրե՞լ էիք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հրավիրել էի ՀՀԿ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, անձամբ հրավեր էի ուղարկել»: Թե ինչու հրավերը նախագահը չի ընդունել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի:

Հարցին՝ ՀՀ երեք նախագահներն էլ ձեզ քննադատել են ինչ-որ կերպ, ինչո՞ւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Երեւի ինչ-որ մի ճիշտ բան անում ենք, ճշմարիտ մի կետ կա, որ իրենք բռնում են եւ ուզում են դա էլ չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930