Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ապստամբության գաղափարն ինձ խորթ է. Նարինե Դիլբարյանը` Ժիրայր Սեֆիլյանի կոչի մասին

Սեպտեմբեր 22,2017 17:41

«Ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության արժեքներով մարդկանց համախմբմանը, կոռուպցիայից զերծ ինքնիշխան պետության գաղափարախոսության ամրակայմանը ըստ կարելվույն կփորձեի մասնակցել, բայց ապստամբությանը` բնավ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի կոչին  այսպես արձագանքեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Տիկին Դիլբարյանն անակնկալի եկավ ու նշեց. «Ցուցակում նշված մարդկանց մի զգալի մասը հարուստ քաղաքական փորձառություն և ճանապարհ է անցել, ես իմ գործունեությունը կազմակերպել եմ կա՛մ լրագրողական, կա՛մ հրապարակախոսական, կա՛մ մտավորական դաշտում, ուստի վճռական գործողությունների աներկբա մասնակցության մասին դրական որոշում կայացնել չեմ կարող: Դիմադրական շարժմանը չեմ կարող մասնակցել, քանի որ իմ համոզմամբ` նման դիմադրության փորձերը հղի են չափազանց ծանր վտանգներով, զինված ապստամբության մասնակից ինձ անհնար է պատկերացնել: Ես խաղաղասիրական, քաղաքական մեթոդների կողմնակից եմ»:

Ժիրայր Սեֆիլյանի` «հեռացնել գաղութային վարչակազմին» կոչին ի պատասխան տիկին Դիլբարյանը նշեց. «Հեռացնել վարչակազմին շատ մեծ նպատակ է: Ես իրատես եմ և կարծում եմ, որ պետք է նոր ընտրությունների նախօրեին պատրաստել հասարակությանը և փորձել քաղաքական սերնդափոխություն իրականացնել քվեարկության միջոցով»:

Հարցին` պատրա՞ստ եք գլխավորել ապստամբությունը, տիկին Դիլբարյանը ծիծաղով պատասխանեց. «Ինձ չեմ պատկերացնում ապստամբություն գլխավորողի կարգավիճակում, քանի որ քաղաքական պայքարի հարուստ փորձ չունեմ: Ես առ այսօր անկուսակցական եմ. գտնում եմ, որ քաղաքական պայքարը, ամեն դեպքում, պետք է կուսակցական գործիչները իրագործեն, բայց ցավ ի սիրտ ասեմ, որ մինչ այս պահը ՀՀ-ում չեմ էլ տեսել կուսակցություն, որի անդամը կցանկանայի լինել»:

Տիկին Դիլբարյանի համար ընդունելի չեն դիմադրություն, ճակատ հասկացությունները. «Ժիրայր Սեֆիլյանն անազատության մեջ է, ուստի նրա բառապաշարն օրինաչափորեն պետք է նման ձևով լիներ` դիմադրություն և ճակատ: Զինված դիմադրությունն ամենասխալ ուղին է, և «Սասնա ծռերի» փորձն էլ ապացուցեց, որ այդ ընթացքում տեղի ունեցան այնպիսի երևույթներ, որոնք այն գաղափարները, հանուն որոնց ելել էին, ստվերեցին: Սպանված ոստիկանը անհաղթահարելի խոչընդոտ է դեպի անկախ և ժողովրդավարական պետություն տանող ճանապարհին: Զինված դիմադրությունը 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին բացարձակ սխալ ճանապարհ է»:

Ժիրայր Սեֆիլյանը նաև կոչ է անում գործիչներին` «Ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու»:

Սա Նարինե Դիլբարյանը քաղաքական ռոմանտիզմ համարեց ու նշեց. «Քաղաքական ռոմանտիզմը երբեք արդյունավետ չի եղել: Ես ինքս զբաղվում եմ գիտական աշխատանքով և դասախոսական գործունեությամբ, այն ինքնին ունի օգտակար գործողության որոշակի գործակից: Զինված ապստամբության գաղափարն ինձ խորթ է: Քաղաքացիական ցանկացած բախումներ անարդյունավետ են և միայն հավելյալ խնդիրներ են առաջացնում: Պետք է քաղաքական բանավեճեր ծավալել և ոչ թե զինված բախումներ: Այդ բանավեճերի ընթացքում կարող են ծնվել արդյունավետ մոտեցումներ»:

Գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը փաստեց, որ իրավիճակը ծանր է, և դրա փոփոխությանն ուղղված քայլերին պատրաստ է նպաստել ուժերի ներածի չափով: Նա հիշեցրեց, որ ժամանակին մասնակցել է հանրային հանձնաժողովների գործունեությանը, օրինակ` բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետ կապված, իսկ Ժիրայր Սեֆիլյանի կոչին այսպես արձագանքեց. «Դա պետք է լինի համախոհ մարդկանց միջև քննարկումների արդյունքում: Այսինքն` ես քննարկումների պատրաստ եմ և կարծում եմ, որ բոլոր երեք կետերն էլ, որ նշել է Ժիրայր Սեֆիլյանը, հրատապ են՝ թե քաղբանտարկյալների ազատության հարցը, թե վարչակազմի հնազանդությունը Կրեմլին, թե ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը: Ինչպիսի՞ն կլինի իմ մասնակցությունը, կախված է քննարկումների ընթացքից, մասնակիցների կազմից։ Դիցուք՝ ինչպե՞ս «ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացը» մեկնարկել Հմայակ Հովհաննիսյանի հետ, որը բացահայտ կոչեր է արել հանկարծ չզայրացնել ՌԴ-ին»:

Հարցին` պատրա՞ստ եք գլխավորել ապստամբությունը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց` եթե պատրաստ լիներ, այդ կոչն ինքը կաներ, չէր սպասի, որ իրեն դիմեին. «Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում՝ որքան էլ այդ նշաձողը իջած լինի վերջին 15 տարին: Հարյուրավոր հոդվածներ եմ գրել քաղաքական թեմաներով, հաղորդաշարեր վարել, ղեկավարել քաղաքական ԶԼՄ-ներում համապատասխան ոլորտը, բայց թույլ չեմ թվել ինձ նույնիսկ որպես քաղաքական մեկնաբան ներկայացնել: Որպես քաղաքացի և մշակույթի մարդ արձագանքել եմ և կարձագանքեմ մեր փակուղային իրավիճակի փոփոխմանն ուղղված բոլոր քայլերին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և Զարուհի Փոստանջյանը նույնպես մերժում են Ժիրայր Սեֆիլյանի համախմբման առաջարկությունը՝ անվանական այն ցանկով, որը կցել է Սեֆիլյանը: «Ես այդ անձանց պարզապես չեմ վստահում»,- «Գալային» ասել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում գործընթաց սկսել այն անունների տերերի հետ, որոնց առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանը:

«Այդ անձանց ես չեմ վստահում և չեմ պատրաստվում որևէ համագործակցության, քանի որ չեմ կարծում, որ նրանք կարող է ճիշտ ուղիով տանեն ժողովրդին: Իրենք ճանապարհներ անցել են և ձախողել են: Նրանք եղել են իշխանություն, և տեսել ենք՝ նրանք ինչ են անում»,- հայտարարել է Փոստանջյանը, ապա հավելել. «Միգուցե այդ մարդիկ դասախոսություններ կարդան երիտասարդների համար քաղաքական իրենց ուղու վերաբերյալ: Ես մերժում եմ իրենց հետ ցանկացած տեսակի համագործակցություն և կարծում եմ, որ առհասարակ նրանք չպետք է լինեին քաղաքականության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930