Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան խնդիրներ ունեցող կնոջը լողացնելիս եռման ջրով այրել է նրա մարմինը

Սեպտեմբեր 25,2017 19:45

«Ձորակ» հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի բազմափորձ աշխատակից Թերեզա Օհանյանը մեղադրվում է նույն կենտրոնի սան` Սոնա Հակոբյանին լողացնելիս, անփութություն դրսևորելով ու չստուգելով ջրի ջերմաստիճանը՝ ջրի ցնցուղը վերջինիս վրա պահելու համար, որի հետևանքով եռման ջուրն այրել է Հակոբյանի մարմինը` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքից հետո Թերեզա Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, գործը մտել է դատարան, բայց վերջինիս աշխատանքից չեն հեռացրել, նա շարունակում է աշխատել «Ձորակ» հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ում:

Aravot.am-ի հետ զրույցում «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի» տնօրեն Սամվել Խաչատրյանն ասաց, որ Թերեզա Օհանյանին աշխատանքից չի ազատել, որովհետեւ վերջինս բարեխիղճ աշխատող է: Նա նաեւ ճշգրտեց՝ լողացնելու հետեւանքով այրվել է Սոնա Հակոբյանի ոչ թե մարմինը, այլ՝ միայն ոտքերը. «Դա կատարվել է տեխնիկական խնդիրներից ելնելով, ջուրը միանգամից է տաքացել, ջուրը թափվել է հիվանդի ոտքերին, նրա կյանքին վտանգ չի սպառնացել: Երբ Սոնային բերել են խնամքի կենտրոն, նրա ոտքերը եղել են ցրտահարված: Տաք ջուրն էլ, երբ լցվել է ոտքերին, մաշկը թեթեւ է եղել, այրվածք է տեղի ունեցել, եթե ոտքերը չլինեին ցրտահարված, այդ խնդիրն էլ չէր առաջանա»:

Տնօրենի խոսքով, այրվածք ստացած իրենց կենտրոնի սանը քսան օր հիվանդանոցում է բուժում ստացել ու դուրս գրվել, այժմ կրկին իրենց կենտրոնում է. «Բողոք չունենք այս խնդրով, ընդհակառակը նրա հարազատները եկել, գնացել են, բողոք չունեն: Պարզապես չգիտեմ՝ուժային մարմիններն ինչ շահագրգռվածություն ունեն այս գործով: Մեր աշխատակցին՝ Թերեզային, համոզել էին՝ իրեն մեղավոր ճանաչի, ինքն էլ տարիքով, խելոք կին է, նման ձեւակերպում էր տվել, որ իրեն մեղավոր է ճանաչում: Խաբել էին, ասել էին՝ այդպես գրի, գործը կարճենք, Թերեզան էլ գրել էր, մեկ էլ տեսավ՝ դատարան են կանչում: Չասեմ անզգուշությամբ, բայց իր արարքի համար իրեն նկատողություն էր տրված, չնայած ինքը նկատողության արժանի չէր, ինքը շատ բարեխիղճ աշխատող է եւ իր մեղավորությունը չէր դա, կրկնում եմ՝ դա տեխնիկական խնդիր էր՝ հոսանքն անջատվել էր, եկել էր, ջուրը կաթսայից հետ էր գնացել, խցանում էր առաջացել»:

Սամվել Խաչատրյանն ասաց, որ Թերեզա Մանասերյանը ստացել է գրավոր նկատողություն՝ կարգապահական տույժ այն էլ նրա համար, որ «Մյուսները չմտածեն, թե նման դեպք եղավ, ուրեմն մնացածն էլ կարող են պատճառել նման խնդիր, որ մնացածն էլ ավելի զգոն ու ուշադիր լինեն, տվել եմ կարգապահական տույժ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930