Արդյոք Իրաքյան Քրդստանը կդառնա՞ անկախ պետություն. BBC

Արդյոք Իրաքյան Քրդստանը կդառնա՞ անկախ պետություն. BBC

Իրաքի քրդերը սեպտեմբերի 25-ին քվեարկում են անկախության հանրաքվեում, որը քննադատության է արժանացել երկրի ներսում և դրա սահմաններից դուրս, հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան  և «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիան խնդրել են 2 տարով հետաձգել հանրաքվեն:

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին ասել է, որ հանրաքվեն հետաձգելու համար արդեն չափազանց ուշ էր:

Ինչու էր անցկացվում հանրաքվե

Բարզանին և նրա թիմակիցները պնդում են, որ տարիներ շարունակ քրդերի իրավունքների ոտնահարումից հետո եկել է ժամանակը հիմնել անկախ պետություն:

Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, որը գտնվում է Էրբիլ քաղաքում, Բաղդադի կենտրոնական կառավարությանը մեղադրում է  նաև նրանում, որ քրդերին մշտապես դուրս են թողնում իշխանության և ռեսուրսների հավասար բաշխման համակարգից:

Հանրաքվեին աջակցող իրաքյան քրդերն ասում են, որ անկախությունը «բնական իրավունք է», իսկ քրդական պետության հիմնումը կայունություն կբերի տարածաշրջան:

Ի՞նչ հարց են տալիս հանրաքվեին

Ընտրողները պատասխանում են «այո» կամ «ոչ» հետևյալ հարցին. «Ցանկանու՞մ եք, որ Քրդստանի շրջանը և Քրդստանի շրջանի սահմաններից դուրս քրդական տարածքները դառնան անկախ պետություն»:

Ձևակերպման մեջ նշվող «քրդական տարածքները» այն վիճելի տարածքներն են, որոնք գտնվում են քրդական փեշմերգա ռազմականացված խմբավորման վերահսկողության տակ:

Այդ տարածքներում է գտնվում, այդ թվում նավթող հարուստ Քիրկուք քաղաքին  հարող շրջանը և Իրաքի հյուսիսային նահանգներում քրդական քաղաքները:

Ո՞վ է քվեարկում և որտե՞ղ

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ավելի քան 5 միլիոն ընտրող, հիմնականում քրդեր, պայմանով, որ նրանք գրանցված են քվեարկության համար: Ներկայացնելով կառավարության կողմից տրված մթերքաբաժինների վրա նշված հայտարարությունը՝ նրանք հաստատում են, որ մշտական բնակություն ունեն Քրդստանի ինքնավար շրջանում կամ քրդերի կողմից վերահսկվող վիճելի տարածքներում:

Արաբները, թուրքմենները և եզդիները, ինչպես նաև քրիստոնյա ասորիները և քաղդեացիները կարող են քվեարկել, եթե ունեն անհրաժեշտ փաստաթղթեր. նույնը վերաբերում է նաև այլ երկրներում ընտրողներին:

Ի՞նչ է մտածում Իրաքի կառավարությունը քվեարկության մասին

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ասում է, որ այդ քայլն «անօրինական» է և «հակասահմանադրական»:

Բաղդադում Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը և խնդրել Աբադիին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրաքի միասնականության խաթարումը կանխելու համար:

Սեպտեմբերի 14-ին խորհրդարանը քվեարկեց Քիրկուքի նահանգապետին հեռացնելու օգտին, որն ազգությամբ քուրդ է և ակտիվորեն աջակցում է հանրաքվեին:

Իրաքի զինվորականների խոսքով՝ հանրաքվեն կազդի «Իսլամական պետության» հետ հակամարտության վրա, որը նախկինի պես վերահսկում է որոշ վիճելի տարածքներ, այդ թվում Քիրկուք նահանգի Հաուիյյա քաղաքը:

Արդյո՞ք Իրաքի բոլոր քրդերն են անկախության կողմնակից

Իրաքյան քրդերի որոշ քաղաքական գործիչներ, գործարարներ և հանրային գործիչներ հիմնել են «Ոչ հիմա» շարժումը՝ հայտարարելով, որ ներկա տնտեսական իրավիճակը անվտանգության հետ կապված խնդիրների ֆոնին տեղին չէ հանրաքվե անցկացնելու համար:

Որոշ իրաքյան քրդեր արշավ են սկսել անկախության հանրաքվեն հետաձգելու ուղղությամբ:

Արշավի մյուս անդամները հայտարարում են, որ հանրաքվեն ունի ոչ այնքան իրավաբանական ուժ, որքան իրենից ներկայացնում է հասարակական կարծիքի հարցում, և օգտագործվում է Բարզանիի կուսակցության և անձնական հեղինակությունն ամրապնդելու համար:

Նրանք պնդում են, որ հանրաքվեն իրական անկախություն չի բերի, այլ կհանգեցնի միայն հակամարտությունների և տնտեսական խնդիրների:

Քիրկուք շրջանի արաբական և թուրքմենական կուսակցությունների մեծ մասը բոյկոտել են հանրաքվեն: Քվեարկությանը չեն մասնակցել նաև եզդիները:

Ի՞նչ են մտածում Իրաքի հարևանները

Թուրքիան և Իրանը դեմ են հանդես գալիս հանրաքվեին: Անկարան այն անվանում է «պատմական սխալ», իսկ Թեհրանը՝ «վտանգավոր քայլ»:

Նրանք մերժում են քվեարկությունը գլխավորապես այն բանի համար, որ իրենց երկրներում էլ քրդական փոքրամասնություն կա, որը շատ ավելի մեծ թիվ է կազմում, քան Իրաքյան Քրդստանի բնակչությունը:

Այնուամենայնիվ, Անկարան և Թեհրանը լուրջ տնտեսական շահեր ունեն Իրաքյան Քրդստանում, որը միջազգային շուկա նավթ է արտահանում Թուրքիայի Ջեյհան նավահանգստային քաղաքով և իր չմշակված նավթը նավթամթերքի հետ է փոխարինում Իրանում:

Սիրիայի կառավարությունը դեռ հստակ դիրքորոշում չի արտահայտել հանրաքվեի վերաբերյալ, բայց Դամասկոսը, ամենայն հավանականությամբ, կնախընտրեր պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանային լուրջ անկայունության պայմաններում:

Ի՞նչ են մտածում քրդերը հարևան երկրներում

Սիրիայի քրդերը, որոնք գտնվում են ԻՊ հետ պայքարի ճակատային գծում, դեմ են անկախ քրդական պետություն ստեղծելու գաղափարին և միայն ինքնավարություն են պահանջում Սիրիայի հյուսիսայի հատվածի համար, որը նրանք անվանում են Ռոջավա:

Բայց միաժամանակ նրանք պնդում են, որ պատրաստ են հարգել իրաքյան քրդերի մեծամասնության կարծիքը հանրաքվեում՝ անկախ արդյունքներից:

Թուրքիայի քրդերը պաշտպանում են անկախության գաղափարը, որոշ թուրք-քրդական կուսակցությունները մեծ նշանակություն են տալիս հանրաքվեին:

Մինչդեռ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) քվեարկությունը համարում է քարոզչական հնարք, որը նպատակ ունի պահպանել Բարզանիի իշխանությունը:

PKK-ն պնդում է, որ քրդերը դրա փոխարեն պետք է պաշտպանեն «ժողովրդավարական ինքնավարությունը»:

Իրանի քրդական կուսակցությունների մեծ մասը պաշտպանում է հանրաքվեն՝ հույս ունենալով, որ իրանական քրդական շրջանը կարող է ինչ-որ կերպ հետևել հարևան իրաքյան քրդերի օրինակին:

Ի՞նչ կարող է լինել արդյունքը

Եթե հանրաքվեն անցնի նախատեսված սցենարով, ընտրողների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ կողմ կքվեարկի: Սակայն Իրաքի կենտրոնական կառավարությունը հայտարարում է, որ չի ընդունի քվեարկության արդյունքները:

Իրաքի հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ չի զբաղվի քվեարկության մոնիթորինգով, ուստի պաշտոնական դիտորդներ հանրաքվեում չկան:

Իրաքյան քրդերի ներկայացուցիչները հայտարարում են, որ ընդունվել են անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցները՝ հանրաքվեի ընթացքում և դրանից հետո անկարգությունները կանխելու համար:

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ զինված բախումներ տեղի ունենան վիճելի տարածքներում, հիմնականում Քիրկուքում, որտեղ իրաքյան բանակը քվեարկությունից երկու օր առաջ պատրաստվում էր զորքեր տեղակայել՝ Հաուիյյայի շրջանում ԻՊ-ի վրա հարձակում գործելու համար:

Եթե քվեարկության արդյունքները դրական լինեն, բայց իրաքյան քրդերը անկախ պետություն չհռչակեն, ապա հանրաքվեի արդյունքը խաղաքարտ կդառնա Էրբիլի և Բաղդադի կառավարությունների միջև տարածքային և բնական ռեսուրսների շուրջ բանակցություններում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք