Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերեն՝ արտագաղթողների համար

Սեպտեմբեր 26,2017 14:24
rus

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը մեր կրթական համակարգի չարաչար ձախողման ինքնախոստովանությունն է:

Հայեցակարգի գլխավոր նպատակ է հռչակված ռուսաց լեզվի ուսուցման բարձր որակի ապահովումը: Իսկ երբ դրան հասնելու միջոցներ են համարվում ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը, ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ու դասարանների ավելացումը, ապա դա նշանակում է, որ փաստաթղթի հեղինակները սովորական հայկական դպրոցների հետ այլևս հույսեր չեն կապում:

Բայց չէ՞ որ այդ դպրոցներում 11 (նախկինում՝ 10) տարի ռուսերեն են սովորում (մի 3-4 տարի էլ՝ բուհում): Միայն դպրոցի այդքան տարվա ռուսերենի դասագրքերի բովանդակությունը և ուսումնական ծրագրերը ենթադրում են այդ լեզվի բանավոր ու գրավոր լիարժեք յուրացում: Մանավանդ որ մեր երեխաները ռուսերեն սովորում են ոչ միայն դպրոցում, այլև հեռուստատեսությամբ, համացանցով և այլն (նրանց դիտած մուլտերի ու շարժանկարների մի չնչին մասն է ստեղծված կամ թարգմանված հայերեն, և նույնիսկ հայկական ալիքների մեծ մասի եթերը լի է ռուսերենով՝ ի հեճուկս մեր օրենսդրության): Հատկապես մեր մայրաքաղաքում բավական շատ են ռուսախոս կամ պարբերաբար ՌԴ մեկնող ու տարիներով այնտեղ ապրող ընտանիքները:

Ուրեմն ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ որակյալ դասագրքերով ռուսերենի տասնամյա դասավանդումը բավարար արդյունք չի տալիս, ինչպես որ չի տալիս մյուս բոլոր դպրոցական առարկաների (ներառյալ՝ հայոց լեզվի) դեպքում: Այո՛, պիտի խոստովանենք, որ սովորական բան է երկրաչափությունից, քիմիայից, կենսաբանությունից կամ մեկ այլ առարկայից զրոյական գիտելիքով, անգլերենից կամ ռուսերենից ոչ տառաճանաչ դպրոցական շրջանավարտը: Դժբախտաբար կան նաև հայերենից ոչ տառաճանաչ շրջանավարտներ (դրա մասին պարբերաբար ահազանգներ են հնչում մեր զինված ուժերից): Ի՞նչն է պատճառը: Մի՞թե, մեր երեխաները կամ ուսուցիչներն են բութ: Իհարկե, ո՛չ: Պատճառը միանգամայն այլ է:

Օրինակ՝ Լիբանանի հայկական դպրոցների շրջանավարտները լիարժեք տիրապետում են 4 (չորս) լեզվի՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ինչպե՞ս: Շատ պարզ: Այդ դպրոցներում կաշառք չեն վերցնում, և ուսուցիչները պատշաճ կերպով վարձատրվում են:

Ինչո՞ւ մեր պետական բուհերը բավականաչափ որակյալ մանկավարժներ (և այլ մասնագետներ) չեն պատրաստում և այժմ ուսանողական համակազմի ճգնաժամի մեջ են հայտնվել: Մինչդեռ Հայաստանի ամերիկյան, ֆրանսիական և այլ օտար համալսարաններ իրենց թանկությամբ հանդերձ բարգավաճում են և որակյալ կրթություն ապահովում: Պատճառը նույնն է: Դրանցում կաշառք չեն վերցնում, և դասախոսները պատշաճ կերպով վարձատրվում են:

Իսկ անհնա՞ր է, որ մեր հայրենական կրթական հաստատություններում էլ կաշառք չվերցնեին, և մանկավարժը պատշաճ վարձատրություն ստանար: Ցավոք, անհնար է: Եթե հնարավոր լիներ, վերոհիշյալ փաստաթղթի փոխարեն մեկ այլ՝ «ՀՀ դպրոցներում ու բուհերում կրթության որակի արմատական բարձրացման հայեցակարգ» կգրվեր, որի իրականացմամբ բոլոր առարկաների (այդ թվում՝ ռուսաց լեզվի) լիարժեք դասավանդման խնդիրը կլուծվեր: Բայց դա հնարավոր չէ անել, քանի որ մեր կրթական համակարգը արատավոր օղակի մեջ է հայտնվել, որը ճեղքելը հերակլեսյան սխրանք է պահանջում: Մեր վարչաքաղաքական ասպարեզում, ցավոք, Հերակլես չկա:

Դպրոցը գոնե բարձր աշխատավարձով պետք է գրավիչ լինի, որ իրական (այլ ոչ թե ձևական) մրցույթներով ընտրի և իրենով անի բուհերի լավագույն շրջանավարտներին: Սրանք էլ ազնիվ մրցակցության պայմաններում կկարողանան ապահովել կրթության բարձր որակ և իրենց դպրոցի բարձր վարկանիշ: Թույլ մանկավարժները կմաղվեն, դուրս կգան ասպարեզից: Բուհերի դիմորդների մակարդակը կբարձրանա և բարձր որակ կպարտադրի դասախոսներին: Բուհերը կկարողանան վերջ տալ խոտան արտադրանքին: Դպրոցների համար դա ավելի դժվար կլինի կրթության պարտադիր լինելու պատճառով: Բայց այդ խոչընդոտը կարելի է մասամբ շրջանցել զուգահեռ դասարաններն ըստ առաջադիմության տարբերակելով ու դրանցից ուժեղները մրցույթով համալրելով: Երազենք, գուցե մի օր իրականություն դառնա:

Կրթության ընդհանուր որակի վրա թքած ունենալով՝ մի առարկայի (տվյալ դեպքում ռուսաց լեզվի) ուսուցման որակի վրա կենտրոնանալը միայն ավելի կքայքայի ներկայիս դպրոցը: Ընդհանուր արատավոր շղթայի մեջ անհնար է միայն մի օղակ կարգի բերել: Չլինի՞ մտադրություն կա միայն ռուսերենի ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրացնել: Խտրականության այդպիսի փորձ արվել է խորհրդային տարիներին, բայց ձախողվել է հնարավոր սոցիալական լարվածության պատճառով:

Իսկ ի՞նչ է տալու ռուսերենը մյուս օտար լեզուներից տարբերակելու և դրանց հակադրելու փորձը: Չլինի՞ հայ երեխաների համար նախատեսված ռուսերենի դասագրքերի վրա խորհրդային տարիների պես պիտի սկսեն գրել «Родной язык» (հարազատ, այսինքն՝ մայրենի լեզու):

Հայեցակարգը խնդիր է առաջադրում նաև «սովորողներին բազմազգ և բազմամշակույթ ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն» նախապատրաստելը: Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանը առայժմ բազմազգ չէ: Բայց այդպիսին կդառնա, եթե հայերը նույն թափով շարունակեն արտագաղթել, և նրանց փոխարեն ներգաղթեն պարսիկներ, արաբներ, քրդեր, թուրքեր, աֆրիկացիներ… Ա՞յս հեռանկարը նկատի ունեն հայեցակարգի հեղինակները: Մյուս կողմից՝ իսկապես բազմազգ է Ռուսաստանի Դաշնությունը, ուր հաճույքով գնում են հայերը, մանավանդ եթե ռուսերենից քիչ թե շատ գլուխ են հանում: Ուրեմն հայեցակարգը այդ արտագաղթին նպաստելո՞ւ խնդիր ունի: Սա շատ ավելի հավանական է: Այդ դեպքում ավելի անկեղծ լինենք և փաստաթուղթը պարզապես որակենք արտագաղթի խրախուսման հայեցակարգ:

Հայեցակարգի քննարկումներում ասվում է նաև, թե ռուսերենը հայ սովորողի համար գիտության ոլորտ մտնելու գլխավոր բանալին է, քանի որ մեր գրադարաններում մասնագիտական գրականության մեծ մասը ռուսերեն է: Հարկ է առարկել, որ նկատի առնված գրականությունը խորհրդային տարիներից է ու ակնհայտորեն հնացած է (անկախության տարիներին գրադարանների համալրումը խիստ նվազել է, բազմաթիվ գրադարաններ էլ վերացել են), իսկ համացանցի անգլերեն գիտական նյութերը շատ ավելի էժան են ու մատչելի: Հետևաբար անգլերենը ավելի հարմար բանալի է: Բայց մեր ազգային խնդիրը մեր պետական լեզուն՝ հայերենը, այդպիսի բանալի դարձնելն է: Էստոնացիները, որ մեզնից քիչ են, կարողացել են իրենց լեզուն այդպիսի բանալի դարձնել: Մենք այդ խնդիրն ավելի արագ կլուծեինք, եթե մեր պետական այրերը գեթ մի փոքր մտահոգված լինեին այդ ուղղությամբ և, օրինակ, մշակեին «ՀՀ կրթական հաստատություններին անհրաժեշտ մասնագիտական արդիական գրականությունը հայերենացնելու հայեցակարգ»՝ այդ կարևոր գործում ներգրավելով ոչ միայն դասախոսներին, այլև ուսանողներին, ակադեմիական հիմնարկների գիտաշխատողներին, սփյուռքի մտավորականությանը:

Կարելի է, չէ՞, ուրիշներից լավ օրինակ վերցնել, այլ ոչ թե պարել սրա-նրա դուդուկի տակ…

Հովհաննես ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մուրացանի նկարագրած գավառական խուլ գյուղի՝ խարխուլ փայտե պատերով և կաթող տանիքով դպրոցի կիսագրագետ տիրացուի նոթեր: Պուշկինը կամ Շուկշինը գերեզմանում շուռ չեն գա, եթե Հայաստանում վատ ռուսերեն խոսեն, կամ էլ չխոսեն ընդհանրապես: Իսկ ահա ռուսերեն վատ իմացող և համալսարանում հազիվ տառկապ անող ապագա մասնագետը իսկապես սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև ինչ լավ բան դուրս կգա անգրագետ բժշկից կամ պատմաբանից, ով ռուսերենով գիտական գրականություն ընթերցելու հնարավորություն չունի, իսկ անգլերենով էլ ամեն ինչ չէ, որ կա կամ օբյեկտիվ է, հատկապես՝ հումանիտար բնագավառին վերաբերվող գրականությունը: Ես ինքս տիրապետում եմ չորսից ավել լեզուների և գիտեմ, ինչի մասին եմ խոսում:

    • Հովհաննես says:

      Սիրելի՛ Մարինա
      Շատ լավ է, որ չորսից ավելի լեզու գիտեք:
      Բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե հոդվածը կարդում եք ու դրա իմաստը չեք հասկանում կամ հակառակն եք հասկանում…
      Գուցե նորի՞ց կարդաք, բայց ավելի ուշադիր ու մտածելով…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930