Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի նախարարը խուսափեց Արցախն ու Կոսովոն նույն հարթության վրա դնել

Սեպտեմբեր 27,2017 14:56

Չե՞ք կարծում, որ Անգլիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Արցախի հանդեպ պետք է որդեգրի նույն դիրքորոշումը, ինչը որ ունի Կոսովոյի հանդեպ: Այս հարցն այսօր Ազգային ժողովում Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքնին տվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը: Հիշեցնենք՝ Բրիտանիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը:

Բրիտանացի պաշտոնյան շատ ուղիղ տրված հարցերին բավականին խուսափողական պատասխաններ տվեց, ասելով, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացները:

Իսկ ցեղասպանության ճանաչման հարցին էլ ի պատասխան ասաց, որ ինքը առավոտյան եղել է Ցեղասպանության հուշահամալիրում եւ դատապարտում է տեղի ունեցածը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին էլ հետաքրքրում էր բրիտանացի պաշտոնյայի դիրքորոշումը «ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած եվրոպական կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ. «Հատկապես, որ այդ կազմակերպությունները, որտեղից գումարներ են փոխանցվել եվրոպացի պատգամավորներին եւ չինովնիկներին, բացված են եղել Անգլիայում եւ Շոտլանդիայում: Չե՞ք կարծում, արդյոք, որ Անգլիան եւս պետք է հետեւի եվրոպական այն երկրների օրինակին, որտեղ հետաքննություն է սկսվել ներկա եւ նախկին այն պատգամավորների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, ում անունը շոշափվում է այդ սկանդալում»:

Բրիտանացի պաշտոնյան ասաց, որ իր երկրում ընդունված կարգի համաձայն՝ պատգամավորներն են վերահսկում կառավարության աշխատողներին: Բայց ինքը շատ կարեւորում է հայաստանցի պատգամավորի բարձրացրած հարցը եւ կարծում է, որ բրիտանական «Գարդիան» լրատվամիջոցը կշարունակի իր հետաքննությունը այդ սկանդալի վերաբերյալ:

Բրիտանացի նախարարը, սակայն, ասաց, որ ինքը չի հիշում իր երկրից որեւէ պատգամավորի անուն, որ շոշափվում է այդ սկանդալում: Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավեց՝ Ռոբերտ Ուոլթեր: Վերջինս, հիշեցնենք, հեղինակել էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, որը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց:

Բրիտանացի պաշտոնյան հակադարձեց, թե պարոն Ուոլթերը արդեն 6 տարի է՝ պատգամավոր չէ: Նաիրա Զոհրաբյանը ուղղեց նրան՝ «լավ չեք հիշում, ընդամենը 1 տարի է, ինչ պատգամավոր չէ»:

Ամեն դեպքում, բրիտանացի պաշտոնյան ասաց, որ կիսում է հայաստանցի պատգամավորի մտահոգություններն ու մտավախությունները եւ հույս ունի, որ իր երկրի իրավապահները ուշադրության կենտրոնում կպահեն այդ հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930