Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարվա «Օպել Աստրայի» մաքսազերծումը շուտով կարժենա 4000 եվրո ներկայիս 1000-ի փոխարեն».Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 27,2017 19:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու կորուստները» խորագրով հանրային քննարկմանը քաղաքական հարթությունում կարծիքների բախում գրանցվեց ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև:

Մոտեցումները տարբեր են նաև տնտեսական հարթություն տարված քննարկումներում: Փորձագետների մեծամասնության դիտարկումները վկայում են այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության վնասները Հայաստանի համար ավելին են, քան օգուտները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց. «ԵԱՏՄ-ում գործող մաքսային դրույքաչափերի 76 տոկոսն այլ է, քան Հայաստանի տնտեսական շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք մաքսային օրենսդրությամբ ժամանակին սահմանվել էին: Դրույքաչափերի երեք քառորդը ոչ թե այնպիսին են, որ բխում են ՀՀ տնտեսական շահերից, այլ ԵԱՏՄ անդամ վեց երկրների՝ առաջին հերթին, իհարկե, ՌԴ շահերից»:

Պարոն Իոաննիսյանը ևս մեկ մտահոգիչ փաստ ներկայացրեց. «ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո 1700 ապրանքների մաքսային դրույքաչափերը նվազել են, 6300-ինն արդեն ավելացել են, ևս 700 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը թանկանալու են առաջիկա տարիներին, առյուծի բաժինը՝ 2020-ին: Այդ ապրանքների նմանօրինակը ԵԱՏՄ տարածքում չկա, որպեսզի այլընտրանք լինի»:

Դանիել Իոաննիսյանը հանրությանը զգուշացրեց, որ 15 տարվա «Օպել Աստրայի» մաքսազերծումը շուտով կարժենա 4000 եվրո ներկայիս 1000-ի փոխարեն:

Մյուս մտահոգությունն առաջացնում է այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ դառնալով, բացառապես կախման մեջ է ընկնում Լարսի ճանապարհից, որը հաճախ փակվում է:

Եզրափակելով մտահոգությունների շարանը՝ պարոն Իոաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդանմակցությունից հետո այլևս չի կարող երրորդ երկրների հետ առևտրային համաձայնագրեր կնքել. օրինակ՝ ԵՄ-ի հետ, որն ունի 40 անգամ ավելի մեծ տնտեսություն և 7,5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ հորդորեց տնտեսական բաղադրիչը չառանձնացնել քաղաքականից և դիվանագիտականից, բայց նաև շեշտեց, որ հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակը չէ. «Եկեք խորանանք, թե 2013-ին ինչու այդ հայտարարությունը ՀՀ նախագահը հանկարծակի որոշեց ներկայացնել հանրությանը: Պետք է հասկանանք, որ այնպիսի խոսակցություն է տեղի ունեցել, որ կարող էր այլ որոշման դեպքում առաջացնել էական ռիսեր: Կյանքը ցույց տվեց, որ իրականում այդ ռիսկերը գոյություն ունեն»:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը շեշտեց, թե ՀՀ-ն դեմ չէ ԵՄ-ի հետ համագործակցությանը. «Մինչև 2013 ՀՀ իշխանությունները հստակ աշխատում էին ԵՄ-ի հետ, և մենք նրանց հետ գնում էինք պայմանագրի ստորագրման, բայց հենց Եվրամիության՝ կամ-կամ-ի դիրքորոշումը բերեց նրան, որ մենք ստորագրեցինք պայմանագիր ԵԱՏՄ-ի հետ: Երեք տարի անց ԵՄ-ն ընդունել է այն փաստը, որ կարելի է նաև համագործակցել և՛ այս, և՛ այն միության հետ»:

Պարոն Թևիկյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պահանջում են, որ Հայաստանը փակի ատոմակայանը, մինչդեռ դա այն օբյեկտն է, որն ունի ռազմավարական նշանակություն ՀՀ համար: Իսկ թե ինչի հանգեցրեց ատոմակայանի փակումը, տեսանք 1988-ին: Պարոն Թևիկյանը նաև փաստեց, որ վերջին տարիներին բազմաթիվ դրամաշնորհներ ենք ստանում ԵՄ-ից, ԱՄՆ-ից, սակայն ոչ մի անգամ ոչ մի արդյունաբերության ճյուղ չի զարգացել, միայն վերջին տարիներին է մեզ մոտ վերականգնվում թեթև արդյունաբերությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930