Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կարող է տիեզերական արբանյակ ունենալ, ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան

Սեպտեմբեր 27,2017 19:45

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կայացավ «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց՝ կոնվենցիային, որը ՄԱԿ-ը վավերացրել է 1972թ.-ին, միացել է ավելի քան 100 երկիր:

Դրա վավերացումը ՀՀ-ի համար նախատեսում է մի շարք պարտավորություններ, օրինակ՝ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում երկրագնդի մակերեւույթին կամ թռիչքում գտնվող օդանավերին իր տիեզերական օբյեկտի կողմից պատճառված վնասի դիմաց փոխհատուցում վճարելու համար:

Բացի այդ, եթե կոնվենցիան վավերացրած որեւէ պետություն վնաս է պատճառում մեկ այլ երկրի տիեզերական օբյեկտի, պարտավորվում է փոխհատուցում վճարել: «Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ-ում արբանկայաին կապի ներդրմանը եւ զարգացմանը: Վավերացումը ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում»,-նշեց Արման Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ կոնվենցիան վավերացրած երկրներն ունեն արբանյակ. «Ադրբեջանն ունի արդեն մեկ արբանյակ, Թուրքիան՝ չորս, իսկ Վրաստանն ու Իրանը չունեն եւ հիմնականում ադրբեջանական արբանյակից են օգտվում: Առանց կոնվենցիան վավերացնելու՝  ոչ մի երկիր չի կարող տիեզերք արբանյակ ուղարկել»:

Հանձնաժողովականները կողմ քվեարկեցին օրինագծին, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այն կընդգրկվի ԱԺ նիստի օրակարգում: Նույնը վերաբերում է նաեւ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Դա էլ իրենից ներկայացնում է միջազգային գործակցություն՝ տիեզերական տարածության հետազոտման ոլորտում, աղետների դեպքում տիեզերագնացներին աջակցության ցուցաբերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930