Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Միսս Հայաստան» մրցո՞ւյթ կկազմակերպվի. Գոհար Հարությունյանին դատի են տվել

Սեպտեմբեր 29,2017 14:42

«Ինչո՞ւ «Միսս Հայաստան», ինչո՞ւ խլել անունը, թող այլ անվան ներքո մրցույթ իրականացնեին»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հարցրեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը:

Տեղեկացնենք, որ «Միսս Հայաստան» գործակալությունը դիմել է դատարան՝ օրերս Հայաստանում անցկացված գեղեցկության մրցույթին, հատկապես կազմակերպիչ, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար։

Պարոն Արիստակեսյանը պարզաբանեց, թե հատուկ ընթացակարգ կա հրապարակային մրցույթ հայտարարելու համար: Նա մանրամասնեց. «Սկզբում պետք է լիներ Armenian beauty contest, հետո մրցույթի օրը հայտնվեց նաև «Միսս Հայաստան» ժապավենը: Խախտվեց հրապարակային մրցույթ հայտարարելու կարգ: Երբ մրցույթի անունը փոխվում է, ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ յուրաքանչյուր փոփոխման դեպքում ժամկետ են սահմանում մրցույթ հայտարարելու, դրվում են չափորոշիչներ, որ նոր մրցույթի անվան տակ մարդիկ գան, մասնակցեն: Ես ասել եմ, որ եթե մրցույթ է կազմակերպվում, պատրաստ եմ աջակցել, համագործակցել: Եթե անկախ են անում մրցույթ, ուրեմն այլ անունով պետք է անեն, բարձրացնեն իրենց մրցույթի անունը: Ազգային մրցույթ լինում է, երբ ծավալներն են մեծ, ենթակառուցվածքային խնդիրներն են լուծված»:

Պարոն Արիստակեսյանը տեղեկացրեց՝ երևի թե ստիպված է լինելու նոր մրցույթ կազմակերպել. «Ես կարող եմ ասել, թե ինչպես եմ պատկերացնում «Միսս Հայաստանի» ապագան: Երևի թե ստիպված եմ լինելու հայտարարել «Միսս Հայաստան» մրցույթ, ընդունելություն կազմակերպել աղջիկների, բոլոր շահագրգիռ անձանց, որպեսզի արվի գեղեցկության և նրբագեղության մրցույթ իրականում գեղեցիկը գնահատելու համար: Գեղեցկությունը մասնագիտություն չէ, մինչդեռ մանեկենությունը`այո. մեկից մյուսը մեկ քայլ է։ Մրցույթին կարող էին մասնակցել 170 սմ սկսած հասակ ունեցող աղջիկները, այլ ոչ թե 165 սմ սկսած, ինչպես եղավ անցկացված մրցույթին։ Սակայն ես չեմ իջնի, քննարկի կամ քննադատի անցկացված մրցույթի մակարդակը»։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ մինչև այժմ նման մրցույթ չէր կազմակերպում, Կարեն Արիստակեսյանը պատասխանեց՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

«Միսս Հայաստան» գործակալության փաստաբան Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի վերջին։ Ակնկալվում է մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված հնարավոր վնասի փոխհատուցում, նաեւ այն, որ առնվազն մինչեւ 2026-ը «Միսս Հայաստան» անվանումը կարող է օգտագործել միայն գործակալությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930