Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին

Սեպտեմբեր 29,2017 18:54

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության եւ հեղինակության բարձրացման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները եւ օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում: Արա Բաբլոյանը նշել է. «Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից եւ կրոնից»:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջեւ համագործակցության եւ իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ:

Արա Բաբլոյանը պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ:

Երեւանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները համանուն հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930