Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ելքի» նախաձեռնությունը իշխանությանը ձեռք է տալիս»

Սեպտեմբեր 30,2017 17:30

Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է՝ ժամանակին Էդմոն Մարուքյանն ասում էր՝ ԵՏՄ-ից պիտի օգուտներ քաղենք

Ինչպես հայտնի է, «Ժառագություն» կուսակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ էր ունենում ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ ձեւավորելու համար: Հիմա դրանք դադարեցված են: Թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մայիս-հունիսի սկիզբ ինչ եղել է, այդպես էլ մնացել է, որեւէ  բան չի եղել»: Հարցին՝ արձագանք չեղավ քաղաքական ուժերից, դրա՞ համար է դադարեցված՝ նա պատասխանեց. «Ոչ միայն արձագանք չեղավ, այլեւ որոշակիորեն բացասական արձագանք եղավ: Հենց այդ պատճառով է, որ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ մենք չենք կազմակերպելու, մենք ցանկանում ենք, եթե իրենք կցանկանան՝ մենք պատրաստ ենք»:

Խոսելով «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ուրախ եմ, որ «Ելք»-ի մեր գործընկերները տարիներ անց մեր տեսակետին մոտեցան: «Ժառանգությունը» հենց առաջին օրվանից է դրան դեմ եղել եւ գործընթացներ իրականացրել: Այդ պահին իրենք, որպես առանձին միավորներ, չմիացան, այլ մոտեցումներ ունեին: «Ժառանգությունից» ընտրված «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ երբ ներկայացրեց, Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց այդ նախաձեռնությանը: Հիմա եթե իրենք այդպիսի ցանկություն ունեն, շատ լավ է: Ընդ որում, մինչեւ վերջերս իրենք տարբեր մոտեցումներ էին արտահայտում, եռյակից կարող եմ ասել, միայն Արամ Սարգսյանն է մշտապես դեմ եղել, հիմա կարծես թե միասնական մոտեցում է ձեւավորվել, որը դրական եմ գնահատում»:

Այս օրերին «Ելքի» անդամները վերլուծություններ են ներկայացնում, թե ԵՏՄ անդամակցությունն ինչ վնաս է տվել մեզ: Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց. «Նախկինում Փաշինյանը դեմ է եղել, Էդմոն Մարուքյանն ասում էր՝ ԵՏՄ-ից պիտի օգուտներ քաղենք: Լավ է, որ այդ բացասական տվյալները ներկայացնում են, բայց կարելի էր նաեւ ժամանակին այդ բացասական տվյալները, որը ասում էինք ոչ միայն մենք, այլեւ տնտեսագետներ, քաղաքագետներ, ժամանակին լսվեր, եւ փորձեինք միասնական ջանքերով կանգնեցնել, որովհետեւ այս դեպքում հայկական ասացվածքով պետք է առաջ շարժվել՝ էշին նստելը մի խնդիր է, էշից իջնելը՝ երկու խնդիր»:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Խորհրդարանն ըստ էության պրոռուսական է ձեւավորվել՝ ամբողջությամբ: Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետեւ իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելքի» այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. «Օգտավետ է, հատկապես Սերժ Սարգսյան նախագահից Սերժ Սարգսյան վարչապետ իշխանագահափոխանցության շրջանակում: Իր գինը բարձրացնելու համար, որ առանց ինձ այստեղ շատ դժվար կլինի, տեսեք, այսպիսի խնդիրներ կան. սա իշխանությանը ձեռք է տալիս»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930