Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Արոնյանն ամուսնանում է

Սեպտեմբեր 30,2017 16:16

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր ամուսնանում է: Շախմատի աշխարհի նորընծա կրկնակի գավաթակիրը սեպտեմբերի 30-ին ամուսնանում է երկար տարիների իր ընկերուհի Արիանա Կաոիլիի հետ:

Ներկայացնում ենք Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից հատված:

Արիանան նշում է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Փոխադարձ նվիրվածության աստիճանը ցույց տալու միջոց է ամուսնությունը: Կարծում եմ ամեն մեկն ունի ընտրության իրավունք, թե ինչպես պլանավորի իր կյանքը: Օրինակ, Լևոնը պլանավորել էր ու հաղթեց բոլոր մրցաշարերում. սա որոշում ու նպատակ էր, ամուսնությունը նույնպես կարևոր որոշում է մեզ համար։ Երբեմն դու չես կարողանում պլանավորել կյանքդ, սակայն երբ ես և Լևոնը հանդիպեցինք, ապագայի համար հանգիստ էինք։ Մենք ցանկանում էինք մեր 20-ականներն անցկացնել նվաճումների հասնելու և անձնային աճի տրամաբանությամբ, դա այն տարիքն է, երբ մարդը լի է էներգիայով, պայքարելու ցանկությամբ։ Երեխաների ծնվելուն պես դու կորցնում ես այն տեսլականը, ուր ցանկանում էիր գնալ: Մենք ընտրեցինք ու որոշեցինք ամուսնության մասին մտածել ավելի ուշ: Ես չեմ ասում, որ ավելի վաղ տարիքում ամուսնանալը վատ է, ամենևին այդպես չեմ կարծում։ Ուղղակի սա մեր ընտրությունն է ու, ըստ իս, լավ որոշում է։ Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության: Ի դեպ, Լևոնն այս տարի հաղթել է բոլոր մրցաշարերում»։

Արիանան շտապում է մեզ իջեցնել լուսանկարչական երկինքներից. «Ժամանակ չունենք: Սակայն Լևոնն ինձ գործարք է առաջարկել: Ես կազմակերպում եմ ամուսնությունը, նա՝ մեղրամիսը, որն անակնկալ կլինի։ Ներքին զգացողություն ունեմ, որ ուզում է ինձ Հնդկաստան տանել… Տեսնենք։ Բայց երբ կլինի՝ գաղափար չունեմ, մինչև տարեվերջ Լևոնը մրցումների է։ Շատ կուզեի հոկտեմբերի մեկին կամ երկուսին Արցախ գնայինք, ընկերների հետ միասին, ուզում եմ տեսնեն այդ գեղեցկությունը։ Լևոնը 2005 թվականից հետո այնտեղ չի եղել։ Մեկ էլ տեսար՝ իրականություն դարձավ, ուզում եմ հավատալ։ Հանդիպման վերջում մասնագիտական բնավորության գծերը սրվում են, Գարեգինը հիշեցնում է.  նախորդ խմբագրականներից մեկում նշել էիր, որ ուզում ես տղայիդ անունը «Մոնթե» դնել, որոշումն ուժի մե՞ջ է։ Պարզվում է՝ ուժի մեջ է, Արիանայի սերն այդ անվան նկատմամբ չի պակասել, ուղղակի ցուցակում այլ անուններ էլ են ավելացել. «Տղամարդկանց մի քանի հայկական անուններ կան, որ հավանում եմ՝ Սևակ, Արամ, Մոնթե: Ռաֆայել անունն էլ լավն է: Լևոնի հետ որոշել ենք. եթե տղա լինի, ապա ես անուն կընտրեմ նրա համար, իսկ եթե աղջիկ լինի՝ Լևոնը։ Առհասարակ, շնորհակալ եմ Հայաստանից, Լևոնին ինձ պարգևելու համար, վերջին 3 տարիներին իմ նկատմամբ ջերմ և ընկերական վերաբերմունքի համար»: Տան հեռու անկյուններից հաչում է Պոնչիկը՝ հիշեցնելով, որ տիրուհուն շատ զբաղեցնել չենք կարող, որ հարսանյաց հանդեսին մնացել է մի քանի օր ու պետք է պատրաստվեն։ Մեզ մնում է «Ճամփորդ»-ի թիմի անունից շնորհավորել մեր գլխավոր խմբագրին ու սիրելի Լևոնին, մաղթել նրանց երջանիկ միավորում, Արիանային էլ՝ առանձնահատուկ, համեղ տորթեր՝ ամբողջ կյանքի ընթացքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930