Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում. ԱԱԾ

Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում. ԱԱԾ

2017 թվականի սեպտեմբերի 30-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­գության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը:

Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը:

Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում:

Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչև ստորաբաժանման ղեկավար:

2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:

2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:

Աշխատանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Գորիկ Հակոբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգևների:

«Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր է:

Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, ինչպես նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի», «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով:

Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ ձևավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը և անձնակազմը խոր վշտով սգում են Գորիկ Գուրգենի Հակոբյանի մահը և իրենց ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին:

Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից):

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք