«Գաթայի փառատոնը» Խաչիկ գյուղին ճանաչում է բերում (ֆոտոշարք)

«Գաթայի փառատոնը» Խաչիկ գյուղին ճանաչում է բերում (ֆոտոշարք)

«Արենի Փառատոն» հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Խաչիկ գյուղի գյուղապետարանի եւ համայնքների միության նախաձեռնությամբ այսօր Վայոց ձորի Խաչիկ համայնքում չորրորդ անգամ անցկացրեց Գաթայի փառատոնը:

Հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ արտասահմանցի, ճաշակեցին ազգային բազմազան ճաշատեսակներ եւ ուտեստներ, ունկնդրեցին հայկական ազգային երգն ու պարը, վայելեցին խաչիկցիների հյուրասիրությունը, իսկ վերջում հյուրասիրվեցին այստեղ թխված աշխարհի ամենամեծ գաթայով:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը Aravot.am-ի հետ զրույցում  ասաց. «Այս միջոցառման սկիզբն արդեն իսկ խոստումնալից է եւ կարելի է ասել, որ Գաթայի փառատոնը Խաչիկ գյուղում արդեն կայացել է եւ ավելի զարգանալով դառնալու է ներքին ու համաշխարհային շուկայում ճանաչելի, ցանկալի եւ այցելելի: Նման փառատոները անչափ կարեւոր նշանակություն ունեն պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծման առումով: Սա նշանակում է՝  զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր ու համայնքներ, հատկապես՝ սահմանամերձ ու սահմանապահ: Սա նշանակում է՝ այս համայնքի եւ շրջակա համայնքների հյուրընկալության եւ տնտեսական ներուժի բացահայտում ու ներկայացում թե ներքին, թե արտաքին շուկայում, սա նշանակում է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում: Այս փառատոնը  նաեւ զբոսաշրջության այլ ձեւերի զարգացման հարթակ է, կարեւոր երեւույթ՝ տեղական ավանդույթների պահպանման, մոռացվածների վերականգնման: Մենք այս փառատոնի աջակիցներից մեկն ենք»:

Հատկապես Խաչիկ գյուղի ընտրության մասին Մեխակ Ապրեսյանն ասաց. «Սա առաջին հերթին տեղական նախաձեռնություն է, որը շատ կարեւորվում է, եւ թիմային համագործակցության արդյունք, ինչ արդյունքում ի հայտ են գալիս այս համայնքի ներուժն ու հնարավորությունները: Սա լավ օրինակ է մյուս մարզերի համար զբոսաշրջությունը դեպի մարզեր տարածելու առումով: Դա մեր պետական ծրագրերի ուղղություններից մեկն է: Նմանատիպ նախաձեռնությունները պետական աջակցություն են ստանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք