Ամուսնական ճանապարհորդության չեն մեկնում. մանրամասներ` Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ամուսնական ճանապարհորդության չեն մեկնում. մանրամասներ` Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ներկայացնում ենք Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից լուսանկարներ և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված:

Արիանան ինչպես միշտ խաղաղ էր, հավասարակշռված և բացարձակ չէր տրվել զգացմունքներին։ Իհարկե փայլող աչքերն ու ոգևորված ձայնը մատնում էին գալիք երջանկության օրվա սպասումը։ Հետաքրքրվում ենք.  փոքր երկրներում հայտնիները քիչ են, զրույցները՝ շատ։ Արիանա-Լևոն զույգը քչերից է, ինչպե՞ս է ստացվում պահել ներանձնային սահմաններն ու անտեղի քննարկելի չդառնալ։ «Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»։

Արիանան վերջերս հաճախ է բացակայում խմբագրությունից՝ աշխատելով մեզ հետ մեքենայից, հարսանեկան հագուստ փորձելիս ու հյուրերին դիմավորելիս։ Եթե սովորաբար բացակայության հիմնական պատճառները գործուղումներն են, ապա վերջին մեկուկես ամսում զբաղված է անձնական հարցերով, նշում է,որ հենց այս ընթացքում է սկսել հարսանյաց դետալներով զբաղվել, աշխատանքի ռիթմից դուրս ընկնել չէր ուզում, հետո էլ, առանձնապես ճոխություն չի ակնկալում: «Իհարկե, որպես աղջիկ ոգևորված եմ: Սակայն ես չեմ թմբկահարում ամուսնությանս մասին: Իմ ընկերներից շատերը դեռ շատ երիտասարդ տարիքից ընտրել էին հարսանյաց սանրվածքը, մազերի, զգեստի ձևն ու գույնը: Անկեղծ ասած, ես այդ ամենը որոշել եմ մի քանի ժամվա մեջ: Անգամ իմ զգեստն եմ ընտրել այս վերջին ամսվա, ավելի ճիշտ՝ երկու շաբաթվա ընթացքում: Ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չեմ: Ինձ համար առավել կարևորը ամուսնության խորհուրդն է: Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է: Աստված է, որ կապում է մարդկանց միմյանց հետ: Ընտանիքի և ընկերների, ինչպես նաև Հայաստանցի ընկերների շրջապատում այդ գաղափարի տոնումը իրոք առանձնահատուկ է ինձ համար»:

Արիանան ընդգծված սեր ունի Արցախի նկատմամբ, որով վարակել է նաև մեզ, այսպիսով լեռնահայրենիք գնալիս հաճախ ենք ընկերակցում նրան՝ հետներս լուսանկարներ, հոդվածներ, ժենգյալով հաց ու թթի օղի բերելով։ Սովորաբար Արիանային ընկերակցում է մեր գործընկեր Գարեգինը: Հենց նա էլ հետաքրքրվեց.  Արցախ վերջին գործուղման ժամանակ մտածում էր պսակադրության արարողությունը հենց Արցախում կազմակերպել: Ո՞րն է այդ մտքից հրաժարվելու պատճառը: Արիանան թոթովում է ուսերը. «մեյքափը», զգեստը, սանրվածքն իր համար այնքան էլ կարևոր չէր: Գարեգինը ճիշտ է նկատել, շատ կարևոր էր հարսանյաց վայրը: Եվ… տորթը։ Երեք ամիս առաջվանից տորթերի համտեսով էր զբաղված: Մեզ էլ ուրախ լուր հայտնեց.  տորթը լինելու է «Օրեո» թխվածքաբլիթի համով, իր սիրելի քաղցրավենիքն է, Լևոնն առանձնապես չի ընդդիմացել։ Արցախի հետ կապված իսկապես լուրջ պլաններ կային։ Բնություն, բացօթյա տարածք, համեղ ավանդական ուտեստներ… Ցավոք, չստացվեց։ Արտասահմանից շատ հյուրեր ունեն, ընկերների մեծ մասն էլ Երևանում է ապրում և ֆիզիկապես հնարավոր չէ այդքան արագ Արցախում հայտնվել։ Բայց երազանք կա՝ ամուսնության տարեդարձը հավանաբար այնտեղ կտոնեն ու էլի փոքրիկ հարսանիք կունենան։

Արիանան պարահանդեսային մրցույթի ժամանակ վերջերս գրավել էր առաջին հորիզոնականը։ Առհասարակ՝ սիրում է պարել։ Նույնիսկ ժողովներին երբ ինչ-որ բան ենք քննարկում, ոտքերով պարային ժեստեր է գծում հատակին, դրա համար զարմանալի չէր, երբ հասանյաց հանդեսի առաջին լուծելիքը Լևոնի հետ համատեղ պարն էր։ Բայց Լևոնը երկար ժամանակ Հայաստանից բացակայում էր, պարապմունքները վաղ սկսել հնարավոր չէր, բայց երգի հարցում երեք ամիս առաջ են պայմանավորվել։ «Նոթատետր» ֆիլմից է, Բիլի Հոլիդեյի կատարմամբ. «Այս երգի տակ ենք մենք առաջին անգամ պարել։ Գնալուց առաջ, այսինքն՝ երկու ամիս առաջ խորեոգրաֆի հետ պարապել ենք մեկ ժամ։ Գնաց աշխարհի գավաթի մրցույթներին, վերադարձավ, պարապել ենք ևս մեկ ժամ։ Պնդում է, որ հիշում է։ Ես էլ պնդում եմ, որ պարը շախմատային պարտիա չէ և չեմ հավատում։ Ամեն դեպքում, անմոռանալի կլինի»։ Հարսանիքից մեկ օր առաջ Արիանան կփորձի մի լավ հանգստանալ։ Անկեղծանում է.  վերջին ամիսներին միջինը չորս ժամ է քնում։ Աշխատում է, զբաղվում հարսանիքի պլանավորմամբ ու արտասահմանցի հյուրերին դիմավորելով։ Ամուրի լինելու վերջին օրը ուզում է իրեն նվիրել.  մարզասրահ կգնա, կհարդարի մատները, գուցե՝ իրեն մերսում նվիրի, որ վստահ քայլերով մտնի ամուսնական կյանք։ Ամուսնական ճանապարհորդության չեն մեկնում՝ չնայած մենք փորձում էինք մեր սիրելի զույգին պատկերացնել այս կամ այն գեղատեսիլ վայրի ֆոնին՝ երջանիկ փաթաթված, ու փորձում էինք գուշակել՝ որքան «լայքեր» կհավաքեն այդ գեղեցիկ լուսանկարները։

Լուսանկարները` Դավիթ Հակոբյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք