Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում անմիջապես անդորր հաստատել Ջավախքում. Վահագն Չախալյան

Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում անմիջապես անդորր հաստատել Ջավախքում. Վահագն Չախալյան

Կոչ անդորրի

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ:

Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են վերաբերվել անհասկանալի վերապահությամբ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ճնշումներին:

Երկրորդը՝ խնդիրների չլուծված մնալու կամ դանդաղ լուծում ստանալու վիճակից շարունակում են օգտվել տարբեր պատեհապաշտ և անպատասխանատու տարրեր, որոնք ձգտում են տարածաշրջանի ապակայունացման հաշվին հասնելու իրենց նեղ տնտեսական և քաղաքական նպատակներին:

Արդ կոչ ենք ուղղում Վրաստանի իշխանություններին անհապաղ տրամաբանական և կառուցողական լուծում տալ Գումբուրդո համայնքում խաչքարի տեղադրման հարցին և չհրահրել ջավախահայ բնակչության դժգոհությունը: Դրա հետ մեկտեղ, կոչ ենք ուղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ և պատեհապաշտ տարրերի վտանգավոր և անհեռանկար սադրանքներին:

Վերջին ամիսներին Վրաստանում հայության իրավունքների ոլորտում ինչպես նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արձանագրվել է զգալի առաջընթաց: Հակառակ տեսանելի դրական ընթացքին, առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ջավախքահայության և ընդհանրապես վրացահայության իրավունքների գծով բարեփոխումները դանդաղ են ընթանում և չեն համապատասխանում հայ բնակչության ակնկալիքներին:

Արդ, Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում հավասարակշռված գործողություններով անմիջապես անդորր հաստատել Ջավախքում, սկսել կառուցողական երկխոսություն տարածաշրջանի հայ ղեկավարների հետ հանուն խաղաղության, հանուն մարդու և ազգային իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդման:

Իրավիճակն ապակայունացնող տարրերին խորհուրդ ենք տալիս չդառնալ թուրք-ադրբեջանական ծրագրերի գործիք և սեփական մանր շահերով չտարվել: Հակառակ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն նրանց մեքենայությունները բացահայտելու և անդորրը վերականգնելու ուղղությամբ:

Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջան տնտեսական և քաղաքական միությանը, նրանց պանթուրքիստական նկրտումներին դիմակայելու գլխավոր ասպարներից է, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ դրանց վտանգ սպառնա: Ինչպես երեկ, նաև այսօր և վաղը մենք շարունակելու ենք պայքարել հանուն օրենքի, իրավունքի և խաղաղության, հանուն տարածաշրջանում անկախ և ուժեղ հայկական ու վրացական պետականությունների հարատևման գերագույն նպատակի:

Վահագն Չախալյան

30.09. 2017 թ., ք. Ախալքալաք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք