Նիկոլ, Նիկոլ մինչև վերջ

Նիկոլ, Նիկոլ մինչև վերջ

Հիմա մտածում եմ, որ երևի Նիկոլ Փաշինյանը մի բան գիտեր, որ էն գլխից ասում ու պնդում էր, որ իրենք միակ ընդդիմադիր ուժն են: Չնայած այն ժամանակ էլ ու հիմա էլ շատերը դեմ են Փաշինյանի արտահայտած այդ կարծիքին, այդուհանդերձ, հիմա արդեն շատերն են ընդունում, որ այս պահի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովում միակ ընդդիմադիր ուժը «Ելք» դաշինքն է: «Ելքն» էլ շարունակ ելքեր է փնտրում՝ այդ կարծիքը հիմնավորելու ու հաստատելու համար:

Այսուհանդերձ, «Ելքը» հակառակորդներ ունի ոչ միայն իշխանության ու իշխանամետների, այլև ու հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիրների մեջ, և «Ելքի» ամենաանհանդուրժող հակառակորդները հենց այս արտախորհրդարանական ընդդիմադիրներն են, որոնք համարել ու համարում են, որ «Ելքը» կեղծ ընդդիմություն է, ավելին՝ իշխանական պրոյեկտ, այսինքն՝ ստեղծվել ու առաջացել է իշխանությունների կամքով ու ցանկությամբ:

Այս պայմաններում «Ելքին» մնում է հակառակն ապացուցել. այսինքն՝ ապացուցել, որ իրենք ոչ թե կեղծ, այլ միանգամայն անկեղծ ընդդիմություն են, և որպեսզի դրանում բոլորը համոզվեն, «Ելքը» շատ դեպքերում չափից ավելի ընդդիմադիր է ներկայանում, այսինքն՝ իրեն դրսևորում է ավելի ընդդիմադիր, քան իրականում կա, և դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետև եթե ընդդիմադիրներից ու համեմատաբար ընդդիմադիրներից միայն դու ես խորհրդարան անցել, ապա պարտավոր ես խորհրդարանում ընդդիմություն անել նաև չանցածների փոխարեն: «Ելքը», փաստորեն, հենց այդպես էլ անում է:

Այսինքն՝ «Ելքը» պարապ նստելու ժամանակ ու տարբերակ չունի, մանավանդ որ՝ նաև Երևանի ավագանու կազմում է ներկայացված: Երևանի ավագանիում նաև երդվյալ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի կուսակցությունն է ներկայացված, բայց հետաքրքիր է, որ վերջինիս կուսակցությունն ու «Ելքը» չեն համագործակցում: Կարելի է ասել՝ բացարձակապես: Առայժմ:

Ընդդիմադիրներն ամեն ինչից բողոքում ու դժգոհում են, բայց ոչ երբեք՝ իրենցից: Ընդդիմադիրներն ու կիսաընդդիմադիրներն իրար հետ չեն համագործակցում, շատ դեպքերում նույնիսկ վարկաբեկում են իրար, մինչդեռ իշխանամետներն ու կիսաիշխանամետներն իրար հետ լավ էլ համագործակցում են՝ գրեթե բոլոր հարցերում ու ոլորտներում: Եվ իրար էլ չեն վարկաբեկում:

Ընդդիմադիրներին, իշխանամետներին ու շատերին հատկապես Նիկոլ Փաշինյանի «փառքն» է անհանգստացնում, և հատկապես արտախորհրդարանական ընդդիմությանն է անհանգստացնում, որովհետև Նիկոլը, փաստորեն, նրանց փոխարեն էլ է ապրում, գործում և ստեղծագործում, և, փաստորեն, ընդդիմադիրի նրանց հասանելիք փառքն էլ է լիակատար ու լիասիրտ վայելում:

Բայց, անկեղծ ասած, միակ ընդդիմադիր «Ելքի» վիճակն էլ վիճակ չի, և հատկապես ու առանձնապես Նիկոլ Փաշինյանի վիճակը վիճակ չի, որովհետև բոլորի փոխարեն ընդդիմություն լինելն ահավոր ծանրաբեռնվածություն է, և «Ելքն» ու հատկապես Նիկոլը այդ ծանրաբեռնվածությունից խուսափելու հնարավորություն չունեն, որովհետև ժողովուրդը միակ ընդդիմություն «Ելքից» ու հատկապես Նիկոլից ամեն օր չափազանց սուր ելույթներ է սպասում ու ակնկալում, ընդ որում՝ թե՛ Ազգային ժողովում և թե՛ Երևանի ավագանու ասպարեզում, և պետք է ասել, որ առայժմ «Ելքն» ու Նիկոլն արդարացնում են ժողովրդի սպասելիքները, և «Ելքն» ու հատկապես Նիկոլը պատվով ու հաճույքով են կրում միակ ընդդիմադիրի ողջ ծանրաբեռնվածությունը, և հաճույքով, հեշտությամբ ու թեթևությամբ են կրում, որովհետև ընդդիմադիր ելույթների թեմաները քչություն չեն անում՝ մայրաքաղաքի շենքերի լիֆտերից, կրիմինալների սպանություններից, «Նաիրիտի» ու Խոսրովի անտառների հրդեհներից, փողոցների անվանափոխությունից, կրթության ոլորտից սկսած և ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացով վերջացրած:

Ճիշտ է, Երևանի ավագանիում ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր ծիրանին» էլ կան, բայց առայժմ նրանք իրենց ակտիվությամբ ակնհայտորեն զիջում են «Ելքին» ու անձամբ Փաշինյանին, և դա միանգամայն բնական է, որովհետև եթե Փոստանջյանի ու իր կուսակցության գործունեությունը Երևանի ավագանու շրջանակներում է սահմանափակվում, ապա «Ելքն» ու Նիկոլն Ազգային ժողովի ամբիոնն էլ են անմնացորդ օգտագործում:

Այդուհանդերձ, չեմ պատկերացնում, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությունն ինչ շարունակություն ու ընթացք կունենա: Ավելի պատկերացնելի կլիներ, եթե էն գլխից ԵԱՏՄ-ի կազմ չմտնեինք: Մինչդեռ միանգամայն այլ է այս պահին դուրս գալը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»:

Այդուհանդերձ, ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու «Ելքի» նախաձեռնած գործընթացից սարսափածներին պիտի ասեմ, որ առանձնապես սարսափելի ոչինչ չկա: Ավելին՝ եթե «Ելքի» նախաձեռնությունը որոշակի հնչեղություն ստանա, ԵԱՏՄ-ում կդադարեն կարծել, թե Հայաստանում բոլորն են հիացած իրենց գործունեությամբ ու գործունեության արդյունքներով: Այդ դեպքում գուցեև սկսեն հաշվի նստել մեզ հետ: Գոնե որոշ չափով:

Ինչ վերաբերում է «Ելքին» ու անձամբ Նիկոլին, նրանց գործունեության սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում նաև այն պատճառով, որ այսօր «փողոցային» ընդդիմությունը նկատելիորեն թուլացած ու չեզոքացված է, և զանգվածային ու մարդաշատ հանրահավաքներ տեղի չեն ունենում: Առայժմ:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք