Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնալճի եզդիական սրբատեղիում նշվեց օծման հնգամյա հոբելյանը

Հոկտեմբեր 04,2017 13:30

Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող եզդիները սեպտեմբերի 29-ին հավաքվում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում` նշելու իրենց սրբատեղիի օծման օրը: Եզդիների ուրախությունը գալիս են կիսելու նաեւ հայերը: Սրբատեղիի երկրորդ` Տաուսե Մալաքի 27 մետրանոց սլացքով տաճարն օր օրի հասակ է առնում: Շինարարները ձգտում են, որ օր առաջ տաճարն իր ավարտուն տեսքն ստանա:

Այս տարի էլ հանդիսությունը սկսվեց եզդիական ազգային շուրջպարով, որը Տաուսե Մալաքի տաճարին հարող կանաչապատ ընդարձակ տարածքում համախմբեց միջոցառմանը ներկա գտնվող եզդիների մեծ մասին: Այնուհետեւ Սուրբ Լալըշի հոգեւորականներն իրենց հայաստանցի գործընկերների հետ աղոթքներ կարդացին եւ իրենց օրհնությունը տվեցին ներկաներին, որից հետո սրբատեղիի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Միրզա Սլոյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, ընդգծելով, որ ընդամենը 5 տարվա ընթացքում գրեթե ամայի այս վայրը վերածվել է հոգեւոր եւ կրթամշակութային համալիրի:

Պատահական չէ, որ որպես սրբատեղիի հիմնադրման վայր է ընտրվել Հայաստանը: Եզդիները սփռված են աշխարհով մեկ` Ռուսաստանում, Վրաստանում, եվրոպական մի շարք երկրներում, բայց իրենց ազգային ինքնությունը, ծիսական ավանդույթները լիարժեքորեն պահպանվում են հենց Հայաստանում:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորելով եզդիներին` ասաց. «Եզդիական համայնքը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է, եզդի ժողովրդի խնդիրները մեր խնդիրներն են»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց. «Մենք` եզդիներս, հայերի կողմից երբեւէ տարբերություն չենք զգացել վերաբերմունքի առումով: Մենք եղբայրական ժողովուրդ ենք եւ դարեր շարունակ խաղաղ գոյակցում ենք` թեւութիկունք լինելով միմյանց»:

Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, Ռուսաստանի եզդիների ֆեդերացիայի նախագահ Սամվել Քոչոյը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նարինե Գուլյանը, բժիշկ Ռզգան Շամոյանը, բանաստեղծուհի Հնարա Թաժդին, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բավարիայի, Իվանովոյի եզդիների ներկայացուցիչներ Թամազ Դասենին, Թեմուրե Հասանյանը, Սուրեն Ռոստեմը, Էդուարդ Ավերին ընդգծեցին, որ հայոց հողը ոչ միայն ապաստան է տվել իր եզդի եղբայրներին, այլեւ աջակից եղել զարգացնելու նրա ազգային ինքնությունը, ավանդույթներն ու սովորույթները, կրթությունը, մշակույթը եւ այդ ամենի բարձրակետը Ակնալճի սրբատեղին է եւ կառուցվող Տաուսե Մալակի տաճարը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էլ ասաց, որ կառուցվող Տաուսե Մալակի մարմարակերտ տաճարը ինքնատիպ ու եզակի է լինելու եզդիական տաճարների մեջ` իր մեծ թռիչքով, պատերի տանիքի եւ 8 գմբեթների կառուցվածքով: Այն դառնալու է ոչ միայն հավատի հզոր տաճար, այլեւ ճարտարապետական ուրույն կառույց:

 

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

«Առավոտ»

03.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031