Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյանը գնաճի մասին. «Հնարավոր է 1,5 անգամ էժան ներկրված կարագը հիմա թանկ են վաճառում»

Հոկտեմբեր 05,2017 20:15

Վերջին օրերին գրանցված գնաճն, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին կարագը թանկացել է մոտ 2000 դրամով, միսը եւս թանկացել է: Օրինակ ՝ խոզի միսը՝ մոտ 1000 դրամով, տավարինը՝  300-ից 400 դրամով, ոչխարինը՝ մոտ 600 դրամով:

Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հղում անելով ԱՎԾ-ին, հիշեցնում է՝ այս տարվա 9 ամիսներին սպառողական ապրանքների գնաճը կազմել է 0.6 %, սեպտեմբերին՝ 0.2 %, սննդամթերքի գների աճը կազմել է 3.8%, ոչ պարենային ապրանքների շուկայում 1.3% գնաճ է արձանագրվել, սեպտեմբերին՝ կոշկեղեն- հագուստ ապրանքները 5.6%-ով են թանկացել, իսկ մսամթերքը՝ 6.6% :

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ կարագը միջազգային շուկայում 1,5 անգամ է թանկացել, իսկ Հայաստանում՝ մոտ 60%-ով. «Հասկանալի է, որ Հայաստանում միայն ներմուծված կարագը չէ, որ վաճառում են, նաեւ տեղական արտադրողները որոշակի առաջարկ են անում: Միջազգային շուկայում թանկացել է հատկապես  Նոր Զելանդական կարագը: Հնարավոր է նախկին գներով՝ 1,5 անգամ էժան գներով ներկրված որոշակի պաշարներ կան, բայց, քանի որ դրսի շուկաներից եկող ազդակները այդ պատկերն են ներկայացնում, ներկրված ապրանքները, թե՛ ներմուծողը, թե՛ մանրածախի վաճառողներն արդեն ավելի թանկ գնով են վաճառում: Կարագը նաեւ հումք է այլ արտադրություններում, եւ որոշակի գնաճ կառաջացնի, բայց՝քիչ»:

Անդրադառնալով մսամթերքի շուկային, տնտեսագետն ասաց, որ այս տարի եղանակային անբարենպաստ պայմաններ էին գյուղոլորտի համար՝ երաշտը, շոգ ամառը, անասնակերը 30-40% այս տարի պակաս էր.«Բնականաբար, մորթն այս աշնանն ավելին է: Հնարավոր է նաեւ որոշ գործարարներ արտաքին աշխարհում պահանջարկն օգտագործելով ՝ Մերձավոր Արեւելք,  Ռուսաստան, որտեղ սանկցիաներ են կիրառվում, առաջացել է դեֆիցիտ, եւ օգտվելով դրանից արտահանում են ավելի շատ: Բայց այլ խնդիր էլ կա. Մսի թանկացումը հնարավոր է սպանդանոցների համակարգի գործարկման հետ է կապված: Սեպտեմբերի 1-ից անասունների մորթը պարտադիր է սպանդանոցներում: Սա ենթադրում է ավելի բարձր մակարդակի ծառայություն, ուստի սա ծախս է գյուղացիների ու ֆերմերների համար»:

Ինչ վերաբերում է վառելիքի շուկայում արձանագրված գնաճին, պարոն Մարգարյանն ասաց, որ այս թանկացումները արտաքին գործոնով են պայմանավորված: Ըստ տնտեսագետի, օրինակ՝ Ռուսաստանում հարկային փոփոխություններ են եղել, հնարավոր է սա է պատճառը, քանի որ վառելիքը այդ երկրից են ներմուծում:

Դոլարի կամ եվրոյի արժեւորման հետեւանքով ապրանքների գնաճը տնտեսագետը բացառեց, նշելով՝ այս ոլորտում նկատելի փոփոխություններ չկան , դրանք տատանողական են, կարող է մի քանի դրամով, մինչեւ՝ 8 դրամ բարձրանա, բայց նույնքան էլ կարող է իջնել. «Իսկ այդ փոփոխությունները հիմնականում սպեկուլյատիվ են: Կարելի է ասել՝ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ սպառողական ապրանքների եւ բիզնեսի վրա»:

Տնտեսագետը նաեւ նշեց, որ Հայաստանի գործընկեր երկրների շուկայում հարաբերականորեն մեղմ գնաճային իրավիճակ է: Օրինակ՝ ՌԴ-ում այս տարվա  9 ամիսներին 1.8 % գնաճ է եղել. «Եւ եթե համեմատենք Հայաստանի 0.6 % գնաճի հետ, ապա ռուսական շուկայում նրանց ապրանքներն ավելի արագ են թանկանում, քան մերը: Հետեւաբար, սա բարենպաստ է մեր արտահանողների՝ հատկապես գյուղմթերքների եւ վերամշակվող սնունդ  արտահանողների համար: Իսկ օրինակ՝

Ղազախստանում 3.9% գնաճ է, իսկ Բելառուսում՝ 2.5%, այսինքն՝ կրկին բարենպաստ պայմաններ են մեր արտահանողների համար: Բայց ներմուծման տեսանկյունից որոշ անբարենպաստ ազդակներ կան, բայց այդ ազդեցությունները շատ մեծ չեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031