Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի գործով կրկին «բանից անտեղյակ» վկաներ հարցաքննվեցին

Հոկտեմբեր 06,2017 16:41

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական  նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց նաեւ Արման Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Արման Հովսեփյանը դատարանին հայտնեց, որ ավտովարձույթի տնօրեն է: Իսկ ամբաստանյալներին առնչվող մեղադրանքների մասին էլ ուսերը թափ տալով ասաց՝ «տեղյակ չեմ…»:

Հարցաքննությունից պարզ դարձավ միայն այն, որ այս վկան վարձով ավտոմեքենա էր տվել ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանին, իսկ թե նրան առաջադրված մեղադրանքի հետ ինչ կապ ուներ, հարցական մնաց:

Մյուս վկան Մարիամ Սարգսյանն էր, որը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին նախ ասաց՝ իր՝ դատարան կանչվելու պատճառն այդպես էլ չի հասկացել: Սարգսյանը հայտնեց, որ ինքն ընդամենը մոտ երեք տարի առաջ բաժանորդագրվել է «Նախախորհրդարան» ընդդիմադիր կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ նորություններ ստանալու նպատակով, ընդ որում, դա նրան պետք էր համալսարանում քաղաքագիտական վերլուծություններ անելու առաջադրանքի համար: Վկայի խոսքով՝ բուհն ավարտելուն պես նա դադարեցրել է բաժանորդագրությունը:

Վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Եվս մի քանի վկայի հաջորդ նիստում բերման ենթարկելու որոշում կայացվեց, քանի որ նրանք ծանուցվել են, բայց չեն ներկայացել:

Հաջորդ նիստը տեղի կունենա մյուս ուրբաթ՝ 11 00-ին: Հիշեցնենք՝ այսօր արդեն երրորդ վկան էր հարցաքննվում, որի ասածները գործի մեղադրանքների հետ չէին առնչվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031