Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ խոսքն այդ ասում է

Հոկտեմբեր 07,2017 18:30
merujan Ter-Gulanyan

Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռնում է ջահելության` այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ պատմությանը չես թողել ոչ մի պայթուցիկ, այլ մաքրել ես քեզանից առաջ եւ քո ճանապարին դրված ականները: Եվ դեպի ներս փլվող լուռ մատուռի նման հառում ես հայացքդ լուսավոր անդին` հաստատ իմանալով, որ Նա նույն տեղում է, եւ իզուր չես հայացքիդ հետ մեկնում ձեռքդ, քանի որ անվարան գիտես, որ դու հեռացողը չես, այլ մնացողը, քո իսկ ստեղծած խոսքի Հայրենիքում, որը քեզանից հետո եկողների ապրելու Տունն է նաեւ…

Եգիպտական փարավոններն այնքան էին արժեւորում իրենց ծագումն ու արյան աստվածային սկիզբը, որ չէին կարողանում հարսնացու ընտրել իրենց ապագայի փարավոն զավակների համար եւ ամուսնացնում էին հարազատ քույրերի հետ` չմտածելով, սակայն, որ արյունապղծությունը տանում է արյան մահվան:

Այնինչ հին աստվածներից ոչ մեկը այդ հիվանդության բուժման դեղատոմսը չգիտեր, եւ փարավոնները մահացան` իրենց հետ տանելով նաեւ իրենց աստվածներին, եւ մնաց այն, ինչ մնացել է Սֆինքսի հողմահար հայացքի առջեւ ու պատկերագրերում ապրող իրենց Հայրենիքը` խոսքի մեջ: Ինչ ուրախություն, որ Օրիոնի հիշողություն պահած մեր ցեղը փարավոնյան հիվանդություն չունեցավ եւ ղեկավարեց հնագույն աշխարհը, ստեղծեց երկաթը, բրոնզը, գինին, առաջինը վարժեցրեց Հազարանուն ձիուն եւ ստեղծեց մարտակառքն ու այրուձին, ստեղծեց ու տվեց ժողովուրդներին` հեռու եւ մոտիկ:

Եվ իր ստեղծածի նեղվածքի մեջ սրտնեղած արդեն քանի անգամ դուրս եկավ իր Հայրենիքից եւ գնաց ուրիշների համար պետություններ կառուցելու` միայն իր կենդանի խոսքը թողնելով Հայրենիքում:

Իսկ Խոսքն այդ ասում է.

– Աշխարհի որ եզերքում էլ լինես, մի՛ ուրացիր Արարատը: Հիշի՛ր, որ դու ես ստեղծել Մարդու երկիրը, եւ քո երկրի փոշուց է, որ Աստված ստեղծեց Ադամին: Քո երկրում էր, որ մարդկությունը տապան դարձած փրկվեց մեղսածուփ աշխարհից: Հիշի՛ր, որ աշխարհը ծերանում է, այդ դու ես միակը, որ երիտասարդ ես հավերժական:

Եվ քո երիտասարդ ոգու ուժը հավաքիր Օրիոնի փայլի տակ եւ ամուր կանգնիր ադամափոշի քո հողի վրա, թույլ մի՛ տուր, որ դրսից ղեկավարեն քեզ, եւ հիշիր՝ ինչպես ժամանակներ առաջ էիր դու ղեկավարում աշխարհը, այդպես էլ վաղը` այս անգամ տեսանելի ղեկավարությամբ: Եվ զգույշ հնչեցրու խոսքը քո եւ քո եղբոր միջեւ, քանի որ խոսքի ազատությունը խոսողի ազատությունը չէ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031