Հրանտ Բագրատյանի թեմատիկ ռիսկերը

Հրանտ Բագրատյանի թեմատիկ ռիսկերը

Համաձայն լինենք թե դեմ լինենք նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի վերջերս արտահայտած մտքերին ու կարծիքներին, պետք է ընդունենք, որ Հրանտ Բագրատյանը պատգամավոր չընտրվելով՝ բավական ակտիվ մասնացություն ունի Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում:

Իհարկե, շատ լավ կլիներ, որ Բագրատյանը ներկայիս խորհրդարանում էլ ներկայացված լիներ, բայց պետք է ընդունենք, որ Ազգային ժողովի կազմում Բագրատյանի բացակայությունը վերջինիս բացարձակապես չի կաշկանդում: Ավելին. Բագրատյանը Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում հիմա ավելի ակտիվ է, քան նույնիսկ՝ պատգամավոր եղած ժամանակ: Նույնը կարելի է ասել նաև նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի վերաբերյալ:

Բայց վերադառնանք Բագրատյանին ու անդրադառնանք նրա ակտիվության «թեմատիկային», որը շատերի կրքերը բորբոքեց: Եվ ամենևին պատահական չէր, որ Բագրատյանին պաշտպանած քչերից մեկը հենց Թևան Պողոսյանն էր, ով Բագրատյանին ընդամենն այնքանով պաշտպանեց, որ ասաց թե՝ Բագրատյանը ցանկացած հարցում իրավունք ունի իր կարծիքն արտահայտել:

Ինչ վերաբերում է Բագրատյանի արտահայտած վիճահարույց կարծիքներին, դրանք հիմնականում երկուսն էին, ընդ որում՝ երկուսն էլ ոչ ստանդարտ. առաջինը՝ հայոց լեզվի վերաբերյալ, երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցու:

Եթե Բագրատյանի կարծիքով հայոց լեզուն հարուստ լեզու չէ, և եթե մյուսներիս կարծիքով հայոց լեզուն բացառիկ հարուստ լեզու է, դա արդեն խոսում է այն մասին, որ չարժե խուճապի մատնվել և միահամուռ ու ազգովի հարձակվել նախկին վարչապետի վրա: Եթե հայոց լեզուն իսկապես հարուստ լեզու է, Բագրատյանի ասելով դժվար թե աղքատանա:

Բագրատյանի հաջորդ թիրախը Հայ առաքելական եկեղեցին էր: Բագրատյանը, կարելի է ասել, «գելի սիրտ է կերել», որովհետև համոզված ենք, որ հարձակվելով երկու ընդունված ու գրեթե անառարկելի սրբությունների՝ հայոց լեզվի ու Հայ առաքելական եկեղեցու վրա, ենթադրում ենք, որ ինքն էլ էր ենթադրում, թե ինչպիսի միահամուռ ու համատարած հարձակման ու հարվածների կենթարկվի, բայց, այդուհանդերձ, ենթադրելով հանդերձ, գնացել է այդ քայլին, և եթե հայոց լեզվի քննադատության հարցում Բագրատյանին պաշտպանողներ, փաստորեն, չգտնվեցին, Հայ առաքելական եկեղեցու քննադատության հարցում պաշտպանողներ եղան, և չնայած այս հարցում հարձակվողներն ակնհայտորեն պաշտպանողներից շատ էին, այդուհանդերձ, պաշտպանողներ եղան, և պաշտպանողներից ամենահամոզիչն Ավետիք Իշխանյանի պաշտպանությունն էր. վերջինս ոչ միայն անձամբ էր կիսել Բագրատյանի արտահայտած կարծիքն առ այն, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի պատմության ընթացքում խանգարել ու խոչնդոտել է հայոց պետության կայացմանը, այլև, փաստորեն, փաստել էր, որ Հայ առաքելական եկեղեցին Բագրատյանից ավելի ուժգին քննադատել են մեր դասականները՝ Րաֆֆին, Թումանյանը, Գարեգին Նժդեհը և ուրիշներ:

Իշխանյանի կողմից Գարեգին Նժդեհին հիշատակելն ամենևին պատահական չէր, քանի որ Բագրատյանից Հայ առաքելական եկեղեցուն անմիջապես պաշտպանության տակ առան Հանրապետական կուսակցության մի քանի անդամներ, մոռանալով, որ իրենց կուսակցության գաղափարական հայրը նույնպես ժամանակին հանդես էր եկել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Ինչևէ. ոմանք գտնում են, որ Հայ առաքելական եկեղեցին մեր պատմության ընթացքում իսկապես խոչընդոտել է հայոց պետության ու պետականության կայացմանը, ոմանք էլ համարում են, որ հայոց պետության ու պետականության բացակայության ընթացքում հենց Հայ առաքելական եկեղեցին է ստանձնել հայոց պետության ու պետականության դերն ու առաքելությունը:

Այս երկու կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, և հատկապես գոյության իրավունք ունի այն, որ մարդ արարածը կարող է քրիստոնյա ու լիարժեք հավատացյալ լինել՝ կապ չունենալով ոչ Հայ առաքելական եկեղեցու և ոչ էլ որևէ աղանդի հետ:

Աղանդների ու աղանդավորների թեման միանգամայն այլ թեմա է , միանգամայն առանձին քննարկման նյութ է և ամենևին կապ չունի Բագրատյանի բարձրացրած հարցի հետ, իսկ ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն և մեր պետությանն  ու պետականությանը, դրանք բոլորիս հուզող ու բոլորիս առնչվող հարցեր են, որոնք կարող են և կարիք ունեն միանգամայն առողջ քննարկման՝ առանց ավելորդ թշնամանքի և առավել ևս՝ առանց ավելորդ հայհոյախոսության:

Բագրատյանը, լինելով մեր նորանկախ պետության առաջին վարչապետներից մեկը, կարող էր միլիոնատեր լինել, սեփական միջոցներով եկեղեցի կառուցել և այդպիսով իր տեղն ապահովել դրախտում: Բայց եթե դա չի արել, չի նշանակում թե՝ խոսելու ու արտահայտվելու իրավունք չունի:

Ինչ վերաբերում է հայոց լեզվին: Ի տարբերություն Բագրատյանի, չենք կարծում թե՝ մեր լեզուն աղքատ լեզու է: Բայց ցանկացած ազգի լեզու քարացած արժեք չէ և անընդատ զարգացման ու կատարելագործման կարիք ունի: Եթե մեր ժամանակակից սերիալներն այս ոգով ու այս լեզվով շարունակվեն, մեր լեզուն իսկապես կարող է աղքատանալ:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

07. 10. 2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք