Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը ընտանեկան բռնության օրենքի մասին. «Այս օրենքը ծնողական իրավունքներից զրկելու երեւույթի մասին չի խոսում». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 20:54

Այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումն էր, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպություններ:

Բուն քննարկմանն անցնելուց առաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ սա մի երեւույթ է, որը տարածված է աշխարհում, այն որեւէ ձեւով կապված չէ ազգության կամ կրթական մակարդակի հետ: Եւ այս երեւույթի դեմ, ինչպես ասաց նախարարը, ամբողջ աշխարհում քաղաքակիրթ մարդկությունը 30 տարի առաջ է պայքարը սկսել. «Եթե մինչ այս ենթադրվում էր, որ սա սովորական բռնության տարր է, ապա բազում հետազոտություններ ցույց տվեցին, որ դա առանձին երեւույթ է, եւ դրա դեմ գործիքակազմը պետք է այլ լինի: Այս տարիներին բազմաթիվ միջազգային իրավական գործիքներ են ստեղծվել՝ կոնվենցիաներ, որոնց անդամակցել է նաեւ Հայաստանը: Հատկապես ուզում եմ շեշտել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որի որոշ կետեր հիմք են դրել, որպեսզի ստեղծվեն այն գործիքները, որոնց մասին մենք խոսում ենք»:

Aravot.am-ի այն հարցին՝ նախագծի ընդդիմախոսները պնդում են, որ այս օրենքը հայ ընտանիք քանդող է, օրենքով նախատեսվում է երեխաներին, այսպես ասած՝ ընտանիքներից խլել, սա օրենք է, որը Արեւմուտքն է պարտադրել մեզ, նախարարն այսպես պատասխանեց. «Նախ՝ ծայրահեղ անհեթեթ ձեւակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից: Այս օրենքը նաեւ երեխաների պաշտպանության մասին է: Եթե մենք նայենք վիճակագրությունը, թե քանի դեպքեր են լինում, անգամ սեռական բռնությունը, որը տեղի է ունենում ընտանիքի անդամների կողմից, մենք պետք է հասկանանք, որ այդ երեխաները եւս պաշտպանության կարիք ունեն»:

Նախարարի ներկայացմամբ՝ այս օրենքը ծնողական իրավունքներից զրկելու երեւույթի մասին չի խոսում, որովհետեւ դա միշտ եղել է օրենսդրությունում, եւ ըստ անհրաժեշտության, նաեւ կիրառվել է. «Օրենքի բուն նպատակը ընտանիքը պաշտպանելն է»:

Ըստ Հարությունյանի, Հայաստանի հանրապետությունը կամովին ստորագրել է միջազգային կոնվենցիաներ, եւ որեւէ պարտադրանք միջազգային կառույցների կողմից չկա. «Մենք գնում ենք այս օրենքի ընդունմանը, որովհետեւ թվերը ցույց են տալիս, որ խնդիրը մեզանում առկա է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը նաեւ ասաց, որ ՝ երեխան, որը հայտնվել է շատ ծանր կացության մեջ ներկայումս գործող օրենքով պարտականություն է դրվում խնամակալության եւ հոգաբարձուների խորհրդի մարմինների վրա՝ ընդհուպ մինչեւ ծնողական իրավունքներից զրկելու հարցը բարձրացնել. «Բայց սա քննարկվող օրենքի կարգավորման խնդիրը չէ: Այս օրենքի կարգավորման ոլորտը, դա՝ կանխարգելել վտանգը, նախեւառաջ սառեցնել իրավիճակը, սթափեցնել, որից հետո պետք է աշխատանքներում ներգրավվեն հոգեբանները, սոցիոլոգները, որպեսզի կարողանան հանգուցալուծել խնդիրը, որպեսզի կարողանան օգնել նաեւ բռնություն գործադրողին: Մի մոռացեք, որ բռնություն գործադրողը եւս օգնության կարիք ունի, որովհետեւ նա միշտ չէ, որ գիտակցում է իր քայլերը»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ կարծիքներ կան, որ եթե օրենքն ընդունվի, ապա նախարար Հարությունյանը կհայտնվի բազմաթիվ հայ տղամարդկանց ատելության թիրախում, քանի որ նրանք գտնում են, որ պետք չէ միջամտել ընտանիքների գործերին, իմ ընտանիքն է, մի հատ էլ կարող է խփենք կնոջը, կամ երեխային, պարոն նախարարն այսպես արձագանքեց. «Ոմանց մոտ այն կարծիքի են, որ բոլոր հայ տղամարդիկ դեմ են նման օրենքին: Վստահեցնում եմ՝ այդպես չէ: Մենք ունենք տղամարդկանց շատ լուրջ հատված, որոնք գիտակցում են, թե ինչ վտանգավոր երեւույթ է սա Հայաստանի եւ հայ ընտանիքի համար: Այնպես որ, ես ունեմ բազում համախոհներ տղամարդկանց շրջանում»:

Մանրամասներները՝ տեսանյութում

Նախարարի խոսքերով՝ բոլոր այն անձինք, որոնք ներգրավված են լինելու օրենքով նախատեսված գործընթացում, պետք է մասնագիտական վերապատրաստում անցնեն: Նախարարի դիտարկմամբ՝ կան մարզեր, որտեղ ընտանեկան բռնության տարածվածությունը բարձր է, եւ կան ընտանիքներ, որտեղ հաճախ բռնություն գործադրողը տղամարդկանց մայրեր են կանանց նկատմամբ. «Մենք պետք է նաեւ կրթական հաստատություններում համապատասխան աշխատանքներ տանենք, երեխային կրթենք մանկապարտեզից, դպրոցից՝ թե ինչ է բռնությունը, եւ ինչ վտանգ է հասցնում այն»:

Նախարարության կայքում նաեւ նախագիծն է քվեարկության դրված. Հիմա դեմ եւ կողմ ձայները շատ մոտ են, ընդ որում, ընդդիմախոսները հորդորում են ֆեյք հասցներ բացել եւ դեմ քվեարկել, արդյոք այս քվեարկությունը կարող է ազդել նախագծի ընդունման վրա, նախարարն ասաց՝ ոչ, առցանց քվեարկությունը պարզապես հանրության տրամադրությունը հասկանալու համար է, բայց քվեարկությունը որեւէ ազդեցություն չի ունենա, թե նախագիծը կյանքի կոչվելու վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031