Ցավդ տանեմ, Երևան…

Ցավդ տանեմ, Երևան…

 (Հայոց մայրաքաղաքի 2799-ամյակի առթիվ)

Էրեբունի – Երեւան… Այսպես է ընկալվում հիմնադրման 782 մ.թ.ա. ուրարտական ​​սեպագիր արձանագրությունը՝ մի քաղաքի, որն աշխարհի հնագույն բնակավայրերից է: Երեւանը հնագույն քաղաք է եւ միաժամանակ երիտասարդ: Բացի Էրեբունի, Արին-Բերդ, Կարմիր բլուր հազարամյա բնակավայրերից, ամրոցների մնացորդներից եւ ավերակներից պահպանվել են միայն մի քանի հայկական եկեղեցիներ եւ մի համեստ պարսկական մզկիթ՝ որպես դարավոր մուսուլմանական տիրապետության ապացույց: Ի դեպ, եվրոպական գիտնականներն ու հնագետները այժմ վերանայում են Երևանի պատկառելի ծննդյան «վկայականը» – ժամանակակից Երեւանի Շենգավիթ թաղամասում կատարված պեղումները հաստատում են, որ բնակավայրը շուրջ 6000 տարվա պատմություն ունի…

Դարերից եկող քաղաքը իր պատմության մեջ գոյատևեց իրանական, թյուրքական եւ ռուսական «աշխարհների» խաչմերուկում… 19-րդ դարում՝ Ռուսական կայսրությանը միացվելուց հետո, Երևանը դառնում է ռուսական տիրապետության կարեւոր ֆորպոստ – վերահսկելու մահմեդական աշխարհը՝ Եվրոպայի հետ կատաղի մրցակցության մեջ: 20-րդ դարում գերմանացի հայտնի դիվանագետ Րորբախը նշել է. «Ով տնօրինում է Հայաստանին, հենց նրան է պատկանում ամբողջ Մերձավոր Արեւելքը»: Իհարկե, նա նկատի չուներ միայն Արևելյան Հայաստանը և առավել ևս այսօրվա տարածքով խիստ համեստ Հայաստանի Հանրապետությունը, այլ ամբողջ Հայկական բարձրավանդակը…

…Երեւանի դերը եւ տեղը յուրահատուկ և անգնահատելի է: Չնայած քաղաքը բավականին համեստ է համարյա բոլոր եվրոպական և ռուսաստանյան չափանիշներով (բնակչությամբ, տարածքով, կենսամակարդակով և այլն), հենց այստեղ, ինչպես աշխարհում ոչ մի ուրիշ տեղ, հայը ամուր, «երկու ոտքով», կանգնած է սուրբ հայկական հողի վրա, իսկ իր թիկունքում է իրական Հայաստանի հզոր հոգեւոր եւ «շոշափելի» խորհրդանիշը՝ հսկա ու վեհ Մասիսը – Արարատը…

Երեւանը 20-րդ դարասկզբին դեռ մի համեստ գավառական քաղաք է ռուսական պետության ծայրամասում, բայց արդարացիորեն հպարտանում է իր յուրահատուկ մշակույթով, խնամքով պահպանվող ծեսերով ու ավանդույթներով, պարկեշտությամբ, բարոյական բարձր սկզբունքներով: Ռուսների իշխանության ներքո արեւելահայության, մասնավորապես երևանցիների, ապագան կարծես թե անխորտակելի է, անվտանգ, հավերժական՝ ի տարբերություն արևմտահայության, որը կրեց 1915-ի Մեծ Եղեռնի դաժանությունը… Բայց գալիս են Առաջին համաշխարհային պատերազմի, ռուսական հեղափոխության և քաոսի տարիները՝ այդ թվում Անդրկովկասում, Հայաստանում…

…Ահա Երեւանը առաջին Հայաստանի Հանրապետության, այնուհետեւ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքն է: Երեւանում արդեն բնակվում են ոչ միայն փոքրաթիվ բնիկ երեւանցիներ – այստեղ են ծվարում երբեմնի վանեցիները, էրզրումցիները, կարսեցիները, թիֆլիսեցիները, բաքվեցիները, ղարաբաղցիները… Նոր Հայոց Մայրաքաղաք են մշտական բնակության ժամանում հայ մտավորականության փայլուն ներկայացուցիչներ, ովքեր մինչ այդ ապրել ու արարել են Ռուսաստանում կամ Սփյուռքում: Նոր Երեւանի հպարտությունն ու փառքն են կազմել հայտնի ճարտարապետներ, երաժիշտներ, դերասաններ, նկարիչներ, գրողներ, մասնագետներ, հատկապես շինարարներ…

…1960-1970-ական թվականները Երեւանի հիրավի «ոսկե դարն» են, երբ ընդամենը մի քանի տասնամյակում համեստ հայոց բնակավայրը վերածվեց իսկական մեգապոլիսի: Ոչ մի հայ՝ ոչ «դրսի», ոչ «ներսի», չի կարող ժխտել քաղաքի հսկայական հաջողությունները բոլոր ոլորտներում – արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և այլն:

…Պատմությունը իր հերթական, գուցե ոչ լավագույն, բայց ճակատագրական քայլը արեց. գերտերության՝ Խորհրդային Միության փլուզումը 20-րդ դարավերջին ցնցեց երբեմնի հզոր երկիրը, նրա ժողովուրդները, ողջ երկրագունդը… Քանդվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամրագրած մի ամբողջ քաղաքական-հասարակական և արժեքային համակարգ, որը նոր իրականության և իրողությունների բերեց հայաստանցիներին և, մասնավորապես, երևանցիներին…

..Արդեն 25 տարուց ավելի անկախ Հայաստանի Հանրապետությունը և նրա մայրաքաղաք Երևանը ապրում են այլ քաղաքական-հասարակական պայմաններում, կրելով նոր պարտավորություններ և պարտականություններ իր քաղաքացիների, ինչու չէ՝ նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև… Երևանցիների մեջ իրական հույս և մեծ հավատ կա վերականգնելու կորսվածը, զարգացնելու և հարստացնելու արժեքավորը – եւ նյութական, եւ սոցիալ-տնտեսական, և հասարակական-քաղաքական, եւ մշակութային ոլորտներում:

Երրորդ հազարամյակի սկզբին Երեւանը գրեթե վերանվաճեց իր նախկին վստահությունը, ուժն ու գեղեցկությունը: Նույնիսկ անուղղելի հոռետեսները այժմ չեն կարող հերքել երկրի եւ մայրաքաղաքի ակնհայտ ձեռքբերումները: Երեւանը գրավիչ է՝ բոլոր առումներով ոչ միայն «դրսի» հայերի, այլ նաև արտասահմանցիների համար: Վերջապես, իսկական երևանցին մնում է լավատես եւ վստահ, որ երկրի և քաղաքի ապագան իրոք հայրենասեր, կիրթ և գրագետ երիտասարդների, նոր սերնդի ձեռքում է …

Իմ՝ բնիկ երևանցու աչքերում, Երեւանը աճել է ողջ հայության մի փառահեղ քաղաքի…

Ցավդ տանեմ, Երևան…

Ռոբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հայաստանի գրողների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք