Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական աշխատանքը կտարանջատվի սոցիալական վարչարարությունից

Հոկտեմբեր 10,2017 18:15

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել են «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ վերջին տարիներին երկրում իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումները վկայում են, որ մեր պետությունը հստակ և հաստատուն քայլեր է իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին և հավելել, որ ներկայում սոցիալական պաշտպանության համակարգի հետագա զարգացումն ուղիղ համեմատական է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, քանի որ սոցիալական աշխատողն իր հմտություններով պետք է դառնա կարիքի մեջ գտնվող անձի հենարանը:

«Ես այսօր խոսում եմ ոչ միայն որպես ՀՀ ԱԺ նախագահ, այլև՝ մի մարդ, ով անմիջականորեն և գործնականում է առնչվել այս հարցին և դեռ 25 տարի առաջ ստեղծված բժշկական հաստատությունում ներդրել է սոցիալական աշխատողի ինստիտուտը, ինչի համար շատ հպարտ եմ:
Վստահ եմ, որ «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծում առաջարկվող դրույթները գալիս են լրացնելու հնարավոր բացերը, որոնք ապահովելու են ավելի արդյունավետ և որակյալ ծառայությունների տրամադրում՝ հիմնվելով մարդկային կապիտալի զարգացման սկզբունքների վրա»,-ամփոփելով՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով միջոցառումը, նշել է, որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները լայն թափով ընթանում են Հայաստանի Հանրապետությունում և ներկայում մենք փորձում ենք սոցիալական աշխատանքը տարանջատել սոցիալ-վարչարարական աշխատանքից:

Մենք այսօր պետք է ստեղծենք ու ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիների խնդիրներին համալիր և համապարփակ լուծումներ կտրվեն: Այս օրենքի նախագիծը մշակվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Ներկայումս այն դրված է քննարկման: Պետք է նշեմ, որ օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայինն է և մշակման հիմնական աշխատանքներին նախարարության աշխատակազմը ակտիվորեն մասնակցել է»,-ասել է Արտեմ Ասատրյանը:

Ամփոփելով նախարարը նշել է, որ օրենքի նախագծի քննարկումների փուլում կատարված բոլոր առաջարկությունները, մոտեցումներն ի մի կբերվեն և օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են օրենքի նախագծի հիմնադրույթները, օրենքի անհրաժեշտությունը ներկա բարեփոխումների համատեքստում:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության պաշտոնյաներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031