Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ապրելու 4 տեսակները, որից 3-ը մահացու են ու թե ինչն է խանգարում չորրորդին

Հոկտեմբեր 11,2017 13:00

Դուք երեւի լսած կլինեք, երբ մարդիկ ասում են, որ իրենք բարոյական մարդիկ են ու ոչ մի վատ բան չեն անում, չեն գողանում եւ ուրիշի ունեցվածքի վրա աչք չեն դնում: Միգուցե դուք էլ այդպես մտածած լինեք: Այսպիսի ինքնագնահատանքն արդեն մեծամտություն է: Իսկ մեծամտությունից շատ ավելի վատ բաներ են ծնվում ու առաջանում: Երբ ուշադիր նայենք մեր կյանքին, կտեսնենք, որ ապրելու չորս տեսակներ կան:

Առաջին տեսակը ֆիզիկականն է: Այստեղ մարդը միայն մտածում է ուտելու, հագնելու եւ իր մարմնական կարիքները հոգալու մասին: Նա ուզում է շքեղ մեքենա, մեծ տուն, թանկանոց արձակուրդներ ու հմայիչ զուգընկերներ: Նա աշխատում ու ամեն ինչ անում է այս նպատակի համար: Ինչպես տեսնում եք, սա գոյություն ունենալու ամենացածր աստիճանն է, որտեղ ամեն ինչ արվում է ստամոքսը լցնելու համար:

Երկրորդ աստիճանը կոչվում է կենսաբանական: Սա մի քիչ ավելի բարձր է, քան ֆիզիկական աստիճանը: Մենք տեսնում ենք, որ կենսաբանական զարգացումներն իսկապես ազդում են մարդու վրա: Օրինակ, ինչպե՞ս բացատրել այն, որ մայրը սրտի կաթված է ստանում, երբ նրան հայտնում են, որ իր որդին զոհվել է:

Երրորդ աստիճանն ավելի բարձր է: Այն կոչվում է բարոյական: Բարոյականությամբ ապրող մարդը հետեւում է իր կյանքին, նա ունի որոշ նորմեր, որոնք հիմնականում փորձում է չանցնել: Նա կոպիտ չէ դիմացինի նկատմամբ, հարգում է դիմացինին, գիտի, որ գողանալն ու ստելը վատ բաներ են ու ձգտում է հավատարիմ մնալ իր արժեքներին:

Չորրորդ աստիճանը, որն ամենաբարձրն է, կոչվում է հոգեւոր: Միանգամից ասեմ, որ հոգեւորը երբեք մի խառնեք կամ շփոթեք 3-րդ աստիճանի, այսինքն՝ բարոյականության հետ: Հոգեւոր մարդը պետք է լինի բարոյական, բայց բարոյական մարդը միշտ չէ, որ հոգեւոր է: Բարոյական մարդը կարող է լինել հպարտ, նախանձ, եսասեր ու փառասեր: Հոգեւոր մարդը այն մարդն է, ով կարողանում է տեսնել իր ներսում այս կեղտերը եւ իր կյանքի նպատական է դնում ամբողջովին իր հոգին ու միտքը մաքրել այս ներքին կեղտերից: Երբ նա ձգտում է իր հոգին մաքրել բոլոր տեսակի կեղտոտ մտքերից, նա տեսնում է, որ 3 բան իրեն խանգարում է: Այդ 3 չար բաներն այն կուռքերն են, որոնց «խորանին» մարդը բերում է ամեն ինչ: Այդ 3 կուռքերն են՝ հեշտասիրություն, փողասիրություն եւ փառասիրություն: Հավատացեք, մնացած բոլոր վատ բաները, որ կան մեր կյանքում, այս երեքից մեկի տեսակներից են: Ու այստեղ է, որ մարդն իսկապես զգում է իր տկարությունը: Նա տեսնում է, թե այս երեք չար կուռքերն ինչպես են խորտակում իր կյանքը ու նա փրկչի կարիք է զգում: Դրա համար մենք Աստծու Որդուն կոչում ենք Աշխարհի Փրկիչ:

Հեշտասիրությունն այն է, որ մարդն այս կյանքում ամեն ինչի մեջ հարմարավետություն ու կոմֆորտ է փնտրում: Սրա պատճառով նա չի աշխատում այնքան, որ պետք է, նա չի անում այն, ինչ որ պետք է ու նա ծուլանում է, որովհետեւ նա հարմարավետություն է փնտրում: Իսկ ծուլությունը մահացու մեղք է: Չեմ ասում, թե հարմարավետությունը վատ բան է, բայց եթե այն ծուլության է տանում, ապա վատ բան է:

Երկրորդ կուռքը փողասիրությունն է: Սրանից ծնվում է եւ ագահություն, եւ կաշառակերություն, եւ մարդիկ իրար սպանում են հարստության համար, եւ պատերազմի տանում ազգերին:
Երրորդ կուքը փառասիրությունն է: Ո՞վ չի սիրում իր նկարը դնել սոցիալական ցանցերում, որպեսզի գովեստ ընդունի մարդկանցից: Ո՞վ չի սիրում մեդալներ ու պարգեւատրություններ: Ո՞վ չի սիրում, որ իր բարի գործերը նկատեն ու իրեն գովեն: Ո՞վ չի նեղվում, երբ մարդուն լավություն ես անում ու նա ուրանում է քո լավությունը: Ո՞վ չի սիրում հաճոյախոսությունն ու մարդկանցից գովեստներ ընդունելը: Ժողովուրդ ջան, սրանք ահավոր կեղտեր են: Տեր Հիսուսն ասում է. «Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհ 5:44):

Սիրելի բարեկամ, թե դու ինչ աստիճանի կյանք ես ապրում, կախված է քո նպատակներից: Արդյո՞ք դու ձգտում ես միայն քո ստամոքսը լցնել, կամ պարզապես բարոյական կյանք ապրել, թե՞ հոգիդ ու միտքդ մաքրել բոլոր կեղտերից, ինչպիսիք են ագահությունը, փառասիրությունը, նախանձը, հեշտասիրությունը, ծուլությունը, ատելությունն ու նման տեսակ այլ ախտերը:

Այս չորս աստիճաններից, որը որ լինի քո նպատակների ու ջանքերի գագաթում, նա էլ կթելադրի ու կկոտրի մնացածներին, որոնք գտնվում են իրենից ներքեւ:

Մենք ոնց որ թե երջանկություն ենք փնտրում այս կյանքում, բայց ստանում ենք պատերազմ ու արյուն: Ինչո՞ւ: Քրիստոսն ասում է, ՆԱԽ խնդրեցեք Աստուծո Արքայությունն ու արդարությունը եւ մնացած անհրաժեշտ բաները ձեզ կտրվեն ավելիով: Աստուծո Արքայությունն այս կոնտեքստում ոչ միայն նշանակում է հավիտենական կյանքի թագավորությունը, այլ ՀՈԳՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ այս երկրային կյանքում: Քանի որ Քրիստոսն ասաց. «Աստուծո Արքայությունը ձեր ներսում, ձեր մեջ է» (Ղկ. 17:21): Մարդը եւ հասարակությունն իր կյանքի նպատակը պիտի դնի այս արքայությունը հաստատել իր ներսում՝ ՄԱՔՐԵԼ ՀՈԳԻՆ ու ազատվել հեշտասիրության (կոմֆորտ), փողասիրության ու փառասիրության ստրկությունից: Մեր բոլոր ճգնաժամերի պատճառը մարդու հեռացումն է անվիճելի հոգեւոր նորմերից: Ախր չէ՞ որ այս նույն Ավետարանական օրենքը կարելի է նաեւ հակառակը կարդալ ու թերեւս ավելի պարզ լինի: «Եթե ՆԱԽ Աստուծո Արքայությունը ՉՓՆՏՐԵՔ, ապա ի վերջո ամեն ինչ կկորցնեք, եւ՛ խմելու բաները, եւ՛ ուտելու բաները, եւ՛ թէ ինչ պիտի հագնեք վաղը՝ այսինքն կկորցնեք երկրային բարգավաճումը, որին այդքան ձգտում էք»:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Արմեն Հարեյան ` անչափ շնորհակալ եմ ՁԵՐ այս հոդվածի համար – ԱՅՈ՛ , կատարյալ սուրբգրային մեջբերումներով ԱՐԺԱՆԻ հոդված է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031