Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընդունա՞կ է մերձենալ քաղաքակիրթ երկրներին

Հոկտեմբեր 11,2017 12:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 2-ին Երեւան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ՀՀ իշխանությունների հետ բանակցեց, եւ այն հայտարարությունները, որոնք հնչեցին թե՛ հայկական կողմից, թե՛ հանձնակատարից, հուսադրող են, հիմք են տալիս ենթադրելու, որ այս պահին իսկապես ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու խոչընդոտներ չկան: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք այցից: Ի՞նչ են ճշգրտում կողմերն այս փուլում: Կա՞ արդյոք մտավախություն, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջին պահին չի ստորագրվի:

– Մի քանի առիթներով արդեն նշել եմ ու մնում եմ նույն կարծիքին. անհիմն եմ համարում լավատեսություն հայտնելը՝ մինչ համաձայնագրի ստորագրումը, իսկ այնուհետեւ՝ վավերացումը: Չստորագրելու վերաբերյալ մտավախությունը միայն այդ ժամանակ կարող է վերանալ: 2013-ի սեպտեմբերի 3-ից ուղիղ վեց շաբաթ առաջ էլ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրերի շուրջ բանակցություններն ավարտվել էին, տրամադրությունները լավատեսական էին, ավելին, որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Տիգրան Սարգսյանը եւ Շավարշ Քոչարյանը, վստահություն էին հայտնում սպասվող ստորագրման վերաբերյալ, նաեւ վստահաբար հայտարարում էին Մաքսային միությանն անդամակցելու անհնարինության մասին՝ այն իրավացիորեն համարելով «ինքնիշխանությանը հրաժեշտ տալ»:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Այդպիսով, նախապատրաստված պայմանագրի վերաբերյալ ճշգրտումների կարիք արդեն, ըստ էության, չկա: Մնում է սպասել՝ արդյոք Հայաստանն ընդունա՞կ է գոնե դրանով սահմանվող սահմանափակ պարտավորությունները կատարել՝ գոնե փոքր-ինչ մերձենալով քաղաքակիրթ երկրներին, թե՞ դարձյալ մեկ գիշերվա ընթացքում կողմնորոշում կփոխի՝ վերջնականապես իր ճակատագիրը կապելով Եվրոպայում մնացած հատուկենտ բռնատիրությունների (Ռուսաստան, Բելառուս, Ադրբեջան) ու նրանց միջինասիական գործընկերների հետ:

– Յոհանես Հանը «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է. «Հայաստանի տնտեսության արդիականացման ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի գերակա առաջնահերթություն», եւ որ՝ «Հայաստանն ունի տնտեսական զարգացման հսկայական ներուժ»: Այս ուղերձների սլաքը իշխանություններին է ուղղված: Բայց եթե Հայաստանը ներկայիս տնտեսական մակարդակում մնա՝ ինչպե՞ս է զարգացում ապրելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու պարագայում: Այսինքն՝ վերահսկողական մեխանիզմներ կստեղծվե՞ն ԵՄ-ի կողմից:

– Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը սահմանափակված է նախեւառաջ օլիգարխիկ համակարգով եւ մրցակցության բացակայությամբ: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բարեփոխման երաշխիք չէ: Անհնար է չնշել, որ ռուսական դիկտատից անկախ՝ հայ քաղաքական վերնախավի վերաբերմունքը ԵՄ-ի հետ մերձեցման նկատմամբ անկեղծ չէ: Դա եվրոպացիների համար էլ գաղտնիք չէ. ինչպես նշվել է Լոր Դելկուրի եւ Կատարինա Վոլչուկի 2015թ. հրապարակված վերլուծական հոդվածում՝ «մրցակցության բացակայության պայմաններում օլիգարխների տիրապետության տակ գտնվող քաղաքական համակարգը հավանաբար չի գոյատեւի Հայաստանից պահանջվող բարեփոխումներն իրականացնելու դեպքում», նաեւ՝ «մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը, կառավարման որակին վերաբերող ԵՄ չափանիշները գործող իշխանության համար շահեկան չեն»:

Մյուս կողմից՝ մասնավորապես Հրանտ Կոստանյանի կողմից նշվել է, որ բարեփոխումներին նպաստելու հնարավորությունները սահմանափակ են ԵՄ-ի թուլության պատճառով:

Այնպես որ, եթե անգամ լինի ինչ-որ վերահսկողական մեխանիզմ, այն հիմնականում կսահմանափակվի ԵՄ-ի տրամադրած միջոցների ծախսումը վերահսկելով, չնայած դա էլ մեծ խոչընդոտ չէ Հայաստանի իշխանության համար. այդ են վկայում կոռուպցիայի դեմ ձեւական պայքարը եւ այլ հայտնի փաստերը: Ի վերջո, Հայաստանում բացակայում է համակարգային բարեփոխումների համար կենսականորեն անհրաժեշտ մի պայման, այն է՝ քաղաքականապես ինքնաբավ ուժերի առկայությունը, որոնք, լինելով եվրոպականացման եւ բարեփոխումների կողմնակից, ճնշում կգործադրեին իշխանության նկատմամբ:

– «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ազդեցություն չի ունենա համագործակցության շատ այլ ոլորտների վրա, որոնք կարգավորվում են նոր համաձայնագրով, օրինակ՝ տնտեսվարողների համար ավելի լավ կարգավորման շրջանակի շուրջ համագործակցությունը։ Եվ ամեն դեպքում Հայաստանն արդեն իսկ օգտվում է ԵՄ-ի GSP+ առեւտրային արտոնությունների համակարգից, որով դեպի ԵՄ ուղղվող հայկական արտահանումների մեծ մասն ազատվում է մաքսատուրքերից։ Դեպի ԵՄ Հայաստանից արտահանումները աճել են 12%-ով 2015թ.-ին եւ 10%-ով 2016թ.-ին»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Յոհանես Հանը։ Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման պարագայում հայ տնտեսվարողները, այնուամենայնիվ, կկարողանան ԵՄ շուկայում գործել, եւ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինքնաբերաբար անիմաստ կդառնա:

– Հայ տնտեսվարողներն անշուշտ կարող են ԵՄ-ի շուկայում գործել՝ սանիտարական եւ այլ չափանիշները պահպանելու դեպքում: Հայտնի է, սակայն, ոմանց մոտ դրանք ապահովելու ցանկության բացակայությունը եւ Ռուսաստանի հետ «ընդհանուր բիզնես-մշակույթին» տրվող նախապատվությունը: ԵՏՄ-ին անդամակցությունն ամեն դեպքում է անիմաստ. տնտեսական մակարդակով այն, ըստ էության, պայմանավորված էր «ընդհանուր բիզնես-մշակույթի» կրող, լոլիկ ու ծիրան արտահանողների շահերով, քաղաքական մակարդակով էլ՝ ռուսական ֆավորիտի կարգավիճակի, ու այդպիսով էլ՝ իշխանության պահպանման ցանկությամբ: Ավելին, ԵՏՄ-ին անդամակցությունը վնասակար է. դրա հերթական ապացույցը Հայաստանի բնակիչները կրկին կզգան ընդամենը երեք ամիս հետո, երբ ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերը կսկսեն գործել, ու մոտ 800 ապրանքատեսակ, այդ թվում՝ սննդամթերքի շատ տեսակներ, կթանկանան՝ առաջացնելով այլ ապրանքների եւ ծառայությունների թանկացման շղթայական ռեակցիա:

– Նոյեմբերին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի հիմքում ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Արեւելյան գործընկերության քաղաքականությունում: ԵՄ-ն երկկողմ հարաբերությունները հարմարեցնում է առանձին գործընկեր երկրների հավակնություններին: Այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ռուսական բավական կոշտ քաղաքականության պայմաններում որքանո՞վ է արդյունավետ:

– Հավանաբար, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի համար համագործակցության է՛լ ավելի խորացված ձեւաչափի մշակման գործընթաց կսկսվի, նաեւ նյութական օգնության չափն աստիճանաբար կավելացվի: Արեւելյան գործընկերության քաղաքականության արդյունավետության առումով պետք է նշել, որ դրա մինչ այժմ արձանագրված կարեւորագույն արդյունքն Ուկրաինայի անդամակցությունը ԵՏՄ-ին անհնար դարձնելն է, ինչը ռուսական էքսպանսիայի հետագա տարածման առաջնահերթ պայմանն էր: Միայն դա բավական է, որ Արեւելյան գործընկերությունը հաջողված նախագիծ համարվի:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031