Կատաղի պայքար Շիրակում․որոշ պաշտոնյաների՝ ցածրաստիճանից բարձրաստիճան դառնալու հակումները

Կատաղի պայքար Շիրակում․որոշ պաշտոնյաների՝ ցածրաստիճանից բարձրաստիճան դառնալու հակումները

Նոյեմբերի 5-ին՝ խոշորացված համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտրությունների օրը լարված պայքար է սպասվում նաև Շիրակի մարզի Ախուրյանի ու Մարմաշենի տարածքում։ Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի միավորվող համայնքերի թվում են Ախուրյանի 8 գյուղերը (Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց՝ Ախուրյան վարչական կենտրոնով) և Մարմաշեն համայնքը, որի կենտրոնը կլինի Մայիսյանը և որի շուրջ կմիավորվեն 15 համայնքներ (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հացիկավան՝ բնակավայր է Հացիկի մեջ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի)։

Այս պայքարում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ախուրյանը, այստեղ թեկնածուները վեցն են։ Պարզվում է այստեղ տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք երազում են համայնքապետ դառնալ։ Թեկնածուների թվում են Ախուրյանի երկարատև գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, որը, սակայն, ինքնառաջադրվել է, Ախուրյանի «Համալիր-մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամյանը, «Շիրակ» ջուր օգտագործողների ընկերության տեղամասի պետ Վանիկ Մկրտչյանը, որը Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի եղբայրն է։

Համայնքապետի պաշտոնին հավակնում են նաև անկուսակցական խանութատեր Գերասիմ Համբարյանը ու Կարեն Սերգոյանը, որի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ն և որը գազի գրասենյակի վարպետն է, ինչպես նաև Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանը։ Վերջինս թեև ՀՀԿ-ական է, սակայն նրան հարազատ կուսակցությունը ո՛չ առաջադրել է, ո՛չ էլ սատարում է։

Ոչ պակաս հետաքրքիր իրավիճակ է Մարմաշենի համայնքի ղեկավարի ընտրություններում։ Այստեղ ընդամենը 4 թեկնածու կա․Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը, Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը նախկինում ՀՅԴ-ական էր, հիմա՝ ՀՀԿ-ական,  Քեթիի նախկին գյոււղապետ Թորգոմ Սահակյանը, որին, ի դեպ, ՀՀԿ-ն է առաջադրել և սատարում է, և  ՀՅԴ-ական բիզնեսմեն Կարեն Արշակյանը, որը հայտնի է «Վեգայի Կարեն» անունով։ Հիշեցնենք, որ «Վեգան» տեխնիկայի խանութների ցանց է։

Ի դեպ, ՀՅԴ-ն չի առաջադրել նրա թեկնածությունը, սակայն, ըստ մեր տեղեկություների, այս կուսակցությունն ակտիվորեն պայքարում է իր կուսակցի հաղթանակի համար։

Նշենք, որ Մարմաշենի տարածքում բնակչության թիվը հունվարի 1-ի դրությամբ 11 հազար 410 է, ընտրողների թիվը հասնում է մոտ 8 հազար 871-ի։ Ախուրյանի տարածքում բնակչության թիվը 17 հազար 635 է, ընտրողների թիվը՝ մոտ 13 հազար 354 է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք