Սա ամենեւին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն. «Հրապարակ»

Սա ամենեւին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն. «Հրապարակ»

Երեկ ժամը 19-ի դրությամբ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագծին կողմ էր քվեարկել այցելածների 43, դեմ՝ 57 տոկոսը։ Նախագիծը բավական ակտիվ քննարկվում էր, եւ նախագծին կից ներկայացված էին մի քանի տասնյակ առաջարկներ ու կարծիքներ։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը մոտ մեկ տասնյակ առաջարկներ է ներկայացրել օրինագծի հեղինակներին, հիմնական հակաքարոզչությանը, որ նախագիծը Հայաստանում յուվենալ արդարադատության հիմք է ստեղծում, պատասխանում է՝ մեջբերելով Ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը, ըստ որի՝ ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե  նրանք.

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց,

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից,

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա,

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությանը,

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ, զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ընդ որում՝ սա ամենեւին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն։

Ի դեպ, այդ լիազորությամբ են օժտված նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, որոնք, համաձայն ՀՀ կառավարության թիվ 631 որոշման, իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող որեւէ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց՝ երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք