Հայկական կողմի պատասխանը սուր էր և հստակ. «Հայոց Աշխարհ»

Հայկական կողմի պատասխանը սուր էր և հստակ. «Հայոց Աշխարհ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին տարածաշրջանային այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման վերաբերյալ, իրադրության վրա դրական ազդեցություն գործելու փոխարեն սկսել է բարդացնել Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերի առանց այդ էլ լարված հարաբերությունները։

Հայտնի է, որ վերջին ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի եղել, իսկ արտգործնախարարների անկանոն շփումները ընդամենը քողարկել են բանակցային գործընթացի բացակայության փաստը։ Այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են աշնանը գոնե մի անգամ բարձր մակարդակով բանակցային սեղանին նստեցնել կողմերին։ Նրանց մտահոգությունը հասկանալի է՝ բանակցությունների նման մակարդակը սովորաբար խաղաղության պահպանման լրացուցիչ կռվանի դեր է խաղում։

Բայց արի ու տես, որ այս առումով եւս միջազգային պրակտիկայում ընդունված հանրահայտ չափանիշները չեն գործում, երբ խոսքը առնչվում է Ադրբեջանի նման երկրներին։ Ուստի դեռ բանակցությունները չսկսված՝ Ադրբեջանի ժառանգական տիրակալը իր կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում հանդես եկավ մի սադրիչ ելույթով՝ նպատակ ունենալով թելադրողի դերակատարություն ստանձնել առաջիկա բանակցություններում։
Նա սկսեց «գլուխ գովել»՝ սեփական հանրության առջեւ տպավորություն ստեղծելով, թե հասել է նրան, որ բանակցային գործընթացը վերսկսվի զրոյական կետից։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես հայտնի է, ընդունվեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները շփման գծում փոխադարձ վստահության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։
Եվ ահա Ի.Ալիեւը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այսինքն՝ փաստորեն ընդունում է ապրիլյան ագրեսիայի արդյունքները եւ պատրաստ է ամեն ինչ սկսել զրոյական կետից։

Ակնհայտ էր, որ այս բացահայտ կեղծիքով Ալիեւը նպատակ ուներ նախապես առավելություն ստանալ հայկական կողմի նկատմամբ։ Ուստի բնականաբար հայկական կողմը անպատասխան չէր թողնելու հակառակորդի այդ քայլը։ Նախագահականից պատասխանը սուր էր, ավելի քան հստակ։ Նախագահի մամլո խոսնակ Վ.Հակոբյանը Ի.Ալիեւի հիշյալ հայտարարությունը գնահատեց որպես բարձր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներին նախորդող սադրանք, մի բան, որ արդեն ավանդույթ է դարձել պաշտոնական Բաքվի համար։

Պատասխանում ասվում էր, որ այդ առումով միակ տարբերությունը սադրանքի իրականացման խոսքային ձեւն է, այսինքն՝ «Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին» կատարելու փաստը։ Դրանով կարծես կանխատեսվում էր, որ Ի. Ալիեւի խոսքին շուտով հետեւելու է նաեւ «գործը». երեկ Տավուշի մարզի սահմանագծին արձակված կրակոցից զոհվել է հայ զինվոր։

«Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը»։

Պարզ է, որ հայկական պատասխանի մեջ մի քանի անգամ կրկնված «խայտառակություն» բառն օգտագործվել է ամենեւին էլ ոչ պատահաբար։

Ինչեւէ՝ Բաքվի նախաբանակցային սադրանքն արդեն կատարված իրողություն է՝ ե՛ւ խոսքի, ե՛ւ «գործի» մակարդակներում, ուստի երբ երեկ Սոչիում հավաքվել էին ԱՊՀ երկրների ղեկավարները, թվում էր, թե ստեղծվել է պատեհ առիթ Հայաստանի դիրքորոշումն էլ ավելի հստակեցնելու համար։ Պարզ է, որ կրակոցներով ու քիլերությամբ բանակցություններ չեն արագացվում, սակայն նույնքան էլ պարզ է, որ բանակցային գործընթացի շարունակման համար վճռական է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը։ Եվ եթե բանակցությունները վերսկսելու միջնորդների ազնիվ փորձերը մարդկային կյանք են արժենում, ապա տեղի ունեցածին պետք է համապատասխան գնահատական տան նախ եւ առաջ իրենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Թերեւս այդ պատճառով Հայաստանի նախագահի Սոչիում ունեցած ելույթում խոսք անգամ չկար առաջիկայում սպասվող բանակցությունների եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք