Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային հայտարարությունների հայկական միֆը

Հոկտեմբեր 12,2017 13:29

Ավելի հեշտ է ճահճից ինքնուրույն դուրս գալ, քան Հայաստանում հայտնվել գործազուրկ վիճակում ու ընկնել աշխատանքային փնտրտուքների մեջ, եթե չունես խնամի-ծանոթ-բարեկամ՝ ԽԾԲ: Մեր երկրում գործազրկությունը գնալով մեծանում է (որն էլ, ի դեպ, արտագաղթի կարևորագույն պատճառներից է), ու դրան հակառակ՝ աճում է թափուր աշխատատեղեր առաջարկող էլեկտրոնային կայքերի թիվը: Սա մի քիչ անտրամաբանական է, եթե չասեմ՝ տարօրինակ:

Երբ ծանոթանում ես աշխատանքային հայտարարություններին, թվում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ կա՞ն, արդյոք, այդ թափուր տեղերն իրականում, թե ոչ՝ դժվար է ասել: Բացատրեմ՝ ինչու: Աշխատանքային կոնկրետ հայտարարության հետքերով դիմելիս մեծավ մասամբ մնում ես անորոշության մեջ. ստացա՞ն պահանջված CV-ն, կատարեցի՞ն ընտրություն, ինչո՞ւ նախապատվություն չտվեցին քո թեկնածությանը և այլն: Այս փաստը խոսում է այն մասին, որ Հայաստանում գործատուների շրջանակներում դեռևս ձևավորված չէ դիմողին հետադարձ պատասխանելու մշակույթը, թեկուզ մերժված լինելու դեպքում: Իսկ ներքին կապերը, ծանոթությունները հուշում են, որ շատ հաճախ աշխատանքային հայտարարությունները տրվում են այն դեպքում, երբ տվյալ թափուր աշխատատեղի համար ներքին կարգով արդեն ունեն ընտրյալ աշխատող: Մնում է ենթադրել, որ «թափուր աշխատատեղի» մասին հայտարարություն տալը հետապնդում է աշխատողների ընտրության թափանցիկության տպավորություն ստեղծելու կամ PR նպատակ:

Գրեթե բոլոր կազմակերպություններն էլ այսօր ունեն ֆեյսբուքյան էջեր: Թափուր աշխատատեղի մասին իրենց էջերով սեփական նախաձեռնությամբ հարցում անելիս բախվում ես նույն խնդրին. հաճախ մնում ես անպատասխան:

Էլ չեմ խոսում աշխատանք առաջարկող կայքերում տեղադրված հայտարարությունների ժամանակավրեպության մասին. նշվում է, որ թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը ուժի մեջ է, օրինակ, 1 ամիս, իսկ երբ այդ ժամանակահատվածում զանգահարում ես գործատուին, պարզվում է՝ տեղը վաղուց համալրված է: Ստացվում է՝ ռեալ աշխատանք առաջարկելու փոխարեն կայքերն իրականում հաճախ խլում են մարդկանց ժամանակն ու խաղում նյարդերի հետ:

Հայաստանում կանայք անհրաժեշտ են երեխա ծնել-դաստիարակելու, տուն-տեղ դնելու համար միայն: Հիմա կհարցնեք՝ սա ինչ կապ ունի աշխատանքի փնտրտուքների հետ: Պարզվում է՝ գործատուներին երեխամայրեր պետք չեն, որովհետև ֆիզարձակուրդ գնալու դեպքում ավելորդ գումարներ ծախսելու պատճառ են դառնում, իսկ չգնալու դեպքում էլ երևի հաշվի են առնում, որ ցանկացած պարագայում մանուկը մոր մտահոգության առարկան է, իսկ դա կարող է շեղել նրա ուշադրությունն աշխատանքից:

Սոցիալական կայքերում հաճախ են հանդիպում անհատների հայտարարություններ անհասցե կազմակերպություններից, իսկ երբ հետաքրքրվում ես մանրամասն, միանգամից հրավիրում են իրենց մոտ հարցազրույցի: Փորձը ցույց է տվել, որ դրանք սովորաբար ցանցային մարքեթինգ առաջարկողներն են: Աշխատանքի բնույթը հստակ չներկայացնելը թույլ է տալիս եզրահանգել, որ նրանցից շատ գործազուրկներ խուսափում են կամ նրանց չեն նախընտրում, իսկ հարցազրույցի հրավիրելիս աշխատանք փնտրողին համոզելու հավանականությունը մեծ է:

Հայաստանում հանապազօրյա հաց վաստակելու համար մնում է հույսը դնել Աստծո բարեգթության կամ, ցավոք, արտագաղթի վրա…

 

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031