Դատախազը՝ Շիրակի պետական համալսարանում ծագած սկանդալի մասին (Տեսանյութ)

Դատախազը՝ Շիրակի պետական համալսարանում ծագած սկանդալի մասին (Տեսանյութ)

Այսօր լրագրողները Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է Շիրակի պետական համալսարանի  դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի՝ ՀՀ նախագահին ու վարչապետին հասցեագրված բաց նամակում մեջբերված փաստերի ուսումնասիրությունը։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ դասախոսները համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին համալսարանն ավերելու մեջ:

«Մեր կողմից ուսումնասիրվելով լրատվամիջոցում եղած հաղորդումը, անձամբ իմ կողմից հանձնարարվել է համապատասխան դատախազին՝իմ տեղակալին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  շրջանակներում կատարվում են ուսումնասիրություններ։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ և այդ հարցումներից ելնելով՝ մեր կողմից ուսումնասիրության արդյունքների շրջանակը պարզելուց հետո, մենք անհրաժեշտ իրավական եզրահանգման կգանք։ Այնպես որ, նշվածը նույնպես գտնվում է դատախազական հսկողության տիրույթում»,- տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դիտարկմանը, թե բավական ժամանակ անցել է, միայն հարցումներ եք ուղարկե՞լ, դատախազն ասաց․ «Հարցումներ ենք կատարել և՛ նշված բուհին, և՛գերատեսչություններին, գերատեսչություններին ուղղված հարցումների պատասխանները դեռևս չենք ստացել, բուհին ուղղված հարցումների պատասխանները ստացել ենք։ Ստացել ենք, մեզ հետաքրքրող անհրաժեշտ փաստաթղթեր։ Մենք հրավիրել ենք կոնկրետ այն երկու անձանց, որոնք բաց նամակի համահեղինակներն են, մեկ անձը ներկայացել է, հրաժարվել է դիմում ներկայացնելուց, որևէ գրավոր տեղեկատվություն ներկայացնելուց, սակայն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, երկրորդ անձն ընդհանրապես հրաժարվել է ներկայանալ»։

Լրագրողի դիտարկմանը, թե բաց նամակը հիմք չէ՞ր, որ միանգամից քրեական գործ հարուցեիք, Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Բաց նամակը հիմք է  հանդիսացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար, քրեական գործ հարուցելու համար մեզ պետք են առիթ և հիմքեր, երբ մենք կունենանք առիթը և հիմքերը օրենքով սահմանված, մենք այդ հարցը կքննարկենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք