Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնուհու փափագն է, որ Թումանյանի Թբիլիսիի գերեզմանից մի բուռ հող ամփոփվի Երևանի «Կոմիտաս» պանթեոնում

Հոկտեմբեր 12,2017 20:12

2018 թվականին նշվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Մշակույթի նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստվել հոբելյանին, և Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանից հետաքրքրվեցինք, թե ձեռնարկված միջոցառումները որքանով են համահունչ մեծ բանաստեղծի ընտանիքի ցանկություններին.

«Իհարկե, ինչպես անցավ 100-ամյակը, մտածում եմ, որ հնարավոր չի անել։ Բայց ինչ-որ մի փոքրիկ բան կարելի է անել, տարբեր երկրներից հրավիրել Թումանյանի և նրա ստեղծագործությունների թեմաներով աշխատող մարդկանց …»։

Իրմա Սաֆրազբեկյանն որդու հետ այժմ բնակվում է Գերմանիայում.

«Միառժամանա′կ։ Հույս ունեմ, որ Հայաստան ենք գալու։ Կուզենամ բնակվել Դսեղում, որտեղ Թումանյանն է ծնվել։

Ասեմ, որ ես և տղաս պետք է շնորհակալություն հայտնենք պրն Ամիրյանից, որ նա շատ ուշադիր գտնվեց Դսեղի նկատմամբ և շատ բաներ փոխեց Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում։ Տարիներ շարունակ ես խնդրում էի, որ ուշադրություն դարձնեն Դսեղին։

Դսեղում,անհարմար է ասել, գիտե՞ք, տուալետը վերջապես արել են։ Դա դեմքն է ժողովրդի։ Ո՞նց կարելի է ունենալ թանգարան առանց զուգարանի։ Շատ ներողություն եմ խնդրում, որ դրա մասին եմ խոսում, բայց երևի մի 30 տարի շարունակ ասել ենք, որ գյուղը մնացել է էնպես, ինչպես որ Գիքորի ժամանակ, ամո′թ էր։ Հիմա կառուցվել է, և եկեղեցին կարգին վիճակում է, ճիշտ է, ես դեռ չեմ տեսել փայտե ու քարե արձանները, բայց դա էլ լավ գաղափար է։ Փոփոխություն, իրոք որ, կա»։

Ինչ վերաբերում է հոբելյանը նախապատրաստող միջոցառումներին, Թումանյանի թոռնուհու կարծիքով, պետք է հրատարակվեն Թումանյանի ստեղծագործության և կյանքի մասին պատմող լավագույն գրքերը, որոնց վրա մարդիկ տարիներ շարունակ աշխատել են։ Վատ չէր լինի, նրա կարծիքով, եթե Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն որակյալ ժողովածու էլ հրատարակվեր։ Անձամբ ինքն արդեն խմբագրման է հանձնել Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի մասին գիրքը, որը հրատարակելու է «Էդիտ պրինտը».

«Պատրաստել ենք նաև «Թումանյանը՝ քննադատ» ժողովածուն . վերջին անգամ հրատարակվել է 1939թ.։ Այդ հրատարակությունից ժամանակի թելադրանքով դուրս մնացած որոշ հոդվածներ եմ ավելացրել»։

«Ունե՞ք որևէ նվիրական ցանկություն, որը կուզենայիք՝ 150-ամյակի տոնակատարության շրջանակում անպայման արվեր», հարցին ի պատասխան Հովհաննես Թումանյանի թոռնուհին փոխանցեց իր փափագը, որն, ասաց՝ շատ վաղուց է եղել իրենց ընտանիքում։

«Թումանյանի աճյունը Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատնից տեղափոխել պետք չէ, բայց շատ կուզենայի, որ շիրմից մի բուռ հող բերվեր Հայաստան, «Կոմիտաս» պանթեոնում Թումանյանի փոքրիկ գերեզման դրվեր, այդտեղ ամփոփվեր… Որպեսզի Թումանյանն էլ լինի իր միջավայրում՝ որտեղ մեր մյուս գրողներն են»։

Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում բանաստեղծի սիրտն է թաղված։ 1994 թվականին այն Հայաստան բերվեց Թբիլիսիի բնակարանից, որտեղ պահվում էր։

Իրմա Սաֆրազբեկյանի մյուս ցանկությունն է, որ Դսեղի տուն-թանգարանի հարևան երկու սենյականոց տունը, որը երրորդ անձի է վաճառել Հովհաննես Թումանյանի եղբոր ծոռը, ձեռք բերվի և միացվի թանգարանին, որը «նեղվածքի մեջ է».

«Այդտեղ կարելի է ցուցադրություններ կազմակերպել, այլ միջոցառումներ… Մենք ամեն տարի Թումանյանի իրերից, մասունքներից որևէ նվեր ենք անում թանգարանին։ Եթե տարածք լինի, էլի իրեր կտեղափոխենք Թբիլիսիից»։

Հեռախոսային հարցազրույցի վերջում Թումանյանի թոռնուհին խնդրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին փոխանցել իրենց շնորհակալությունը, որ «և′ շատ ջերմ, և′ շատ հետաքրքրությամբ վերաբերվեց և′ Թումանյանի անվանը, և′ նրա ժառանգությանը»։

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031