Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ քրեական գործի վրա կա՛մ կա ճնշում, կա՛մ քննիչը կաշկանդված է, կա՛մ քննիչը պրոֆեսիոնալ չէ». բռնության ենթարկված լրագրողը դժգոհ է քննության ընթացքից

Հոկտեմբեր 12,2017 20:54

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն ասում է, որ սեպտեմբերի 28-ին իր նկատմամբ  իրականացված բռնության գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում: Aravot.am-ի հետ զրույցում Նարինեն տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում իրենց կողմից ներկայացված փաստարկներն ամբողջությամբ տեղ չեն գտել քրեական գործի մեջ. «Մասնավորապես այն, որ նախ բռնություն 2 անգամ է գործադրվել, մեկ անգամ վերցրել, ջնջել է նյութը ու հետ է շպրտել հեռախոսը, իսկ երկրորդ անգամ լրիվ բռնի եւ արդեն իր աշխատողների միջոցով կազմակերպված, մի քանի հոգով ինձ գետնին են տապալել:

Որոշման մեջ գրված է միայն, որ Տիգրան Նազարյանը խոչընդոտել է իմ գործունեությունը եւ վերցրել իմ հեռախոսը: Հեռախոսի ինֆորմացիան, որ ջնջվել է այն, որ ես տեսանկարահանել եմ, ֆոտոներ եմ արել, որը քրեական գործում շատ լուրջ ապացույց պետք է լիներ նաեւ իմ այնտեղ գտնվելու նպատակի մասին, այն է՝ անձրեւի ժամանակ ասֆալտապատման աշխատանք կատարելու, դա տեղ չի գտել քրեական գործի մեջ»:

Բացի դա, Նարինեն ասում է, որ եղել է նաեւ կեղծ ցուցմունք. «Առերեսման ժամանակ ես հանդիպել եմ 2 հոգու, որոնք ասել են, որ Տիգրան Նազարյանը չի եղել: Ես կարծում եմ, որ գործի մեջ պետք է տեղ գտնեին նաեւ կեղծ մատնության մասին տեղեկություններ, այսինքն` այն անձանց մասին, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել: Արդյո՞ք այդ մարդիկ ճնշումների չեն ենթարկվել իրենց ղեկավարի՝ Տիգրան Նազարյանի կողմից»:

Իրականացվել է նաեւ դատամատնահետքաբանական փորձաքննություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ մատնահետքը ճանաչելի չէ. «Փորձագետներն ասել են, որ անհաջող է, որ հնարավոր չի եղել այդ մատնահետքերը նույնականացնել ըստ երեւույթին Տիգրան Նազարյանի մատնահետքերի հետ, կամ գուցե նաեւ այն անձի, որը կեղծ ցուցմունք է տվել եւ ասել, որ Տիգրան Նազարյանը կապ չունի, եւ ինքն է վերցրել հեռախոսը»:

Հեռախոսի փորձագիտական վերծանումը դեռ չի կատարվել:

Քրեական գործի շրջանակներում Նարինեի ներկայացուցիչն Արթուր Սաքունցն է: Նարինեն տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են ներկայացնել մի քանի միջնորդություններ, ինչպես նաեւ դիմել Լոռու մարզի գլխավոր դատախազին եւ գործը հսկող դատախազին:

Այժմ «Շին պլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, սակայն ըստ Նարինեի, մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը. «Մեղադրանքի բովանդակությունը եւ քրեական գործի մեջ առկա փաստերը, որոնք ես ներկայացրել եմ չեն համապատասխանում: Հիմա նաեւ իմ հագուստն է գտնվում քննչական մարմինների մոտ, եւ այդ ցեխոտված հագուստն ուղարկել են փորձագիտության: Դա բռնության հետեւանք է չէ՞, հո ես իմ կամքով գիշերվա կեսին այդ ցեխերի մեջ չպառկեցի, բնական է, որ բռնի ուժ են կիրառել իմ նկատմամբ, որ ես ընկել եմ»:

Գործը քննում է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության ՀԿԳ քննիչ Տարոն Թադեւոսյանը: Նարինեն ասում է, որ հնարավոր է բացարկ ներկայացնեն քննիչի նկատմամբ. «Գնահատում ենք նախորդ 10 օրերի քննչական գործողությունները, եւ մենք՝ տուժող կողմը բավարարված չենք: Եվ գտնում ենք` ակնհայտ է, որ քրեական գործի վրա կա՛մ կա ճնշում, կա՛մ քննիչը կաշկանդված է, կա՛մ քննիչը պրոֆեսիոնալ չէ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031