Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ

Հոկտեմբեր 13,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր վեցերորդ

ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ

Եվ հայրս արհամարհական նայեց Ֆելոյին ու ասաց՝ «լավ կանես՝ քո իմացած բաներից խոսես», եւ Ֆելոն ժպտալով հորս հարցրեց՝ «իմ իմացած բաները որո՞նք են», եւ հայրս մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Ստանիսլավսկին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ռեժիսուրան», եւ Ֆելոն  մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հորս ասաց՝ «ուրիշ վախտ ուրիշ բան ես ասում», եւ հայրս տհաճությամբ նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ուրիշ վախտ ի՞նչ եմ ասում», եւ Ֆելոն ինքնագոհ ժպտալով հորս ասաց՝ «ասում ես, որ նկարչության գծով եմ տաղանդ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ղալաթ եմ արել, որ ասել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նկարչության գծով ես տաղանդ, բայց ուշքումիտքդ ռեժիսուրան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ու Ստանիսլավսկին», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս հարցրեց՝ «նկարչության գծով մեր Ֆելոն կարա՞ Սարյանի հետ համեմատվի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նկարչության գծով Ֆելոն նույնիսկ Աճեմյանի հետ չի կարա համեմատվի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ Աճեմյանի հետ չեմ կարա համեմատվեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աճեմյանը շատ հզոր պորտրետիստ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գծանկարի իմաստով», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «հազիվ մի հատ ճիշտ բան ասեցիր», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «գծանկարի իմաստով Աճեմյանը շատ ուժեղ պորտրետիստ ա, բայց ինձ  շատ գեշ ա նկարել», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «Աճեմյանը քեզ էլ, բոլորին էլ շատ լավ ա նկարել», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ու բոլորին շատ լավ ա նկարել, բայց ինձ շատ գեշ ա նկարել» եւ  մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «իբր քիչ գեշ եմ, մի բան էլ ինքն ա ավելացրել», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «դուք ե՞ք գեշ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «կարող ա՞ սիրուն եմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին  ասաց՝ «ժողովրդի համար դուք նույնիսկ Խորեն Աբրահամյանից եք սիրուն», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «դու էլ երեւի քո ասածին չես հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ Ժան Մարեն Խորիկից սիրուն չի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սիրունությունը միայն արտաքինով չի որոշվում» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «դերասանի սիրունությունն առաջին հերթին տաղանդն ա», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «կարող ա՞ Խորիկն ինձնից պակաս տաղանդ ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժողովրդի համար դուք ավելի տաղանդավոր եք, քան՝ Խորեն Աբրահամյանը», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես՝ ժողովրդի համար ով ա ավելի տաղանդավոր», եւ Ֆրունզիկը ժպտալով հուրս ասաց՝ «ռեժիսոր մարդ ա. ինքը որ չիմանա, ո՞վ պիտի իմանա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս մարդը հազիվ իմ օգտին մի բան ա ասել, էն էլ բերնին ես գալիս, Ուստա Հակոբ», եւ հայրս զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «քո օգտին ի՞նչ ա ասել», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «իմ մասին ժողովրդի կարծիքն ա ասել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031