Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարվեստի լեգենդը կդառնար 90 տարեկան

Հոկտեմբեր 13,2017 15:00

Երբեմն հայտագրերն են «հուշում» մեր լեգենդար արվեստագետների ծննդյան կամ ստեղծագործական հոբելյանների մասին: Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացած Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան) նվիրված էր պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Վանուշ Խանամիրյանի ծննդյան 90-ամյակին:

Ծրագրում, ինչպես եւ սպասվում էր, մեծ տեղ էր հատկացված խանամիրյանական բեմադրություններին: Ի վերջո, տասնամյակներ շարունակ  հայաստանյան եւ գաղթօջախների պարային անսամբլների  ելույթներից անպակաս են նրա բեմադրած «Կինտոների պարը», «Էնզելին», «Հոտաղների պարը», «Սուսերով պարը», «Կակաչները» եւ այլն:  Ժամանակին «Առավոտի» հետ  զրույցներում լեգենդար արվեստագետը շեշտում էր, որ, իր խոսքերով՝ «քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ սեփական բանահյուսությամբ, որն այդքան հմայիչ է, այդքան ինքնատիպ, առանձնահատուկ, պարզ ու անսահման անկեղծ:

Հենց դրանից էլ բխում է մեր պարը, լեգենդներն ու ասքերը, պարերն ու հենց թեկուզ մեր երգերը հայերիս անցյալի, ներկայի, մաքառումների, երազանքների ու ձգտումների, իմաստության ու գեղեցիկ զգացմունքների ինքնատիպ աշխարհ է»: Վանուշ Խանամիրյանը նույնացվում է մեր ազգային պարի հետ:

Դեռեւս ուսումնառության տարիներին՝ 1939թ., սկսվել են նրա  բեմական առաջին քայլերը Ազգային օպերային թատրոնում: Տասնյակներով կարելի է թվարկել այն բեմադրությունների ցանկը, որոնցում հանդես է եկել կամ որոնք բեմադրել է անվանի բալետմայստերն ու պարուսույցը:

«Սուսերով պար» 

Այսօր էլ առիթի դեպքում հիշում են նրա կերտած այնպիսի կերպարները, ինչպիսիք են Նեսոն՝ «Գայանեում», Սպարտակը՝ համանուն բեմադրության մեջ, Սաքոն՝ «Լոռեցի Սաքոն», Աբդուռահմանը՝ «Ռայմոնդա», Սասունցի Դավիթը՝ «Խանդութ» եւ այլ մենապարերը: Երվանդ Քոչարի լավագույն քանդակներից Սասունցի Դավթի նախատիպը (1959թ.) դարձավ հենց ինքը՝ Վանուշ Խանամիրյանը:

«Կինտոների պար»

Ազգային օպերային թատրոնում 1941-69թթ. արվեստագետը եղել է այդ մշակութային գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը, կամ բեմադրիչը: Մի առանձին ուսումնասիրության նյութ է 1968-1992թթ.՝ շուրջ քառորդ դար, Խանամիրյանի գործունեությունը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր բալետմայստերի պաշտոնում: Հենց 1968թ. Խանամիրյանի ղեկավարությամբ կայացան պարի պետականի ամենաերկարատեւ հյուրախաղերը Լատինական Ամերիկայում. դրանք տեւեցին ավելի քան 3 ամիս: Տեղի քննադատներն էլ նշեցին, որ հայ պարողներն ու երաժիշտները բարձրարվեստ ներկայացրին երեքհազարամյա Հայաստանի բանահյուսական ժառանգության ողջ հարստությունը:  Այնուհետեւ իրար հաջորդեցին հյուրախաղերը Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Բրազիլիայում, Կանադայում, նորից Միացյալ Նահանգներ…

«Հոտաղների պար»

Տարիներ անց, երբ Հայաստանի համար ծանր օրեր էին՝ երկրաշարժ, Արցախյան պատերազմ, պարի պետականը դարձյալ իր արվեստով «առաջնագծում» էր…2000-ից մինչեւ իր կյանքի վախճանը՝ 2011թ., Խանամիրյանը անփոփոխ ղեկավարեց Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը, 2004թ. ստեղծեց վետերան պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.՝ «Բարդիներ» անսամբլը: Մի կարեւոր հանգամանք եւս. պարարվեստի նվիրյալը իր կյանքում կարեւորեց մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը Հայաստանից դուրս են, հիմնել ու ղեկավարում են անսամբլներ՝ մեծ ներդրում ունենալով հայապահպանության գործում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031