«Կումայրի» արգելոցում կառուցված որոշ խանութներ ու սրճարաններ հնարավոր է և քանդվեն

«Կումայրի» արգելոցում կառուցված որոշ խանութներ ու սրճարաններ հնարավոր է և քանդվեն

Դեռևս ապրիլ ամսին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու ամենահին ու բանուկ հատվածներից մեկի՝ Ռիժկովի անվան ճեմափողոցի պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող շենքերի ճակատային հատվածներն առանց թույլտվության ձևափոխելու համար։ Այս ճեմափողոցում կառուցվել են տարբեր սրճարաններ, խանութներ, որի արդյունքում, ըստ գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարության, ոչ միայն վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, այլ խախտվել է հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները։

Այս թեմայով երեկ հարց հղվեց մամուլի ասուլիս հրավիրած Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Նա տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, նշանակվել են համապատասխան համալիր փորձաքննություններ՝ դատաշինարարատեխնիկական, դատամշակութաբանական։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է բանը հասնի նրան, որ հարկադրեք քանդել «Կումայրի» արգելոցի տեսքն այլանդակող սրճարաններն ու խանութները, դատախազն ասաց․ «Իհարկե, եթե մենք հիմնավորեցինք, որ փոփոխության արդյունքում վնասել են պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի արտաքին տեսքը, մենք նաև կգնանք ընդհուպ քանդելուն»։

Լրագրողների այն դիտարկմանը՝ եթե համապատասխան թույլտվություն չունենային, արդյոք օբյեկտ կկառուցեի՞ն, դատախազն ասաց․ «Քրեական գործի նախաքննության փուլում նաև այդ հարցն ենք պարզելու՝ իրականում թույլտվություն եղե՞լ է, թե՞ չէ, և այդ թույլտվությունը ինչքանով է եղել իրավաչափ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք