Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-5+1 համաձայնագիրը հայտնվել է հարցականի տա՞կ

Հոկտեմբեր 13,2017 17:45

Էմմա Բեգիջանյան

Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)

ասոցացված փորձագետ, իրանագետ

 2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի միջև սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ դրական միտումներով: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ դեմոկրատների իշխանությամբ և Իրանում չափավորական կողմնորոշմամբ Հասան Ռոուհանիի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելով: Բանակցություններն  ընթանում էին գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի և Իրանի վրա ներքին ու արտաքին  ճնշումների պայմաններում: Դրանց խիստ դեմ էին ԱՄՆ-ի պահպանողականները, իսկ Իրանում՝ առավել հզոր լծակներ ունեցող սկզբունքայիններ անվամբ հայտնի ուժերը: Բացի այդ բանակցություններին դեմ էին նաև տարածաշրջանային մի շարք երկրներ: Դրանցից որոշները բարձրաձայնում էին այդ մասին, ինչպես Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, իսկ ոմանք էլ իրենց շահերին համահունչ չլինելու պատճառով դեմ էին արտահայտվում, ինչպես, օրինակ, Թուրքիան, Ադրբեջանը և այլն: Այսօր էլ Իսրայելը  համառորեն  պահանջում է այն չեղարկել կամ հիմնովին վերանայել:

Բանակցությունները լարված մթնոլորտում ու լուրջ ելևէջներով շարունակվեցին, և 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), ինչը լայն արձագանք ունեցավ միջազգային մակարդակով, ավելին՝ հաճախ գնահատվեց որպես պատմական: Սակայն այսօր մեծ ջանքերի գնով ստորագրված Համաձայնագիրը հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել» հարցի առջև: Այն կյանքի է կոչվել 2016թ. հունվարի 16-ին: ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն առ այսօր Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հրապարակել է 8 զեկուցագիր, որոնցում նշվում է, թե իրանական կողմը լիովին կատարել է JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

JCPOA-ի ստորագրումից հետո Իրանի խորհրդարանը հաստատեց մի օրենք, ըստ որի՝ ԱԳ նախարարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է զեկուցագիր ներկայացնի Անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովին, իսկ վերջինս էլ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պետք է խորհրդարանին ներկայացնի այս կապակցությամբ իր զեկույցը:

Օգոստոսի 29-ին խորհրդարանի նշյալ հանձնաժողովը ներկայացրել է իր երկրորդ 6-ամսյա զեկույցը, որտեղ Ռոուհանիի կառավարությունը մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից JCPOA-ի խախտումներին ոչ համարժեք և համեմատաբար մեղմ քայլերի համար: Բացի այդ զեկույցում դժգոհություն է արտահայտվել նաև սահմանափակումների ոչ լիարժեք վերացման առնչությամբ: ԱՄՆ Կոնգրեսը ևս ընդունել է որոշում, որի համաձայն՝ Պետքարտուղարությունը պետք է յուրաքանչյուր 90 օրը մեկ զեկուցագիր ներկայացնի, թե Իրանն ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:

Եվ, ահա, հոկտեմբերի 15-ին Թրամփի կառավարությունը պետք է Կոնգրեսին ներկայացնի հերթական զեկույցը, որտեղ բացառված չէ, որ գնահատականը բացասական կլինի, և ինչպես իր քարոզարշավի ընթացքում էր խոստացել, JCPOA-ից դուրս գալու առաջարկ կներկայացվի: Նման ենթադրությունների  համար ոչ միայն հիմք են ծառայել Թրամփի՝ այդ մասին բազմիցս արված հայտարարությունները, այլև ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթը: Թրամփը, իր խոսքում աննախադեպ խիստ քննադատելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, այն անվանեց «հանցագործ վարչակարգ»,  «օրինազանց» և այլն՝ նշելով, թե չպետք է թույլ տալ, որ նա շարունակի իր ապակայունացնող գործողությունները: Իսկ JCPOA-ը նա համարեց ԱՄՆ դիվանագիտության պատմության մեջ վատթարագույն Համաձայնագիր, որն ԱՄՆ-ի համար «ամոթալի» է և «ստորացուցիչ»[1]: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, JCPOA-ի կյանքի կոչումը բարձր գնահատելով, այն «պատմական հաղթանակ» և «ԱՄՆ դիվանագիտության հզորության» ապացույց համարեց[2]: Վերլուծաբաններից ոմանց, այդ թվում՝ անվտանգության հարցերով փորձագետ Արաշ Արամեշի կարծիքով՝ Թրամփի ելույթից ակնհայտ է, որ նա JCPOA-ի դեմ է հանդես գալու[3]: Նա Թրամփի  նման հնչեղ ելույթը պայմանավորում է նաև նրա միջինարևելյան քաղաքականությամբ, որով նպատակամղված է Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի առանցքով սուննի արաբական աշխարհի միջոցով «զսպել» Իրանին[4]:

Սեպտեմբերի 20-ին նույն ամբիոնից ելույթ ունեցավ Իրանի նախագահ Ռոուհանին: Միջազգային ճգնաժամեր (International Crisis Group. ICG [5])  խմբի Իրանի հարցերով ավագ փորձագետ Ալի Վաադի կարծիքով՝ նա իր ելույթի հետ կապված լուրջ մարտահրավերների առջև էր կանգնել, քանզի նա պետք է լիներ չափավորական, որպեսզի արևմտյան ներդրողներին չմտահոգեր, մյուս կողմից էլ պետք է Թրամփին պատասխանելու հարցում բավական կտրուկ լիներ, որպեսզի իր ընդդիմադիրներն ու քննադատողները նրան չմեղադրեին Թրամփի հարձակողական դիրքի հանդեպ զիջողական ու թույլ դիրքերից հանդես գալու համար: Ուստի հաշվի առնելով նշյալ հանգամանքները՝ պետք է նշել, որ Ռոուհանիի ելույթը ՄԱԿ-ում հաջողված էր[6]: Ռոուհանին շեշտել է, թե Իրանը երբեք առաջինը չի խախտելու JCPOA-ը, սակայն խախտողներին պատասխանելու է համարժեք ու վճռական: Նա նախազգուշացրել է նաև, որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Արևմտյան Ասիան, եթե քաղաքական, տնտեսական բարդ իրավիճակում և հումանիտար ճգնաժամի պայմաններում առկա լիներ նաև միջուկային «շինծու» հարցը[7]:

Եթե ԱՄՆ-ն ուսումնասիրում է JCPOA-ում մնալու կամ դուրս գալու հարցը, ապա Եվրամիությունն այն կարևորելով համարում է իր կողմից արտաքին քաղաքականության ուղղություն Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 27-ին Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և շեշտել, որ այն միջազգային համաձայնագիր է:

Բացի այդ օգոստոսի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բարձր գնահատելով JCPOA-ը, նշել է, թե այն համատեղ լուրջ ջանքերի արդյունք է, որն այլընտրանք չունի[8]: Իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանները դեռևս սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում «Ատլանտիայի խորհրդի» նիստում միահամուռ շեշտել են՝ քանի դեռ Իրանը չի խախտել պայմանագիրը, մյուս պետությունները ևս պետք է հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին[9]: Հետագայում նշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ևս, պաշտպանելով  JCPOA-ը, մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի՝ դրա կազմից  դուրս գալու առնչությամբ: «Ռոյթերս» գործակալությունը հոկտեմբերի 5-ին հայտնել է, թե վերոհիշյալ դեսպանները ջանքեր են գործադրել նաև Կոնգրեսին համոզելու JCPOA-ին հովանավորելու հարցում: Նշենք, որ եթե ԱՄՆ կառավարությունը բացասական եզրակացություն ներկայացնի այդ մասին, ապա Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի՝ Իրանի դեմ սահմանափակումների առկախումը պահպանել կամ վերականգնել:

Միջազգային կազմակերպություններն ու հանրությունը նույնպես ջանքեր են գործադրում  JCPOA-ի պահպանվելու ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա չգոյության լուրջ հետևանքները, այդ թվում՝ միջազգային մակարդակով ստորագրված համաձայնագրերի և խնդիրների բանակցային լուծման լիովին արժեզրկումն ու անվստահության մթնոլորտի ստեղծումը: Բացի այդ առանց այն էլ բազում հիմնահարցերով «հարուստ» միջինարևելյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության հարցականի տակ հայտնվելը և միջուկային սպառազինության մրցավազքի սկսվելը JCPOA-ի չգոյության ամենաակնհայտ հետևանքներն են տարածաշրջանի համար:

Այսուհանդերձ, փորձագետներից ոմանք համոզմունք են հայտնում, որ ԱՄՆ-ը դուրս չի գալու Համաձայնագրից, այդ թվում ICG-ի ավագ փորձագետ Վաադի կարծիքով՝ Վաշինգտոնն այլ ելք, քան JCPOA-ի պահպանումը, չունի, քանզի Իրանից ավելի շատ արտոնություններ ստանալու ջանքերն առանց Թեհրանին նոր արտոնություններ տալու  լիովին ապարդյուն են: Նա նշել է նաև, որ Թրամփի ջանքերն ավելի լավ Համաձայնագիր կնքելու հարցում սին հույսեր են[10]: Մյուս կողմից հոկտեմբերին 11-ին «Ռոյթերս» գործակալությունը, հենվելով եվրոպացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների վրա, հայտնել է, թե եվրոպական երկրներն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում Համաձայնագիրը պահպանելու հարցում: Բացի այդ մտադիր են նաև շատ լուրջ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն JCPOA-ի[11]:

Հարկ է նշել նաև, որ JCPOA-ն ԱՄՆ-ում լուրջ կողմնակիցներ ունի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորթը, Բանակի ռազմավարական կառավարման կենտրոնի հրամանատար գեներալ Ջոն Հիթմանը և այլք: Դրանից զատ դեմոկրատական կուսակցության 180 կոնգրեսականներ  նամակով դիմել են Թրամփին, շեշտել JCPOA-ի պահպանման անհրաժեշտությունը[12]: Ինչ վերաբերում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ապա կարելի է նշել, որ նա ևս Համաձայնագրի կողմնակից է, թեև այդ մասին հստակ չի արտահարտվել: Նա նշել է, թե այս առնչությամբ Պետքարտուղարությունը բազմաթիվ տարբերակներ է առաջարկել նախագահ Թրամփին: Սակայն, ըստ ամենայնի, նա ավելի շուտ համաձայն է Նիքի Հիլի տեսակետին, ով IAEA-ի գլխավոր տնօրեն Ամանոից պահանջել էր, որ ստուգումների մեջ ներառվեն նաև Իրանի ռազմական օբյեկտները, ինչին Իրանը կտրականապես դեմ է:

Նման իրավիճակում հոկտեմբերի 10-ին Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, թե մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահ Թրամփը կհայտարարի Իրանի նկատմամբ ԱՄՆ ընդհանուր ռազմավարության մասին՝ նշելով նաև, որ կհայտնի իր որոշումը JCPOA-ի վերաբերյալ: Ըստ  գործակալության՝ ենթադրվում է, որ Իրանի Հեղափոխության պահապան գվարդիան ընդգրկվելու է ահաբեկչական խմբերի սահմանափակումների ցուցակում[13]: Այս առնչությամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են, թե նման քայլին պատասխանելու են համարժեք: Հոկտեմբերի 12-ին Սալեհին Լոնդոնում դա համարել  է պատերազմ հայտարարելուն համարժեք:

Շուտով նախագահ Թրամփը ելույթ կունենա Կոնգրեսում և կներկայացնի «ԱՄՆ նոր ռազմավարությունն ընդդեմ Իրանի վատ արարքների վերաբերյալ» քաղաքականությունը: NBC-ի հեռուստատեսությունը, հենվելով Կոնգրեսում ու կառավարությունում իր աղբյուրների վրա, շեշտել է, թե Թրամփը հայտնելու է, որ Իրանի գուրծունեությունը հակասում է  JCPOA-ի ոգուն[14]:

Թրամփի այդօրինակ որոշման վերաբերյալ ենթադրությունների  հավանականությունն էլ ավելի է մեծացել հոկտեմբերի 11-ին Fax news-ին նրա տված հարցազրույցից  հետո:  Նա շեշտել է, որ այն ամենաթերի Համաձայնագիրն է, համոզվել է, որ այն ԱՄՆ-ին ոչինչ չի տվել, և դեռ շատ վաղուց պետք էր զբաղվել դրանով[15]: Թեև Համաձայնագիրը ստորագրած մյուս 5 (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա և Չինաստան) երկրները ջանք չեն խնայելու Համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ, սակայն, ինչպես նշվել է, Համաձայնագրի գլխավոր դերակատարներն Իրանն ու ԱՄՆ-ն են: Հետևաբար, եթե վերջինս դուրս գա, ապա պահպանելը թերևս շատ դժվար կլինի:  Թեև միջազգային ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակներն այլևս որևէ կասկած չունեն, թե նախագահ Թրամփն Իրանի գործունեությունն այս ոլորտում չի հաստատելու, բայց և այնպես չպետք է նաև բացառել դա՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հակառակ դեպքում, մանավանդ, եթե Հեղափոխության պահապան գվարդիան ընդգրկվի ԱՄՆ ահաբեկչական խմբերի ցուցակում, ապա շատ բարդ իրավիճակ է ստեղծվելու Միջին Արևելքում:

Իրանի դեմ կառավարության ճնշումների ներքո երկու ամսվա ընթացքում Կոնգրեսը ոչ միայն վերականգնելու է նախկին սահմանափակումներն այդ երկրի դեմ, այլև նոր սահմանափակումներ են լինելու: Բնականաբար եվրոպական և հեռավոր Ասիայի երկրների ընկերություններն աստիճանաբար հրաժարվելու են Իրանի հետ կնքած միլիարդավոր դոլար արժողությամբ համաձայնագրերից:

Տնտեսապես շատ երկրներ ու խոշոր ընկերություններ են տուժելու, որոնք սահմանափակումների վերացումից հետո Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը զգալիորեն մեծացրել էին, այդ թվում՝ մեր հարևաններ Ադրբեջանը, Թուրքիան, անգամ՝ Վրաստանը: Սակայն այս տեսանկյունից, կարելի է ասել, թե Հայաստանին որևէ լուրջ վտանգ չի սպառնում, եթե հաշվի առնենք, որ 2016թ., երբ սահմանափակումները վերացան, Հայաստան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը ոչ միայն չընդլայնվեց, այլև պաշտոնական տվյալների համաձայն՝ 13-15 տոկոսով կրճատվել է:

Բացի այդ հաշվի առնելով Հայաստանի փոքր շուկան և շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը՝ գերտերությունները չեն կարևորել Իրան-Հայաստան տնտեսական կապերը: Մինչդեռ բացառված չէ, որ Թրամփի միջինարևելյան քաղաքականության իրականացումը կանկայունացնի Իրանին, ինչը, բնականաբար, սպառնալիք է նաև մեր երկրի համար:

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] https://www.radiofarda.com/a/trum-iran-regime/28744714.html

[2] ՄԱԿ-ում Փրամփի ելույթը վերաբերյալ Արաշ Արամեշի տեսակետները, https://www.radiofarda.com/a/f7-obama-statement-over-iran-deal-and-prisoners-swap/27493053.html

[3] https://www.radiofarda.com/a/28744963.html

[4] Նույն տեղում:

[5] Փորձագիտական անկախ, վերպետական կենտրոն է, որը գտնվում է Բրյուսելում:

[6] Ավելի լավ համաձայնության հասնելու նպատակով JCPOA-ի չեղարկումն ունայն հույս է,  https://www.dw.com/fa-ir /a-40619936

[7] ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում JCPOA-ի խախտմանը կտրական պատասխան կտանք, https://www.dw.com/fa-ir/a-40611237

[8] Մակրոն. JCPOA-ի համար որևէ այլընտրանք չկա, https://www.bbc.com/persian/world-41081570

[9] ԱՄՆ-ում եվրոպական երկրների դեսպանների կողմից JCPOA-ին խիստ հովանավորումը,

https://www.dw.com/fa-ir/a-40682049

[10] Ավելի լավ համաձայնության հասնելու նպատակով JCPOA-ի չեղարկումն ունայն հույս է, https://www.dw.com/fa-ir /a-40619936

[11] https://www.radiofarda.com/a/trump-iran/28787823.html

[12] Ավելի լավ համաձայնության հասնելու նպատակով JCPOA-ի չեղարկումն ունայն հույս է, https://www.dw.com/fa-ir /a-40619936

[13] https://www.radiofarda.com/a/white-house-iran-policy/28785220.html

[14] https://www.radiofarda.com/a/trump-iran/28787823.html

[15] Նույն տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031