Այդ Խաչիկյանը ես եմ

Այդ Խաչիկյանը ես եմ

Վազգեն  Խաչիկյանն ազատության մեջ է: Ամբողջ հինգ տարի անազատության մեջ գտնվելուց հետո: Անկախ Հայաստանի քառորդդարյա պատմության մեջ սա եզակի երևութ էր: Եզակի երևույթ էր, որ իշխանական կուսակցության բավական ակտիվ ներկայացուցիչն ու բավական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյան անազատության մեջ հայտնվի: Այն էլ՝ ամբողջ հինգ տարով: Սա շատերը Վազգեն Խաչիկյանի համար քիչ են համարում, հաշվի առնելով, որ Խաչիկյանի համար դատարանը տասներկու տարվա ազատազրկում էր նախատեսել:

Շատերն էլ գտնում են, որ , ի տարբերություն շատ ու շատ պաշտոնյանների, որոնք չարաշահելով իրենց պաշտոնները՝ մեծ գումարներ են յուրացրել, Վազգեն Խաչիկյանը միանգամայն լուրջ պատիժ է կրել իր կատարած յուրացումների համար, և միանգամայն արդարացի էր հանրապետության նախագահի կողմից նրան ներում շնորհելը: Բայց չմոռանանք, որ Խաչիկյանն ինքն էր նախագահին խնդրել, որ իրեն ներում շնորհի:

Այսինքն, իր այս խնդրանքով, Խաչիկյանը, փաստորեն, ընդունել էր իր մեղքը: Սա, իհարկե, իր մեջ որոշակի բարդություն պարունակող իրադարձություն է: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Հանրապետության նախագահը, Խաչիկյանին ներում շնորհելով, վերջինիս շատ մեծ լավություն է արել՝ փաստորեն նպաստելով, որ Խաչիկյանը կրի իրեն հասանելիք պատժի կեսից քիչը:

Որոշներն էլ, ընդհակառակը, գտնում են, որ Խաչիկյանից շատ ավելի մեծ յուրացումներ կատարած բազմաթիվ պաշտոնյաներ բացարձակապես անպատիժ են մնացել, մինչդեռ Խաչիկյանը, որն ուրիշների պես կարող էր էն գլխից ներվել ու անպատիժ մնալ, ամբողջ հինգ տարի անազատության դառը հաբը ճաշակեց:

Ասում են, որ Խաչիկյանի յուրացումներն ընդհանուր առմամբ կազմում են շուրջ վեց հարյուր հազար դոլար: Պատկառելի թիվ է, իհարկե: Վերլուծողներից նրանք, ովքեր Խաչիկյանի համար այս հինգ տարվա ազատազրկումը քիչ են համարում, ասում են նաև, որ Վազգեն Խաչիկյանը որպես տույժ գումար չի մուծել պետբյուջե:

Խաչիկյանի համար ազատազրկության այս հինգ տարիները քիչ համարողներին հուշելու կարգով ասենք, որ եթե մեր խոշոր չարաշահումներ կատարած բոլոր բարձրաստիճանները գոնե Խաչիկյանի կեսի չափ ազազրկվեին, դա կլիներ կոռուպցիայի դեմ պայքարի մեր լավագույն տարբերակը: Եվ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ ստեղծելու կարիք էլ բացարձակապես չէր զգացվի: Բնականաբար:

Խաչիկյանին մեղավոր ու հանցագործ համարելով հանդերձ, պիտի ընդունենք, որ մեր գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են կոռուպցիայով զբաղվում: Թերևս, բացառությամբ շատ քչերի: Սա, իհարկե, մեր ենթադրությունն է, և ընդամենը ենթադրություն ենք ասում, որովհետև լիարժեք ապացույցներ չունենք: Իսկ ապացույցներ չունենք, որովհետև մասնագիտությամբ ոչ դատավոր ենք և ոչ էլ քննիչ: Եվ հակառակը պնդելու հավակնություն էլ չունենք, որովհետև դատապաշտպան էլ չենք:

Այսուհանդերձ, եթե այս ամենի մասին իմ անձնական կարծիքն ասեմ, առանձնապես որևէ էական բան ավելացրած չեմ լինի: Ասացի, որ Խաչիկյանին ոչ միայն քննադատողներ ու պարսավողներ կան, այլև՝ կարեկցողներ ու գթացողներ: Այսինքն, մարդիկ, ովքեր գտնում են, որ Վազգեն Խաչիկյանն ամբողջ հինգ տարի ազատությունից զրկվելով՝ միանգամայն լիարժեք հատուցել է իր գործած մեղքերի համար:

Խաչիկյանին գթացողներն ու նրա վիճակի մեջ մտնողները հիմնականում նրա հարազատներն ու ընկերներն են, ինչպես նաև կուսակից պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, ովքեր Խաչիկյանի հանդեպ գթասրտություն հանդես բերելով՝ այնպիսի անմեղ տեսք են ընդունում՝ ասես անձամբ իրենք երբևէ կոռուպցիայով չեն զբաղվել ու չեն զբաղվում:

Այդպիսի «պաշտպաններին» հարկ ենք համարում հուշել, որ եթե իրենք, ի տարբերություն Վազգեն Խաչիկյանի, պլստացել են, դա դեռևս որևէ էական բան չի նշանակում: Դա ընդամենը նշանակում է, որ իրենք իսկապես պլստացել են, ընդ որում՝ շատ լավ ու շատ հաջող են պլստացել:

Նրանց բոլորին հետևյալ խորհուրդը պիտի տամ. մոռացեք Խաչիկյանին, հիշեք ինքներդ ձեզ և անընդհատ կրկնենք. «Այդ Խաչիկյանը ես եմ»:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք