Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյան. «Պետության հերթն է` ամրագրել յուրաքանչյուր կնոջ և երեխայի բարեկեցությունը համապատասխան օրինական միջոցներով»

Հոկտեմբեր 16,2017 12:28

Միայն մոլորեցնող մեկնաբանություններն են սոցիալ-քաղաքական արդի խնդիրները վիճարկում Արևմտյան դավադրության տեսությամբ՝ փորձելով խոսակցությունը շեղել խնդրի բուն էությունից:

Փաստն այն է, որ Հայաստանում մեծ թվով կանայք և երեխաներ իրենց ընտանիքներում ստիպված են ապրել սեռական և ընտանեկան բռնության պայմաններում:
Այս երևույթը ոչ միայն մեր երկրին է հատուկ: Սակայն դրա ազդեցությունը հայ հասարակության մեջ շատ շոշափելի է. «Նման բռնության լայն տարածումն անչափելի դրոշմ է թողնում ինչպես զոհերի անձի, այնպես էլ հանրության վրա ընդհանրապես՝ առաջացնելով վարքագծային, առողջական, հոգեբանական և տնտեսական անթիվ հետևանքներ»:

Հանրությունը և համապատասխան օրենքները տևական ժամանակ անտեսել են, թե որքան անթույլատրելի են Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրինագծի փոփոխությունների ու պաշտպանության կարիքը զգացող կանանց և երեխաների թիվը, պատմությունն ու կացությունը:

Անհնար է չնկատել այս երևույթի ուղղակի կապը երկրում տիրող ընդհանուր բռնության մշակույթի հետ, որն իր դրսևորումն է գտնում կյանքի և մարդկային փոխհարաբերությունների հիմնարար շերտերում – կառավարության և ժողովրդի, ոստիկանության և ակտիվիստների, ամուսինների և կանանց միջև:
Ընտանիքում ծնողների կողմից դրսևորած կամ հանդուրժած ագրեսիային ականատես եղած երեխաները սովորաբար հետագայում կրկնօրինակում են նույն վարքը հասուն կյանքում:

Բայց հայկական մշակույթը երբեք չի ունեցել կանանց ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումներ ենթադրող արժեքային և սոցիալական համակարգ: Դարեր շարունակ մեզ մոտ եղել են կանայք, ովքեր զբաղեցրել են բարձր պաշտոններ ու ներկայացրել հայ ազգն ու մշակույթը, մենք ունեցել ենք բազմաթիվ անվանի կին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ և մտավորականներ: Հենց այս ամառ Հայաստանը մասնակցեց Global Technovation Challenge միջազգային տեխնոլոգիական մրցույթին, որի նպատակն է՝ աղջիկներին տրամադրել անհրաժեշտ հմտություններն ու հնարավորություն տալ դառնալ տեխնոլոգիական ոլորտի գործարար և առաջնորդ: Մրցույթին մասնակցում են 10-18 տարեկան աղջիկներ ողջ աշխարհից: Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Սիլիկոնե հովտում գտնվող Գուգլի գրասենյակում:

Հայաստանի Կարբի գյուղի հինգ աղջիկ հասել են եզրափակիչ և արժանացել «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Եվ երբ Սան-Ֆրանցիսկոյի Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայից (AIWA-SF) 16-ամյա Վարդանուշ Նազարեթյանին հարցրել են, թե ինչ է իր համար նշանակում լինել հայ կին, նա պատասխանել է. «Նշանակում է լինել հպարտ և ինքնավստահ»:

Եկեք սա դարձնենք հայրենիքում յուրաքանչյուր աղջկա և կնոջ իրականությունն ու ապագան:

«Կոտրելու համար խտրականության և բռնության շրջանը, ինչպես նաև մարդու իրավունքներից ամբողջությամբ և արդյունավետ օգտվելու հնարավորությունը տարածելու և պաշտպանելու նպատակով կարևոր է խրախուսել աղջիկներին ու ներդրում կատարել նրանց համար»,-ՄԱԿի 66/170 բանաձև:

Հայաստանում յուրաքանչյուր երեխա և կին արժանապատիվ վերաբերմունքի, հարգանքի և հանրության հավասար և արժեքավոր մաս լինելու իրավունք ունի:

Յուրաքանչյուր երիտասարդ տղա պետք է ունենա հոր, պապի, հորեղբոր, ուսուցչի, պաշտոնյայի կամ պետության ղեկավարի այնպիսի օրինակ, ով նրան կուսուցանի, որ ընտանեկան բռնությունը տղամարդկային առավելության նշան չէ, այլ հանցագործություն սեփական մոր, տատի, քրոջ, մորաքրոջ, ապագա կնոջ և ծանոթ կանանց նկատմամբ:

Ոչ Հայաստանը, ոչ Սփյուռքը չեն կարող լռել մարդու այս հիմնարար միջազգային իրավունքի ոտնահարման մասին:

Ես իմ խորը աջակցությունն ու շնորհավորանքն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք առնվազն վերջին տասնամյակի ընթացքում խիզախորեն բարձրաձայնել են այս ցավալի խնդրի մասին: Այժմ պետության հերթն է` ամրագրել յուրաքանչյուր կնոջ և երեխայի բարեկեցությունը համապատասխան օրինական միջոցներով՝ հանուն մի հանրության, որը պատրաստ է բարոյապես ամուր և հարգանքի արժանի կամք դրսևորել:

Արսինե ԽԱՆՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031